Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լևոն Պաչաջյան․ Այս հավաքականի ամենամեծ առավելությունը համակարգային լինելն է, Կապառոսի լուրջ մասնագիտական մոտեցումը․ «Հայկական ժամանակ»

Ապրիլ 10,2021 09:50

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը վերջին տարիներին բնակվում և հանդես է գալիս Շվեդիայում: Ֆուտբոլիստն իր թիմին՝ «Լինկոպինգի» կազմում պատրաստվում էր Շվեդիայի առաջին դիվիզիոնի հերթական մրցաշրջանին, սակայն շաբաթներ առաջ հայտարարեց, որ պայմանագիրն ակումբի հետ խզվել է:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Պաչաջյանը նշեց, որ ակումբից հեռանալը մի փոքր անսպասելիորեն եղավ:

«Թիմում անորոշ իրավիճակ էր, խնդիրներ կային նաև կորոնավիրուսով պայմանավորված լոքդաունից հետո: Իմ պարագայում, կարծես, ամեն ինչ նորմալ էր, բայց հստակություն չկար: Ես Հայաստանում էի, երբ վերադարձա, մի քանի մարզումից հետո ինձ ասացին, որ ֆինանսական խնդիրները չեն լուծվում, և ակումբը, փաստացի, հրաժարվեց պայմանագրից: Հույս ունեի, որ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելն ակումբը խնդրի լուծումը կգտնի, բայց, ցավոք, չեղավ, և ես մնացի առանց ակումբ»,- նշեց Պաչաջյանը:

37-ամյա ֆուտբոլիստը, սակայն, մտադիր է նոր թիմ գտնել: Խնդիրն այն է, որ տրանսֆերային պատուհանն այժմ փակ է. «Հստակ առաջարկ այս պահին դեռ չունեմ, կան ուղղակի որոշակի խոսակցություններ: Ամենայն հավանականությամբ, նոր ակումբ կկարողանամ գտնել ամռանը, եթե ինչ-որ արագ տարբերակ չհայտնվի»:

Պաչաջյանը, բնականաբար, հետևել է նաև Հայաստանի հավաքականի վերջին երեք հանդիպումներին: Խոսելով հավաքականի ցուցադրած արդյունքի մասին՝ ֆուտբոլիստը նշում է, որ կարևոր է ոչ այնքան արդյունքը, որքան այն, որ այդ հաղթանակները պատահական բնույթ չեն կրում. «Ինձ համար կարևոր էր տեսնել, որ հավաքականը խաղային առումով աճ է գրանցել: Կարելի է տեսնել, որ Խոակին Կապառոսի՝ հավաքականը գլխավորելուց հետո հավաքականի հաջող խաղը համակարգային բնույթ է կրում: Երևում է, թե ինչպիսի աշխատանք է նա այս մեկ տարվա ընթացքում կատարել իր օգնականների և ֆեդերացիայի հետ միասին: Ես նույնը կասեի, եթե հավաքականը չհաղթեր նույնիսկ վերջին երկու խաղում: Չի կարելի չնկատել, որ այսօրվա աշխատանքը հիմք է հանդիսանում ապագայի լավ արդյունքների համար: Եղել են ժամանականեր, երբ հավաքականը հաղթանակներ է տարել, մեկ խաղ, երկու խաղ, բայց դա, կարծում եմ, համակարգային չի եղել: Այս հավաքականի ամենամեծ առավելությունը հենց համակարգային լինելն է, ֆեդերացիայի և Կապառոսի լուրջ մասնագիտական մոտեցումն է: Հուսով եմ՝ սպասումները, իրոք, կարդարանան, և հավաքականը կկարողանա խոշոր մրցաշարի մասնակցել»:

Հավաքականի հաղթանակը կարևոր էր նաև հոգեբանական տեսանկյունից: «Ուրախալի է, որ հավաքականը երեք անգամ անընդմեջ բավականին բարդ մրցակիցների հաղթեց: Ժողովրդի ուրախությունը շատ ոգևորիչ էր: Նման իրավիճակում այդ հաղթանակները լրացուցիչ էներգիա հաղորդեցին հասարակությանը»,- եզրափակեց Պաչաջյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930