Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթությունը՝ ռազմավարական ուղղություն

Ապրիլ 10,2021 10:00
erexa

Իմ մանկության տարիներին Շինարարների փողոցում մի վարսավիրանոց կար, որտեղ հայրս էր ինձ տանում:

Հիշողությանս մեջ մնացել է ծխախոտի մշտական թանձր ծուխը եւ անվերջանալի կրքոտ վեճերը շախմատի եւ ֆուտբոլի մասին՝ 1960-ականների երկրորդ կեսին – 70-ականների սկզբին մենք ունեինք շախմատի աշխարհի չեմպիոն եւ ֆուտբոլային թիմ, որոնց երկրպագում էին:

Բանավեճերի մակարդակը բավականին ցածր էր, իսկ հիմքը զանազան ենթադրություններից բխող դավադրության տեսություններն էին: Որպեսզի ժամանակակից ընթերցողը հասկանա, թե ինչ տիպի խոսակցությունների մասին է խոսքը, բերեմ նմանատիպ օրինակ վերջին ժամանակներից:

Մի քանի տարի առաջ մեկը փողոցում ինձ համոզում էր, որ «թուրքերը Մոուրինյոյին փող են տալիս, որ Հենոյին չխաղացնի», այսինքն՝ որպեսզի մեր կիսապաշտպանը չխաղա «Մանչեսթեր յունայթեդի» հիմնական կազմում: Բավականաչափ ինֆորմացիա չունենալով ֆուտբոլի, այդ թվում թիմի մարզչի՝ որոշումներ ընդունելու մեխանիզմների մասին, բնականաբար, կարելի է ընկնել առասպելաբանության գիրկը, իսկ մեր առասպելաբանությունը հիմնականում կապված է թուրքերի հետ: Նման մակարդակի դատողություններ հնչում էին այն վարսավիրանոցում:

Բայց այսօրվա քաղաքական դիսկուրսն իր մակարդակով ավելի բարձր չի, եւ ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր ժողովրդի մեծամասնությունը պատկերացում չունի, թե ինչ է կատարվում Հայաստանում, տարածաշրջանում եւ աշխարհում: «Նիկոլը փրկիչ է, որը մեզ ազատել է թալանչներից» (եւ դրա համար նրան ամեն ինչ ներելի է) եւ «Նիկոլը թուրքական լրտես է, որը փողով ծախել է մեր հողերը» (էլի՝ «թուրքական վարկածը»)՝ երկուսն էլ առասպելներ են, որոնք խանգարում են տեսնել մեր իրականությունը եւ հասկանալ, թե ինչու է այն այդքան տխուր:

Դուք կասեք՝ մարդիկ ադեկվատ պատկերացում չունեն աշխարհի մասին, որովհետեւ դուք՝ լրագրողներդ, չեք կարողանում ճշմարիտ տեղեկություններ հաղորդել նրանց: Մասամբ դա, իհարկե, ճիշտ է: Բայց մարդկանց մեծ մասը ոչ միայն ինֆորմացիա չունի, այլեւ չի էլ ուզում ունենալ: Կարող եմ դատել իմ այս սյունակների մեկնաբանությունից. ինչի մասին էլ գրեմ, ինչ օրինաչափություններ, նրբություններ փորձեմ բացահայտել, ընթերցողների արձագանքը սովորաբար դուրս չի գալիս «Նիկոլ փրկիչ» – «Նիկոլ լրտես» պարզունակ սխեմայից: Իսկ ի՞նչ է պետք, որ մարդիկ սկսեն մտածել, որ մարդկանց մոտ ցանկություն առաջանա ինչ-որ բան իմանալու: Դրա համար նրանց պետք է կրթել՝ սկսած մանկապարտեզից եւ մինչեւ կյանքի վերջը: Կրթությունը պետք է լինի մեր պետության գլխավոր ռազմավարական ուղղությունը: Երբ այս ներքին անկայունությունն ինչ-որ ձեւով հանգուցալուծվի, եկեք լրջորեն դրա մասին մտածենք:

…Երբ դպրոցականներին հարցնում ես՝ «ով է գրել «Գիքորը» պատմվածքը», երեխաները նույն պահին վերցնում են սմարթֆոնները, մի քանի վայրկյանում «գուգլում» են Գիքորին եւ ասում են պատասխանը: Երբ հարցնում ես՝ որքան կլինի վեցին բազմապատկած յոթ, նրանք պատասխանը դարձյալ սմարթֆոնի մեջ են փնտրում: Այդ առիթով թույլ տվեք եւս մի զուգահեռ: Դաշնակահար լինելու համար բավարար չէ միայն դաշնամուրային երաժշտություն լսել, պետք է ստեղծագործությունների որոշակի քանակ ունենալ «մատների մեջ»: Քաղաքացի լինելու համար բավական չէ գիտելիքներ, մտքեր եւ գնահատականներ ունենալ «արտաքին կրիչների վրա»՝ լինի դա Գուգլը, որեւէ հեղինակություն կամ կուռք:

Պետք է ինչ-որ բան ունենալ նաեւ գլխում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Armen says:

    ԽՍՀՄ փլուզումից հետո մեր պետության վարած քաղաքականությունը ինչքանով է ճիշտ վարվել դժվարանում եմ ասել, բայց որ 90-ականների վերջերից այսպես կոչված իշխանությունները գիտակցաբար մեր երկիրը տարել են մեղմ ասած սխալ ճանապարհով՝ փաստ է: Ներքին քաղաքականության առումով՝ պետական մակարդակով ժողովրդին բազմաթիվ անգամ ցույց է տրվել որ իր կարծիքն ու խոսքը գրոշ չարժի, արդարություն հասկացության մասին մտածելն անգամ զավեշտի էր վերածվել: Այս պայմաններում ապրել է մի ողջ սերունդ և հիմա մտածում ենք թե ինչու ժողովուրդը ռացիոնալ ու բավարար վերաբերմունք չունի, ինչու՞ նույնիսկ հիմա չի մերժում ներկա իշխանությանը: Եթե մենք անցյալին ռեալ գնահատական տալու կարողություն կամ ցանկություն չունենք, ապա ո՞ր իրավունքով ենք ժողովրդից պահանջում:

  2. Լավատես says:

    Ընտանիքը դա նույն պետությունն է, միայն չափսերով փոքր, ուզում ես ունենալ ուժեղ պետություն, դրա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը’ ունենալ ուժեղ ընտանիքներ, նույնն է թե ուժեղ բանակը ուժեղ զինվորներից է բաղկացած, բայց բանակը այդ զինվորների զուտ հանրահաշվական գումարը չի, զինվորները միավորվում են վաշտերի, գումարտակների, գնդերի, այդ վերզինվորական կառույցն էլ բանակ է կոչվում, որի կառուցելն ու կառավարելն էլ ունակ են իրականացնել միայն ռազմական արվեստի մասնագետները:
    Զինվորը’ դա կրթված նորակոչիկն է: Անցկացնելով զուգահեռներ, կարելի է ասել, որ ընտանեկան արվեստի մասնագետները պետք է կրթեն մեր նորակոչիկ ընտանիքներին եւ միավորեն կրթված ընտանիքները եւ ստեղծեն, անունը դնենք, քաղաքացիական բանակ կամ քաղհասարակություն: Պետությունը միայն միջոց է քաղհասարակության ձեռքում’ տանկ է տանկիստի ձեռքում, առանց ազգային տանկիստի տանկը ուժ է այլազգի տանկիստի ձեռքում: Մեր բազմաթիվ քաղաքական եւ հասարակական կառույցները պետք է կրթեն մեր ընտանիքները եւ ստեղծեն կուռ ազգային քաղհասարակություն: Առաջին հերթին հենց մեր այդ քաղաքական կառույցները պետք է ստեղծեն իրենց քաղաքական ակադեմիան, պատրաստեն կադրեր’ քաղհասարակությունը կառուցելու եւ կառավարելու համար:
    Նորակոչիկին տանկ չի կարելի վստահել, նորակոչիկ, առանց քաղհասարակության ժողովրդին կառավարում վստահել չի կարելի, ժողովրդավարությունը ոչ թե ընտրելն է ժողովրդի կողմից, այլ ժողովրդին կառա-վարելն է, ղեկա-վարելն է’ կրթել, վարժեցնել, դաստիարակելն է:
    Եւ երբ մեր քաղաքական այրերը կնստել մի սեղանի շուրջ ու կմշակեն ու միաձայն կընդունեն ազգային քաղաքական ռազմավարությունը’ խաղի կանոնները, աքսիոմները, որոնք կարմիր գիծ են յուրաքանչյուրի համար, միայն այդ ժամանակ կլինի եւ շիտակ խոսք եւ կյանք եւ սեր:

  3. Armen says:

    Եթե համեմատելու լինենք ԽՍՀՄ վերջին 30 տարիները նույն տարածքում գտնվող պետությունների ժողովուրդների 30 տարիների նվաճումների հետ, անվիճելի փաստ է՝ չկա մի բնագավառ որտեղ առաջընթաց գրանցված լինի (մշակույթ, գիտություն, սպորտ,….): Իմ խորին համոզմամբ կրթված սերունդ ունենալու համար լավ դպրոցը բավարար պայման չի կարող լինել: Առանց հասարակական առողջ միջավայրի առկայության արդյունք չի լինի: Եթե սովետի տարիներին թաղի խուժանը գտնվում էր հեռու լուսանցքում, ապա անկախության տարիներին սրանք եկան առաջին պլան՝ տարատեսակ պաշտոններ էին վարում, ընտրական գործընթացների ամենապահանջված ֆիգուրներն էին – մի խոսքով դարձան առաջամարտիկներ: Այս ամենը դպրոցականները շատ լավ տեսնում, զգում էին և բնականաբար կատարում հետևություններ…. Փորձենք թվել 1960-1990թթ և 1990-2020թթ 30-ական տարիների մեր հայազգի մշակույթի գործիչներին(իրական), գիտնականներին, մարզիկներին, պարզ է չէ՞ ինչ համեմատական պատկեր կստանանք:

  4. Ruben says:

    Սա այն հայերի համար է, ովքեր մնացել են:
    Թուրք կուրտիզանկեք, շնչեք, քանի հողը չի այրվում ձեր ոտքերի տակ:
    https://www.youtube.com/watch?v=dsbHnoOo4V0

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930