Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժհաստատությունները մի քանի անգամ մերժել են հիվանդին ընդունել ստացիոնար բուժման

Ապրիլ 10,2021 13:30

Իրավապաշտպանը «Հանցագործության մասին հաղորդում» է ներկայացրել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին՝ ՀՀ քրեական օրենսգրքի հանցավոր անգործություն եւ հանցավոր անփութություն հանցակազմերի հատկանիշներով, որոնք հանգեցրել են ծանր հետեւանքների եւ անձի մահվան։

Սույն թվականի մարտ ամսին Հակոբ Սարգսյանը, ունենալով առողջական լուրջ խնդիրներ, գտնվելով անօգնական վիճակում, հարեւանների օգնությամբ շտապբուժօգնության կանչով դիմում է «Էրեբունի» եւ «Արմենիա» բժշկական կենտրոններ՝ համապատասխան բուժում ստանալու նպատակով։ Բժշկական հաստատությունները մի քանի անգամ տարբեր պատճառաբանություններով մերժել են հիվանդին ընդունել ստացիոնար բուժման՝ «մեր տարածքը չէ», «մեր հիվանդը չէ», «տեղ չունենք» պատճառաբանություններով, հետ են ուղարկել ծանր հիվանդին։

Շենքի բնակիչների ահազանգից հետո, որ մարդը ոտի վրա մահանում է, բայց հիվանդանոցները նրան չեն ընդունում բուժման, ես դիմեցի շտապօգնության ծառայությանը եւ միայն իմ ջանքերից հետո Հակոբ Սարգսյանին ընդունեցին «Արմենիա» ԲԿ ստացիոնար բուժման։ Սակայն արդեն ուշ էր, Հակոբին փրկել չհաջողվեց, ապրիլի 2-ին նույն ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում նա մահացավ։

Երեկ, որդու հուղարկավորության օրը, մայրը՝ Գայանե Սարգսյանը, որը նույնպես մեկ ամիս առաջ գլխուղեղի ծանր ինսուլտ էր տարել, ծանր առողջական վիճակում հայտնվեց, նորից հարեւանների օգնությամբ շտապօգնության կանչ ներկայացվեց, նորից ես միջամտեցի, որ պառկացնեն ծանր հիվանդին ստացիոնար բուժման։ Այսօր, սակայն, միայնակ անօգնական կնոջը առանց բուժման ԲԿ-ից տաքսի ավտոմեքենայով ուղարկել են հետ, ըստ գրանցման վայրի։ Նա խոսել չի կարող, միայնակ չի քայլում։

Ինչպես վերջում պարզեցի՝ այս պատմության սկիզբը ամենազավեշտալին ու անմարդկայինն էր։ Ականատեսները պատմեցին, որ մինչեւ որդու վատանալը մայրը ինսուլտ է տարել, Հակոբը նրան տեղափոխել է «Արմենիա» ԲԿ, որպեսզի մայրը ստանա համապատասխան բուժում։ ԲԿ-ում պահանջել են 340 000 ՀՀ դրամ վճարել 23-օրյա հետինսուլտային ստացիոնար բուժում ստանալու համար, որդին կատարել է համապատասխան վճարը, բայց 5 օր անց բժիշկները «պարզել են», որ Գայանե Սարգսյանը վարակվել է «Քովիդ-19» համախտանիշով, նրան տեղափոխել են հիվանդանոցի հատուկ բաժին, որից հետո 14 օր անց դուրս են գրել հիվանդանոցից, փաստացի շորթելով եւ միայնակ անօգնական թողնելով բուժօգնության կարիք ունեցող կնոջը։

Ինչու եմ այս դեպքը ներկայացնում ձեզ. մենք բոլորս նույն վիճակում ենք, բոլորս հերթով կարող ենք նույն բախտին արժանանալ։ Որոշ բժիշկների համար մենք «փողի աղբյուր» ենք ընդամենը եւ ոչ ավելին։ Եթե հիմա սրանք օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության չենթարկվեն, դասեր չենք քաղի։

Ես ուշադիր կհետեւեմ գործի ընթացքին, օրենքի սահմաններում կզբաղվեմ սրանց նման անմարդկային արարածների նկատմամբ պատիժ սահմանելու գործընթացին։ Մենք մարդ ենք…

Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆ

Իրավապաշտպան

«Առավոտ» օրաթերթ
09.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930