Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրան, ով նամակներ չի կարդում»

Ապրիլ 10,2021 12:30

Երբ գրում էր փոքրիկ նովելներ, չէր էլ պատկերացնում, որ մի օր կծնվի «Նրան, ով նամակներ չի կարդում» գիրքը։ Գիրք, որն իր ընթերցողին երեւի թե կտա կյանքն առավել շատ սիրելու, քչով բավարարվելու ունակություն։ Այն կօգնի փոքր երեւույթների մեջ գտնել երջանկություն։ Երջանկությունը քո մեջ է, դու պիտի գտնես այդ թաքնված երջանկությունը քո ներսի լույսով եւ երջանկացնես նաեւ քո շրջապատին։

«Գրքիս հերոսները պարզ, հասարակ, առօրյա հոգսերով, թեթեւ հումորով, երբեմն էլ խիստ բնավորությամբ մարդիկ են, որոնց բոլորին միավորում է աշխարհի հանդեպ ունեցած նրանց մեծ սերը»,-ասում է գրքի հեղինակ Օֆելի Դալաքյանը:

Նախնական տարբերակով գրքի վերնագիրը պետք է լիներ «Հայրիկ», սակայն այդ եւ նման վերնագրով հայտնի գործեր կային, այդ պատճառով որոշեցին ընտրել այնպիսի վերնագիր, որ շատ տարածված չէ, բացի այդ, համանուն պատմվածքը սիրվեց ընթերցողների կողմից։
Սա հեղինակի երկրորդ գիրքն է։ Առաջինը լույս է տեսել վեց տարի առաջ՝ «Ժամանակից ծնվածները» վերնագրով։ Այն դարձյալ փոքր պատմվածքներ է ամփոփում, հեղինակը, սակայն, առաջինին այնքան չէր սպասում, որքան այս գրքին։

«Գրելն ինքն իրեն է ստացվում: Եղել է ժամանակ, որ որոշել եմ այլեւս չգրել, որովհետեւ կարծում էի՝ աշխարհի ամենավատ ստեղծագործողն եմ, անընդհատ ինձ քննադատում էի։ Երբ այս մտքերով կիսվեցի մեր ժամանակների տաղանդավոր գրող Սիրան Գրիգորյանի հետ, նա ասաց, որ անկախ ամեն ինչից՝ պիտի գրել, որովհետեւ գրելը մաքրում է, սրբագործման նման բան է։ Ու դադարեցի համեմատվել, որովհետեւ յուրաքանչյուրն իր «սցենարն» ունի այս կյանքում»,-կարծում է նա:

Հիմա Օֆելին վստահորեն ասում է` գրում եմ, որովհետեւ չեմ կարող չգրել, այն կենսական պահանջ է դարձել։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930