Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հիվանդը Թրամփին համարում է իր հայրը

Ապրիլ 10,2021 14:00
shtap

«Կամքին հակառակ հոսպիտալացումը չպետք է շփոթել կամքին հակառակ բուժման հետ»

Չորս տարի առաջ հուլիսի 17-ին իր աշխատավայրում հիվանդի կողմից դանակահարվեց, սպանվեց ճանաչված հոգեբան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Ռուբեն Պողոսյանը:

Այս ողբերգությունը հիշում եմ ամեն անգամ, երբ այս օրերին խմբագրություն են գալիս ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք: Գարնանային սրացումները, երկրի ներքին, արտաքին իրավիճակը, ներժառանգային խնդիրները էլ ավելի են բարդացրել հոգեկան խնդիրներ ունեցողների վիճակը:

Հանրային վայրերում այսօր նրանց պակասը չի զգացվում, հանրահավաքների ժամանակ տեսնում եմ մարդկանց, ովքեր գոնե դատարաններով մեկուսացվել են հանրությունից միառժամանակ: Որպես կանոն, նրանք անխնամ վիճակում են, մշտապես վախեցած, նրանց թվում է, թե իրենց հետապնդում են, որ իրենց ուր որ է բռնելու են, որպեսզի մեկուսացնեն, տանեն հոգեբուժարաններ:
Նրանք այս օրերին իրական լուրջ վտանգ են հասարակության համար:

Դատարաններում կան գործեր, երբ հոգեբուժարանները դիմում են անձին մեկուսացնելու, ոչ հոժարակամ բուժման ենթարկելու պահանջի մասին որոշում ստանալու համար: Այս օրերին լսվում էին «Բերիայի տղայի», նաեւ «իրեն սրբադասված համարող մեկի» գործերը: Նիստերը, ինչպես գիտեք, դռնփակ են:

Դռնփակ նիստերից մեկում լսվել էր արդարադատության նախարարությունում աշխատած մեկին՝ հարկադիր բուժման ուղարկելու գործը:

Այս հիվանդն էլ հայտնել էր. «Իր ականջի մեջ չիպ կա եւ ռադիոալիքներով նրա վրա ազդում են եւ կարդում են նրա մտքերը, այդ չիպի միջոցով ինքը կարողանում է խոսել Պուտինի եւ Թրամփի հետ»: Թրամփին համարում էր իր հայրը:

Խմբագրություն այցելած ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցողներն էլ իրենց հիվանդ չեն համարում։

Համաձայն գործող օրենքի՝ «Քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկությունները բժշկական գաղտնիք են: Այդպիսի տեղեկությունները տրամադրվում են հիվանդին եւ նրա օրինական ներկայացուցչին նրանց պահանջով` օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում»: Սակայն անձը չի էլ թաքցնում, որ իրեն հոգեբուժարան են տարել, պահանջում է, որ իրեն լսի, ձեռք մեկնի լրատվամիջոցը:

Ինձ մշտապես հետաքրքրում է այն հարցը, թե ինչպես են այս հիվանդները հայտնվում դրսում, այն էլ միայնակ, առանց ներկայացուցչի…
Ինչպես են կարգավորվում մեզ մոտ հոգեկան հիվանդների խնդիրները:

2004 թվականի մայիսի 25-ից Հայաստանի Հանրապետությունում գործում է «Հոգեբուժական օգնության մասին» օրենքը: Օրենքը կարգավորում է մարդու հիմնարար անձնական բարիք համարվող հոգեկան առողջության, հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, կանոնակարգում է հոգեկան առողջության ոլորտում միջազգային իրավունքի նորմերով, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայով եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների ու ազատությունների իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծման գործընթացները:

2014թ. ապրիլի 17-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանում հոգեկան առողջության պահպանման եւ բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությանը:

Պետությունը հայտարարեց, որ պաշտպանում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքները, ներառյալ` չարաշահումից, բռնությունից եւ խոշտանգումներից պաշտպանության իրավունքը, համայնքում ընտանիքի հետ ապրելու իրավունքը, սեփական կամքին հակառակ հոսպիտալացվելու, կրթության, փոխադրման եւ այլ հանրային ծառայությունների հասանելիության իրավունքը, տեղեկատվության եւ հաղորդակցության հասանելիության իրավունքը, զբաղվածության եւ պատշաճ կենսամակարդակի իրավունքը, սոցիալական արդարության հասանելիության իրավունքը:

2006 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան եւ Արձանագրությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային դատական ակտերի համաձայն էլ՝ հոգեկան հիվանդության դեպքում առնվազն պետք է պահպանվեն հետեւյալ նախապայմանները`
– հոգեկան հիվանդության փաստը պետք է հաստատվի անաչառ բժշկական փորձաքննությամբ,
– ազատությունից զրկելու համար հիմք հանդիսացած հոգեկան խանգարման բնույթը եւ աստիճանը պետք է ծայրահեղ լինեն, այսինքն` դրանք պետք է բավարար հիմք հանդիսանան հավաստիանալու, որ գոյություն ունի հիվանդի կողմից իրեն կամ այլ մարդկանց վնաս հասցնելու հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնականություն,
– ազատությունից զրկելը պետք է տեւի այնքան, որքան պահանջում են հոգեկան խանգարման աստիճանն ու բնույթը,
– ազատությունից զրկելը ժամկետները նախապես որոշված չլինելու դեպքում լիազորված հանձնաժողովը պարբերաբար պետք է ուսումնասիրի հիվանդի վիճակը եւ ներկայացնի համապատասխան եզրակացություն,
– անձը պետք է անհապաղ տեղափոխվի հոգեկան հիվանդներին բուժելու համար նախատեսված համապատասխան բժշկական հաստատություն (2000թ. մարտի «Վիտոլդ Լիտվան ընդդեմ Լեհաստանի» թիվ 26629/95 գործ)։

Ըստ ՄԻԵԴ-ի. «Ազատությունից զրկելը չի կարող մեկնաբանվել որպես հիվանդին բուժում պարտադրելու թույլտվություն։ Կամքին հակառակ հոսպիտալացումը չպետք է շփոթել կամքին հակառակ բուժման հետ»։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 265 հոդվածի համաձայն` քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունի այն հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը, որում գտնվում կամ բուժվում է քաղաքացին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 269 հոդվածի համաձայն` քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործն առաջին ատյանի դատարանը վարույթ ընդունելու հարցը լուծում է մեկ օրվա ընթացքում եւ դիմումի քննության համար դատական նիստը նշանակում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում: Առաջին ատյանի դատարանը, հարուցելով գործը, միաժամանակ գործի քննության եւ լուծման համար անհրաժեշտ ժամանակահատվածով երկարաձգում է հոգեբուժական կազմակերպությունում քաղաքացու գտնվելու ժամկետը:

Դիմումի քննությանը պարտադիր է այն հոգեբուժական կազմակերպության ներկայացուցչի, որի նախաձեռնությամբ գործ է հարուցվել, ինչպես նաեւ այն անձի եւ նրա ներկայացուցչի մասնակցությունը, որի նկատմամբ լուծվում է ոչ հոժարակամ հոսպիտալացման հարցը: Դիմումը քննելու համար դատարանն իրավունք ունի արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշում կայացնելու առանձին ակտի ձեւով, որով սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու վայրը, ժամանակը, արտագնա դատական նիստ անցկացնելու հիմք հանդիսացած հանգամանքները, արտագնա դատական նիստի հետազոտման առարկան:

Օրենսգրքի 270-րդ հոդվածը սահմանում է՝ դիմումի քննության արդյունքներով առաջին ատյանի դատարանը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռ, որն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դիմումը բավարարելու մասին վճիռը հիմք է քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացնելու համար: Դիմումը մերժելու մասին վճիռը հիմք է քաղաքացուն հոգեբուժական կազմակերպությունից անհապաղ դուրս գրելու համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ժը» ենթակետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հոգեբուժական հաստատությունները` քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումներով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930