Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյանը՝ նոր օրենքի մասին․ «Փաստաթղթի մեջ 2-3 հիմնական խնդիրներ կան, որոնք հակասում են Սահմանադրությանը»․ «Ժամանակ»

Ապրիլ 10,2021 11:48

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Հայաստանի ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։

– Պարոն Մարտիրոսյան, դուք մտահոգություններ ունեիք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի հետ կապված: Հիմա այս վերջնական տարբերակով փարատվե՞լ են ձեր մտահոգությունները, թե՞ դեռ մնում են:

– Որոշ փոփոխություններ եղել են քննարկումների ընթացքում: Վերջին հաշվով, այդ նախագիծը երկու տարի քննարկվել է: Որոշ բաներ փոխվել են: Առաջին տարբերակի, որը կոչվում էր աշխատանքային տարբերակ, և այսօրվա եղած տարբերակի միջև էական տարբերություններ կան: Բայց բոլոր դեպքերում, էլի մտահոգիչ հարցեր կան, որ մնացել են: Ամենից կարևորն այն է, որ գիտահետազոտական ինստիտուտները ակադեմիայի համակարգից դուրս են:

– Դուք կարծում եք, որ ճիշտ կլինի, եթե ՀՀ նախագահը չստորագրի օրենքը և ուղարկի Սահմանադրական դատարա՞ն:

– Ես չգիտեմ, թե իրավական հաջորդականությունն ինչպես է, և նախագահի չստորագրելն ինչ է տալու: Եթե այդ պրոցեսները հանգեցնեն նրան, որ օրենքում կատարվեն փոփոխություններ, որոնք մենք կցանկանայինք, այդպես լավ կլիներ: Եթե չի փոխվելու, նորից նույնն է մնալու, անիմաստ է որևէ գործընթացի դիմել:

– Ամեն դեպքում, շատ մասնագետներ, գիտնականներ հորդորում են նախագահին չստորագրել օրենքը:

– Այո՛, որովհետև փաստաթղթի մեջ, որ մենք ընդունել ենք, 2-3 հիմնական խնդիրներ կան, որոնք հակասում են Սահմանադրությանը: Եթե հակասում են, ապա պետք է դրանք ճշտվեն:

– Ամեն դեպքում, օրենքի փոփոխության անհրաժեշտություն կա՞ր:

– Իհարկե կար, բայց մենք ցանկանում էինք այդպիսի արմատական փոփոխություններ չանել, որը նախատեսված է օրենքով:

– Վերջին շրջանում իշխանության գործողությունները, գիտության զարգացմանն ուղղված քայլերը բավարա՞ր են, թե՞ ոչ:

– Դեռևս լսել ենք խոստումներ: Հիմնական հարցը գիտության զարգացման համար ֆինանսավորումն է, որովհետև պետությունը շատ չնչին գումարներ է կարողանում տրամադրել գիտության զարգացմանը: Շատ վատ վիճակում են մեր աշխատողների սոցիալական հարցերը: Մեր աշխատողների 2/3-ը ստանում են մինիմալ աշխատավարձ: Դժվար է գտնել մի ուրիշ երկիր, որտեղ իրադրությունն այդպիսին է: Մեր գիտաշխատողների միջին աշխատավարձը հանրապետության միջինի կեսն է համարյա: Իսկ նույն Ռուսաստանում գիտաշխատողի միջին աշխատավարձը երկրի միջինի կրկնապատիկն է, Չինաստանում՝ 10-ապատիկն է: Հետևաբար, նրանք կաշխատեն լարված, նվիրված, դրա համար էլ Չինաստանն ամբողջ աշխարհում այսօր ունի տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930