«Դրա մասին արդեն երկու ամիս խոսվում է, նույնիսկ նշվում, որ այդ գործընթացը մեկնարկել է, սակայն որեւէ մեկը տեղյակ չէ, թե ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ է կատարվում կամ ի՞նչ ենք ունենալու 2-3 տարի հետո».- «Առավոտի» զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
– Նախօրեին, ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց հայ-ռուսական համատեղ զորախմբի, հակաօդային պաշտպանության համատեղ համակարգի բարեփոխումների, վերանայումների մասին: Կառավարության վերջին նիստերից մեկում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անվտանգության ոլորտում, մասնավորապես՝ բանակի բարեփոխման գործընթացում, ՌԴ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին: Ի՞նչ որակի եւ տիպի հարաբերությունների մասին պետք է խոսի Հայաստանը` ստեղծված իրողությունների համատեքստում:
– Հայաստանն այս պահին այլ ընտրություն էլ չունի, քան Ռուսաստանի հետ հարաբերություններն առավել խորը եւ բովանդակային հուն մտցնելը: Դա չի վերաբերում միայն ռազմատեխնիկական համագործակցությանը. անհրաժեշտություն կա այդ հարաբերությունները զարգացնելու բոլոր ուղղություններով, հատկապես՝ տնտեսական: Այլ բան է, թե իշխանությունն ի՞նչ պատկերացումներ ունի այդ հարաբերությունների որակական փոփոխությունների մասին, եւ, առհասարակ, ո՞ւր է շարժվում պետությունը:
ՌԴ-ի հետ ամենատարբեր ոլորտներում հարաբերություններ զարգացնելու, ընդլայնելու առումով, հայ-ռուսական իրավական բազան բավականին հարուստ է եւ նույնիսկ դրա սահմաններում էլ հնարավոր է արդյունավետ լուծումներ փնտրել: Ինձ համար հստակ չէ, թե ի՞նչ է փորձում անել իշխանությունը, որքանո՞վ է դրան պատրաստ Ռուսաստանը եւ ի՞նչ կունենանք մենք 1-2 կամ 5 տարի հետո: Միշտ էլ կարելի է երկար խոսել` գեղեցիկ ցանկությունների, երկկողմ բարեկամության մասին, սակայն շատ ավելի դժվար է այդ ամենը գործնական փուլ մտցնել: Դա է ամենից կարեւորը: Մյուս կողմից, ես, մեղմ ասած, շատ զգուշավորությամբ եմ մոտենում զինված ուժերում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ իշխանության հայտարարություն-հավաստիացումներին: Նախ, դրա մասին արդեն երկու ամիս խոսվում է, նույնիսկ նշվում, որ այդ գործընթացը մեկնարկել է, սակայն որեւէ մեկը տեղյակ չէ, թե ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ է կատարվում կամ ի՞նչ ենք ունենալու 2-3 տարի հետո:
– Պատերազմից հետո իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ սկսեցին խոսել բանակի բարեփոխումների, նաեւ` 44-օրյա պատերազմի արդյունքում առաջացած նոր առաջնագծում աշխատանքների մասին: Ձեր դիտարկումներով` ի՞նչ քայլեր են արվել, ինչի՞ն են դրանք միտված, որովհետեւ, որքան էլ հստակ ծրագրեր չեն ներկայացվել, բայց ինչ-որ բաներ արվում են:
Կարդացեք նաև
– Եթե խոսքը միայն իրավիճակից բխող հրատապ միջոցառումների մասին է, ապա դա դեռ բարեփոխում չենք կարող անվանել, դեռ չեմ խոսում, թե դրանք ի՞նչ որակով կամ ծավալով կիրականացվեն: Եթե իրականում բանակում ծավալային գործընթաց է սկսելու, ապա դրանք հանրության, փորձագիտական շրջանակների հետ քննարկումների փուլ չեն հասել: Եվ վերջապես, իշխանությունն այդ բարեփոխումների առաջին փուլն արդեն տապալել է, դա երեւաց մարտական գործողությունների տարբեր դրվագներից ու արդյունքից, այնպես որ, դժվար է լուրջ սպասելիք ունենալ այս շրջափուլից: Եթե այս գործընթացում ներգրավվի ՌԴ-ն, իրավիճակը կարող է այլ լինել, սակայն դեռ պարզ չէ նրա մասնակցության աստիճանը:
– Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում աշխարհազորի կազմավորման խնդիր էր դրված: Տեղյա՞կ եք, ի՞նչ փուլում են գտնվում այդ հարցերը եւ, առհասարակ, ի՞նչ իրավիճակ է Արցախի եւ Հայաստանի սահմաններում:
– Հայաստանից Արցախ զորակոչ չմեկնելու պայմաններում Արցախում պաշտպանական համակարգի փոփոխությունների, վերանայումների գործընթաց է: Պայմանագրայինների թվի ավելացում, պետական կառույցների աշխատակիցների՝ սահմանային անվտանգության ապահովման գործառույթին մասնակցություն, կամավորականների ներգրավվածություն եւ այլն: Մարտական հերթապահության կրման համար տարբեր ձեւաչափեր կան, որոնց մի մասը դեռ քննարկման փուլում է, մի մասը կկայանա հետագայում: Ամեն դեպքում, ստեղծված իրավիճակը բավականին բարդ է, եւ Հայաստանի իշխանությունը իրավունք չունի «ձեռքերը լվանալու» եւ մի կողմ քաշվելու:
Պատերազմից առաջ էլ, այսօր էլ, Հայաստանի անվտանգության հարցը որոշվում է Արցախում եւ Սյունիքում, իսկ դա նշանակում է, որ մեր խնդիրներն ու նպատակները պետք է տեղավորվեն այդ իրականության մեջ:
– Ի դեպ, աշխարհազոր նաեւ Հայաստանում էր նախատեսվում ստեղծել, ըստ որոշ տեղեկությունների, 2020 թվականին կառավարությունը հրաժարվեց ֆինանսավորել այդ ծրագիրը. ի՞նչն էր պատճառը:
– Պատերազմից առաջ այդ գաղափարը առաջ էր քաշում ԳՇ այդ ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանը եւ որի լոկալ տարբերակը հենց ինքը փորձարկել էր Տավուշում դեռ այն ժամանակ, երբ գլխավորում էր այդ ուղղությամբ տեղակայված զորամիավորումը: Նախագծի նախնական տարբերակում խնդիրներ կային, բայց գաղափարը ընդունելի էր եւ կարելի էր հասնել ցանկալի տարբերակի: Ցավալիորեն այդ նախագիծը իշխանությունը լուրջ չընդունեց եւ այս պահին հայտնի չէ, թե այն որեւէ փուլում կյանքի կկոչվի՞, թե՞ ոչ:
Ամեն դեպքում պետք է գիտակցել, որ մարդկային ռեսուրսի առումով, Հայաստանն ու Արցախը ամենալավ վիճակում չեն եւ պատերազմի մեջ գտնվող երկրի համար, մեր ռեսուրսների գերարդյունավետ կիրառումն այլընտրանք չունի:
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
09.04.2021