Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ցեղասպանության ճանաչումը լիներ, ապա թուրք-ադրբեջանա-ահաբեկչական եռյակի նախահարձակումը այսքան ուժգին ու պատերազմը այսքան երկար չէր լինի․ «Ազգ»

Ապրիլ 10,2021 10:41
cexaspanutyun

Մ. Նահանգների Կոնգրեսի, առավել եւս նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, եթե այն իրականանա, թեեւ ուշացած, սակայն մեր պետության ու ժողովրդի համար տվյալ պատմական պահին բառի բուն իմաստով օրհնություն կլինի թե՛ հոգեբանական, թե՛ տարածաշրջանային, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ իրավական եւ թե՛ անվտանգային իմաստներով:

Բարոյահոգեբանական իմաստով այդ ճանաչումը, դարձյալ «եթե» պայմանականի տակ, հուսախաբված, ընկճված ու սգավոր մեր ժողովրդին, Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, ոչ միայն ինչ-որ չափով սփոփանք, այլեւ կրկին հուսավառվելու կորով կպարգեւի, կմեղմի թերարժեքության բարդույթը, նաեւ հավատ կներշնչի, որ Արդարությունը ի վերջո կարող է նաեւ հաղթել:

Տարածաշրջանային իմաստով Հայաստանին կվերադարձնի տարածաշրջանում դիմադրողական գործոն լինելու առավելությունը: Դիմադրողականություն՝ ընդդեմ թուրքական ռազմաքաղաքական սանձարձակությունների, ներառյալ ադրբեջանական նվաճողականությանը, եւ մեր առաջ կբացի տարածաշրջանում հակաթուրքական՝ ներկայիս ձեւավորվող կոալիցիայի ակտիվ անդամ դառնալու հնարավորությունը, միաժամանակ եւ հատկապես՝ թուրքական նվաճողականությանը զոհ գնացած ու գնացող մյուս ժողովուրդների հօգուտ մեզ աջակցության խթան կհանդիսանա:

Այստեղ հարկ է փարատել ոմանց մտավախությունը, թե գերհզոր երկրի կողմից այդ ճանաչումը մեր դաշնակից պետության՝ Ռուսաստանին կարող է մեզ համար վտանգավոր անհանգստություններ պատճառել: Ընդհակառակը. դա կարող է հակակշիռ լինել ռուսական մեծապետական շրջանակների որոշ նկրտումներին. մեծերը մեծերի քայլերին սովորաբար ավելի լուրջ են վերաբերվում, քան մենք: Ճանաչումը, ապահովաբար, մեզ կբերի որոշ դիվիդենտներ մեր բարեկամների ու թշնամիների հետ բանակցության սեղանին:

Աշխարհաքաղաքական իմաստով  դա անկասկած մեծացնելու է ցարդ, 1965 թ.-ից ի վեր Ուրուգվայի ճանաչումով սկիզբ առած ճանաչման գործընթացի սահմանները ու շառաչուն ապտակ կլինի Ժխտողականության եւ Ուրացումի դեմ եւ հօգուտ Ցեղասպանության կանխարգելման եւ պատժումի համամարդկային ջանքերի:

Իրավական իմաստով ճանաչումը ամերիկյան դատարաններին կստիպի վերատեսության ենթարկել Թուրքիո դեմ կալվածային անհատական ու հավաքական փոխհատուցման հիմքով վարույթ չընդունելու իրենց ընթացակարգը: Այլ խոսքով՝ դա հնարավորություն կտա մեզ հատուցման պահանջով անհատական-անձնական եւ հավաքական (եկեղեցի, համայնքային եւ այլ կառույցներ) դատական հայցեր ներկայացնելու ամերիկյան դատարաններին:

Իսկ անվտանգության տեսակետից բավական կլինի հիշեցնել, որ ճանաչումը եթե (կրկին այս «եթեն») պատահած լիներ, օրինակ, 2019-ին, Կոնգրեսի կողմից օրինագծի ընդունման օրերին Թրամփի վարչակազմի կողմից, ապա թուրք-ադրբեջանա-ահաբեկչական եռյակի նախահարձակումը այսքան ուժգին ու պատերազմը այսքան երկար չէր լինի:

Ու չմոռանալ ամենակարեւորը՝ Թուրքիան մեկ բան է որպես Ժխտողականության մեջ հաջողած երկիր, եւ բոլորովին ուրիշ բան՝ որպես Ցեղասպանութամբ դատապարտված պետություն: Ահա՛ թե ինչու Էրդողանի վարչակարգը այդքան եռանդ, փող եւ քրտինք է թափում Ճանաչումը կանխելու համար: Հանցագործները միշտ են այդպես:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930