Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյան․ «Բոլոր ուղղություններով ապաշրջափակման վերաբերյալ քննարկում, այո, կա»․ «Հրապարակ»

Ապրիլ 10,2021 11:39

Ռուստամ Մուրադովը, երեկ մեր լրագրողի հարցին, թե ինչ կարող է ասել գերիների վերադարձի մասով, ասել էր, թե դա պրովոկացիա է, մեր իշխանությունները մոլորության մեջ են գցում հանրությանը:

Այս ամենից զատ, լուրեր կային, որ Մուրադովի հետ օդանավում հայ գերիների փոխարեն ադրբեջանցի պաշտոնյաներ են եղել, որոնք եկել են Մեղրիում Ադրբեջանին տրվող ենթադրյալ ճանապարհի չափագրումներն անելու, տեղանքն ուսումնասիրելու նպատակով: Երեկ ամբողջ օրը իշխանությունները լռում էին: Այդ կեղծ լուրը տարածած անձանցից միակ մեկնաբանությունը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսնակի կողմից եղավ, թե գերիների վերադարձը հետաձգվում է հակառակորդի՝ պայմանագրի կետերը չկատարելու պատճառով, եւ որ ավելացնելու ուրիշ բան չունեն:

Մեզ երեկ հաջողվեց այս թեմայով մի քանի հարց ուղղել Նիկոլ Փաշինյանի կառավարության մյուս փոխվարչապետին՝ Մհեր Գրիգորյանին, ով նաեւ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի ղեկավարն է:

– Ապաշրջափակման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հանդիպումների մասով ի՞նչ նորություն կա:

– Վերջին տեղեկությունները հետեւյալն են. էս պահին աշխատում են ենթախմբերի փորձագետները: Երկու ենթախմբի փորձագետներն էլ աշխատում են թե՛ տեխնիկական իմաստով ենթակառուցվածքների հետ կապված հնարավորությունները եւ տեխնիկական վիճակն ու տեխնիկական հնարավորությունները ճշտելու իմաստով եւ թե՛ իրավական կարգավորումներն ԱՊՀ երկրների նորմատիվ բազայի եւ միջազգային պայմանագրերի ու կոնվենցիաների շրջանակներում կարգավորման հնարավորությունները:

– Իսկ Տավուշի հատվածով ապաշրջափակման վերաբերյալ քննարկում կա՞:

– Ես, ինչպես եւ ասել եմ, բոլոր ուղղություններով՝ այո, կա:

– Այսինքն՝ ադրբեջանցիները դեմ չե՞ն Տավուշով ճանապարհների ապաշրջափակմանը:

– Էս պահին դեռեւս կողմ եւ դեմ լինելու՝ մեր կամ ադրբեջանցիների մասին չեմ կարող խոսել, էս պահին քննարկում ենք հնարավոր ուղղությունները:

– Բայց մեր կողմից բարձրացվե՞լ է այդ հարցը, որ միայն Սյունիքով չլինի:

– Իհարկե, բարձրացվել է, ո՞նց կարող է չբարձրացվի:

– Իսկ կա՞ մեր կողմից անընդունելի պայման, որն իրենք են առաջադրում, օրինակ՝ Սյունիքով որեւէ ճանապարհի ապաշրջափակում:

– Էս պահին դեռեւս ես նման հարցի պատասխան չեմ կարող տալ, որովհետեւ աշխատանքի տրամաբանությունը հետեւյալն է․ նախ բոլոր տեխնիկապես ու ֆիզիկապես հնարավոր ուղիների փորձաքննությունը պետք է արվի, որպեսզի վստահ լինենք, որ ֆիզիկապես դա հնարավոր է, եւ, իհարկե, իրավական գնահատականները պետք է տալ՝ հնարավո՞ր է այդ ուղին կարգավորել լիարժեք, թե՞ ոչ՝ շարժը անվտանգության եւ մնացած բոլոր հարցերը, որից հետո արդեն կսկսվեն ուղիների ընտրության եւ հերթականության հարցերի քննարկումները:

– Ե՞րբ է եղել վերջին հանդիպումը, եւ ե՞րբ է նախատեսվում հաջորդը:

– Վերջին հանդիպումը եղել է երկկողմ ձեւաչափով՝ Հայաստան-Ռուսաստան, իմ կոլեգան՝ Ռուսաստանի փոխվարչապետը, վերջին անգամ ապրիլի 6-ին էր այստեղ, եթե չեմ սխալվում: Իսկ հաջորդ հանդիպումը՝ արդեն եռակողմ, աշխատանքային կարգով կպայմանավորվենք, դեռեւս պայմանավորված ամսաթիվ չկա:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930