Շուշանիկ Կուրղինյանի մասին քչերը գիտեն։ Նա 19-20-րդ դարերի բանաստեղծուհի է, կարելի է ասել՝ հայ առաջին ֆեմինիստուհիներից մեկը։ Նրա ստեղծագործություններից կարելի է հասկանալ, թե ինչպիսի կամքի ուժ, պայծառ միտք ու այդ ժամանակների համար չլսված համարձակության տեր կին էր նա։ Այս տարի հոբելյանական էր նրա համար, լրանում էր բանաստեղծուհու 145-ամյակը, ինչի առիթով վերջերս Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում բացվել էր ժամանակավոր ցուցադրություն, որը ներառում էր բանաստեղծուհու կյանքին եւ ստեղծագործությանն առնչվող փաստաթղթեր, ձեռագրեր, լուսանկարներ եւ անձնական իրեր։
Կուրղինյանը (1876-1927 թթ.) ծնվել է Գյումրիում (այն ժամանակ՝ Ալեքսանդրապոլ): Նրա անձի ձեւավորման հարցում մեծ դեր են խաղացել ծննդավայրի Սահականուշյան եւ Արղության օրիորդաց դպրոցները, որտեղ նա սովորել է։ 1893 թ.-ին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առաջին հնչակ օրիորդաց խումբը։
Առաջին բանաստեղծությունը տպագրել է «Տարազ»-ում, 1899 թ.-ին, առաջին պատմվածքը՝ «Աղբյուր»-ում, 1900թ.-ին։ Նրա մի շարք բանաստեղծություններ նոր, ինքնատիպ խոսք էին 20-րդ դարի հայ ազգային պոեզիայում՝ բարձր գաղափարայնությամբ, խավարի ու բռնության դեմ ծառացող ոգով։ Կուրղինյանի ստեղծագործություններից շատերը նվիրված են կանանց իրավունքների պաշտպանությանը հայ իրականության մեջ։ Բանաստեղծուհին գրել է նաեւ պիեսներ, որոնք չեն բեմադրվել։
Նրա պոեզիան բարձր է գնահատել ժամանակի գրական-քննադատական միտքը: Ալեքսանդր Մյասնիկյանը եւ Բախշի Իշխանյանը Կուրղինյանին համեմատել են իտալուհի Ադա Նեգրիի հետ՝ ընդգծելով հայ բանաստեղծուհու հետեւողական հեղափոխականությունը։
Կարդացեք նաև
Բանաստեղծուհու կերպարը ոգեշնչում է հանդիսացել ժամանակի բազմաթիվ արվեստագետների համար։ Ավետիք Իսահակյանը իր հուշերում նրա մասին գրում է՝ «Մյուս աղջիկների համեմատ նա շատ համառ էր. բոլորը լսում էին նրան: Մենք ծանոթացանք մի ամառային դասընթացի ժամանակ: Նա ինձ ասաց, որ գրում է եւ խոստացավ կարդալ, բայց երբեք չպահեց իր խոստումը»:
Ինչպես շատ գրողներ այդ տարիներին, նա նույնպես 1903 թ.-ին ցարական հետապնդումից փախչում է Ռոստով (Նոր Նախիջեւան): Օտարության մեջ բանաստեղծուհին հաճախ է հիշել հայրենիքը. «Փախա քեզանից, լացիր դառնագին ու կանչեցիր ինձ, սակայն տառապանքն ուժեղ էր քեզանից, իսկ ես անբաժան նրա հետ… Ես քեզ համար լալով լացի, իմ հայրենի՛ք… կարոտդ շղթայի պես կախվեց իմ թեւերից ու ղողանջում է անդադար ու ճնշում է անդադար…»:
Չնայած իր կյանքի մեծ մասն անց է կացրել Ռուսաստանում, Շուշանիկը մշտական շփման մեջ է եղել հայ մտավորականների հետ: Նա նամակներ է փոխանակել գրողներ Հովհաննես Թումանյանի, Ավ. Իսահակյանի եւ Ղազարոս Աղայանի, դերասաններ Վրթանես Փափազյանի եւ Հովհաննես Զարիֆյանի, արվեստաբան Գարեգին Լեւոնյանի հետ: Կուրղինյանը նաեւ լավ ծանոթ էր Պոլսի հայ կին գրողներին եւ մտերիմ էր թուրքահայ գրող եւ լրագրող Արշակուհի Թեոդիկի հետ:
Շուշանիկ Կուրղինյանը Հակոբ Հակոբյանի հետ դարձել է հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիրը։ Հետհոկտեմբերյան շրջանում, 1917-1922 թթ. նա ստեղծել է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը փառաբանող, աշխատանքային պաթոսով համակված մի շարք երգեր։ Խորհրդային դպրոցն ավարտածները հիշում են Կուրղինյանի «Բանվորները» բանաստեղծությունը, որն անգիր էին հանձնարարում.
«Այդ մենք ենք գալիս`
Մաշված բաճկոններ, յուղոտ ու մրոտ,
Տրորված գդակ, աղտոտ մազերով…»
Խորհրդային Միության փլուզումից հետո դպրոցական ծրագրերից ջնջվեց Կուրղինյանը: Անկախության սերնդին եթե հարցնենք՝ ո՞վ է Շուշանիկ Կուրղինյանը, կլսենք «չգիտեմ» պատասխանը: Բանաստեղծուհու անունը մնացել է միայն ավագ սերնդի դպրոցական հիշողություններում: Սակայն նրա ստեղծագործությունները այսօրվա հայ իրականության մասին էլ են, դրանք չեն կորցրել իրենց արդիականությունը, այնուամենայնիվ, բանաստեղծուհու անունը ծանոթ է շատ քչերին։ «Ես քեզ երգեցի աղոթքների տեղ, քեզ պաշտեցի աստվածների փոխարեն։ Դու ես աղբյուրն իմ զորության, իմ հայրենի՛ք…»,-գրել է Շուշանիկ Կուրղինյանը:
Ցավոք, բանաստեղծուհու հոբելյանից մի քանի օր անց ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացրեց, որ Կոմիտասի անվան պանթեոնի տարածքից անհայտ անձը կամ անձինք գողացել են ականավոր գրողի կիսանդրին։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առթիվ դիմել է իրավապահներին։
Այնուամենայնիվ, Կուրղինյանի պոեզիան այս ցածր քայլից չի տուժի։
Սոնա ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.04.2021