Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պիտի արժեքներ գնահատել իմանանք

Ապրիլ 10,2021 12:00

Զրույց բանաստեղծուհի, հոգեբան-մանկավարժ Լարիսա Գյումրեցի Մինասյանի հետ

– Տիկին Լարիսա, ստեղծագործական երկար տարիների ընթացքում Ձեր յուրաքանչյուր տպագրված գրքում նոր խոհեր ունեք ընթերցողին պատմելու: Ձեր տաղանդի փայլուն «գեղմը» իմաստուն է եւ շատ զգացմունքային: Ձեր բանաստեղծական քնարն այսօր եւս շարունակում է չդադարել, հոգեւոր բարձր սկզբունքներ արարել ի շահ հայ պոեզիայի հարստացման, որն, անշուշտ նաեւ՝ քնարական արվեստի Մեծագույն առավելություն է համարվում:

– Գիտե՞ք, այս գարնանն ընդառաջ, մենք՝ ստեղծագործողներս, կարոտ ենք ոչ միայն լավագույն մաղթանքների, այլեւ՝ երկրի համար, ազգի համար սատարող, համախմբող խոսքի: Ձմռան ծանր օրերի ու տագնապների միջով անցած մտավորականներս, եւ առհասարակ մեր ողջ ժողովուրդը հույսի ուժ ենք փնտրել, Չարենցյան հայտնի պատգամը ուսուցանել մեր մանուկներին…Եվ այդ դժվարին օրերին, ինքս ոմանց պես քիչ լավատես՝ ստացա անակնկալ գնահատանք՝ իմ պոետական արարումների, հասարակական կատարածս գործերի համար:

– Խոսքը «ՀՀ դյուցազուններ» ՀԿ-ի ստացած բարձր վերաբերմունքի մասի՞ն է: Պատմեք, խնդրեմ, թե ինչպես եղավ, որ արժանացաք «Դյուցազուններ» ասոցիացիայի ուշադրությանը:

– «Դյուցազնագրքի» շնորհին արժանացել եմ իմ թվով 22 գրքի հեղինակ հանդիսանալու առիթով. ինքս 65 տարեկանից եմ ստեղծագործում: Հազարի հասնող արձակ եւ չափածո գործերս միայն սիրո մասին են արարված: Թվով 7 հեռուստաեթերներին հյուր եմ եղել, տպագրվել եմ շուրջ 15 թերթերում եւ նույնքան՝ ամսագրերում: Շատ բարերարություններ եմ կատարել մանկատներին, ծերանոցներին, եկեղեցիներին, անհատներին… Այդ բոլորը, իհարկե, հոգուս պարտքն է եղել, որ ծրագրել եմ սիրով: Մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը մի առիթով գրել էր՝ «Շատ երկրներում եմ եղել, բայց Լարիսայի համար իմ հոգում ազատ տեղ է եղել պահված…»: Ես նրա հետ մտերիմ էի…
Իհարկե, նաեւ նշեմ, ես թանգարանասեր եմ: Եղել եմ «Մհեր Մկրտչյան» թատրոնի առաջին հանդիսատեսը: Հավելեմ, որ Գյումրիի եւ Երեւանի թանգարաններին նվիրել եմ հետաքրքիր նյութեր եւ կարեւոր վավերաթղթեր: Եվ իմ պատվոգրերով, հուշանմուշներով միշտ հպարտություն եմ ապրում: Հիմա էլ արդեն ՀՀ դյուցազնագրքի անդամ եմ: Ի դեպ, «Դյուցազնագիրք» ասոցիացիայի վերաբերմունքն իմ հանդեպ գնահատում եմ, անշուշտ, երախտիքս եմ հայտնում նրանց, որ ստեղծագործական ուղիս իրենց 3-րդ հատորում պիտի զետեղեն, որի համար շնորհակալ եմ: Այն գնահատում եմ որպես հոգեւոր արժեքների հանդեպ լավագույն վերաբերմունք, եւ ինչպես Նապոլեոնն է ասել. «Գնահատանքը կարեւոր արժեք է, մարդ պիտի արժեքներ գնահատող լինի…»:

– Դուք տարիներ շարունակ մտքի ու զգացմունքի իմաստուն դասեր եք մատուցել, որոնք ուսուցանվում են Ձեր գրքերի միջոցով բազմաթիվ ընթերցողների: Ձեր մտորումներում գերակշռող ապրումը սերն է. սեր՝ մարդու, Հայրենիքի, գարնան, բարության եւ սիրված էակի հանդեպ: Ձեր պոետական հոգեխորքում սոսկ անձնական մոտիվացիաները չեն, որ «աղմկում են», թղթի վրա մնում որպես հուզաթաթավ քառյակներ, բանաստեղծություններ, տողեր, այլեւ՝ շնչեղ, հոգեհարազատ խոհեր են, համամարդկային անկեղծ ապրումներ:

– Իմ միտքը, գիտե՞ք, երբեք չի ընդհատվում ստեղծագործական քնարս շարունակելուն: Իհարկե, թերեւս՝ բարձրառիթ նմանատիպ անակնկալներ դարձյալ ունեցել եմ, ովքեր անսպասելի ինձ շնորհավորել են, անցած տարիներիս վաստակն արժեւորել:

– Այնուամենայնիվ, այն է հետաքրքիր եւ ուրախացնող, որ այսպիսի ծանր ժամանակահատվածում, երբ հոգեւոր մշակույթն իր ողջ արժեքներով նաեւ հուսահատումի «ուղեծիրներում է տնքում», Դուք ստացել եք նաեւ ՀՀ գրականության եւ արվեստի թանգարանից շնորհակալագիր: Այդ համեստ վերաբերմունքի փաստը եւս Ձեր հայրենանվեր գործունեության արդյունքն է:

– Շնորհակալագիրը, որը թանգարանի տնօրեն պրն Կարո Վարդանյանն էր ստորագրել՝ ինձ անչափ ուրախություն պատճառեց: Այդ շնորհակալագրում ՀՀ գրականության եւ արվեստի պետական թանգարանի տնօրինությունը շնորհակալությամբ հայտնել է, որ թանգարանի ազգային արժեքների հարստացման ասպարեզում ներդրած իմ լավագույն աշխատանքները եւս ի նպաստ հայոց մշակույթի զարգացմանն են ուղղորդվում…

– Ձեր երկարամյա ազնիվ աշխատանքները գնահատելով, թույլ տվեք մենք եւս Ձեզ շնորհավորենք գարնան միամսյակի առթիվ, Ձեզ ցանկանում ենք արեւշատություն եւ նորանոր ստեղծագործական բարձունքներ՝ հօգուտ հայոց պոեզիայի եւ մշակույթի:

Զրույցը՝
Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
09.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930