Ամիսներ առաջ արված վատատեսական սցենարը, ցավոք, իրականանում է: Խոսելով դրամի արժեզրկման ներկայիս միտումներից՝ «Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց «Աուդիտորների միության» նախագահ Նաիրի Սարգսյանը:
Նրա խոսքով, դոլարի փոխարժեքն առաջիկայում կբարձրանա, որից հետո կայունացում կլինի: Ըստ մասնագետի, արտարժույթի բարձրացումն, ամեն դեպքում, ավելի շատ մանիպուլյատիվ բնույթ ունի: Արժեզրկման պատճառների մասին խոսելով՝ նա շեշտեց, որ ազդեցություն են ունեցել թե՛ հիմնական, թե՛ պահային գործոնները. «Մեզ մոտ արտահանումը կրճատվում է: Տրանսֆերտները ևս կրճատվում են, որոնք, ըստ էության, փոխարինում էին արտահանմանը: Ներգնա տուրիզմն էլ, կարելի է ասել, բացակայում է, ներդրումներ ևս չկան: Այսինքն, արտարժույթի ներհոսք չկա, և արտարժույթի լուրջ պահանջարկ է առաջանում: Ինչպես բոլոր ապրանքների, այնպես էլ դոլարի պահանջարկի ավելացման դեպքում գինը պետք է բարձրանար: Հաջորդ ազդեցությունը մարդկանց վատատեսական սպասումներն են:
Բացի այդ, վատատեսական սցենարների դեպքում, երբ մեկը որոշում է խնայողությունները պահել ոչ թե դրամով, այլ արտարժույթով, հաճախ նույնն անում են ծանոթները, ընկերներն ու բարեկամները: Մեծ հաշվով, երբ կորում է վստահությունը ազգային արժույթի նկատմամբ, և հարցեր են առաջանում մեր պետության հետագա գոյության ու դեֆոլտից խուսափելու հնարավորության բացակայության մասով, արժեզրկումն անխուսափելի է դառնում: Մեկ այլ գործոն էլ կա, որին ամենաշատն եմ հակված. այս արժեզրկումը պետության կողմից իրականացվող մանիպուլյացիա է՝ որոշակի ցանկալի արդյունք ստանալու համար»:
Դիտարկելով կառավարության նիստերի ելույթները՝ նա շեշտեց. «Սկսած կառավարության ղեկավարից, վերջացրած իր տնտեսական բլոկի պատասխանատուներով, տնտեսական աճ, պետական բյուջեի մուտքերի ավելացում են ակնկալում: Երբ նման հայտարարությունները շարունակական բնույթ են կրում, իսկ մասնագիտական հանրությունն ասում է՝ ստում եք, իրենք փորձում են որոշակի չափով հիմնավորել, որ չեն ստում: Հաշվի առնելով նաև այն, որ առաջիկայում ընտրություններ են, փորձում են հակադարձելու որոշակի հիմքեր ստեղծել իրենց համար: Տեսեք, քանի որ ավելի շատ ներմուծող երկիր է Հայաստանը, անկայուն փոխարժեքի ու վատատեսական սպասումների հետևանքով տնտեսվարողները գների ճշգրտում են իրականացնում: Օրինակ՝ մտածում են՝ ինչ գնով վաճառեն 100 դոլարով ձեռք բերած ապրանքը, որպեսզի և՛ շահույթ ունենան, և՛ երկու ամիս հետո հաջորդ խմբաքանակն արդեն, պայմանական ասենք, 120-ով պատվիրելու հնարավորություն ունենան:
Կարդացեք նաև
Մեծ հաշվով, փոխարժեքի բարձրացման պայմաններում տեղի է ունենում գնաճ, ավելանում է ՀՆԱ-ն, իսկ կառավարությունը ցույց է տալիս, որ տնտեսությունը սկսել է վերականգնվել: Սա առաջին սուտն է, որը նշված մանիպուլ յացիայի միջոցով փորձում են հիմնավորել ու թոզ փչել ժողովրդի աչքին: Այսինքն, փոխարժեքի տատանման հետևանքով առաջացնում են կեղծ ՀՆԱ, կեղծ տնտեսական ակտիվություն, բացի այդ, ավելի շատ հարկ են գեներացնում պետեական բյուջե»:
Ինչ վերաբերում է մինչ այս հնչած այն մտահոգություններին, թե դրամը փորձ է արվել արհեստականորեն կայուն պահել՝ Ն. Սարգսյանը նշեց. «Այո, կար այդ վարկածը, որ արհեստական էր պահվում: Բայց երբ դասական վերլուծություն ենք կատարում ու դիտարկում մեր առևտրային հաշվեկշիռը, ինչպես նաև արտարժույթի ներհոսքը մեր երկրում, ապա տեսնում ենք, որ մի քիչ դրամի արժեզրկման պահանջ կար: Արտարժույթի գինը ևս պահանջարկի և առաջարկի սկզբունքով է ձևավորվում, և նշվածից բխող պատճառների համալիր վերլուծությամբ կարող ենք որոշակի եզրահանգման գալ, բայց ասել, որ արդեն իսկ կար պահանջ, դրամը զգալի թուլացած էր ու արհեստական էր պահվում, մասնակի կկիսեմ այդ կարծիքը: Երբ մենք անցնենք ֆիքսված փոխարժեքի պահպանմանը, դա վաղ թե ուժ տնտեսական լուրջ կոլապսի կբերի, և այդ առումով, այո, վտանգ կա: Բայց ասել, որ ֆիքսված փոխարժեք չպահելով ու միայն ԿԲ-ի կողմից գների կայունությունն ապահովելով՝ մենք կոլապսի չենք ենթարկվելու, ճիշտ չի լինի, որովհետև մենք արդեն հիմա տեսնում ենք այդ կոլապսը»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում