Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հուսով եմ, ապրիլի 24-ին նոյեմբերի 9-ի նման անդառնալի անակնկալներ չեն լինի»

Ապրիլ 10,2021 15:30

«Որպես այս հանդիպման ընթացքում տեղի ունեցած վառ օրինակ կարող եմ բերել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը, որի անհրաժեշտությանն իր խոսքում անդրադարձավ ՀՀ վարչապետը: Այն նույն վարչապետը, որն անցած տարի հունիսին հրաժարվեց ատոմակայանի երկրորդ էներգետիկ բլոկի աշխատանքների երկարաձգման համար ռուսական վարկային միջոցներից: Ի դեպ, այդ վարկը մենք ստացել ենք դեռեւս 2014 թվականից սկսած»,-«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին անդամ Նաիրա Կարապետյանը:

– Նախօրեին տեղի ունեցավ ՌԴ նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպումը. մինչ այդ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել էր ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական նոր հարաբերությունների անհրաժեշտության, բանակի բարեփոխումներում ՌԴ-ի ներգրավվածության մասին: Հանդիպման արդյունքներից ի՞նչ դատողություններ է հնարավոր անել:

– Ռուս- հայկական ռազմաքաղաքական հարաբերությունների մասին խոսելիս նախ անհրաժեշտ է պատկերացնել ներկա իրավիճակը եւ իրական վտանգները: ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը անվտանգության խնդրի մասին խոսելիս, բառացիորեն նշեց անվտանգությունը «Լեռնային Ղարաբաղում, նրա շուրջ, Հայաստանում եւ ընդհանուր տարածաշրջանում»: Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրը մտել է առաջնահերթ օրակարգ, եւ այստեղ նախ պետք է արձանագրել, որ դա կատարվել է նույն Նիկոլ Փաշինյանի` Ալիեւի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածությունների» արդյունքում, որոնք չկան նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, եւ որոնց շնորհիվ ՀՀ-ն տարածքային զիջումներ է անում Ադրբեջանին: Ես ի նկատի ունեմ Շուռնուխ գյուղը, Գորիս- Կապան ճանապարհահատվածը, մի շարք կարեւոր դիրքեր եւ այլն: Շատ բնական է, որ վտանգի ավելացման հետ պետք է հստակեցնել Հայաստանի սահմանապահ զորքերի եւ Ռուսաստանի հետ համագործակցությունը` Հայաստանի սահմանների անվտանգության ապահովման հարցում:

Այլ հարց է, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս ենք հասել այս պատկերին, եւ, արդյոք, ազնիվ է Փաշինյանի կողմից նոր հարաբերությունների անհրաժեշտության մասին շեշտադրումը, եթե առկա ռազմաքաղաքական հարաբերությունները, ինչպես տեսանք, ամբողջ ծավալով չօգտագործվեցին Ադրբեջանի կողմից մեր հանդեպ իրականացված ագրեսիայի եւ պատերազմի ժամանակ:

Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից նախկինում արված հայտարարություններին, ես կխուսափեի դատողություններ անելիս որեւէ շեշտ դնել դրանց վրա, քանի որ բազմիցս ականատես ենք եղել՝ ինչպես է նա ինքն իրեն հակասում, շատ ժամանակ հերքում, իսկ ինչն ավելի ցավալի է` ուրիշներն են հերքում իր ասածները:

Միայն «Իսկանդերի» հետ կապված պատմությունը, կարծում եմ, առավել քան խոսուն է: Ցավոք, նրա հակասականության օրինակները շատ են, եւ դա տեսանելի է ոչ միայն Հայաստանում:

– Փաստացի, ՌԴ-ն այսօր Հայաստանում երկու ռազմաբազա ունի, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, Հայաստանին վերաբերող հարցերը լուծվում են բացառապես ՌԴ-ի տիրույթում, խոսվում է ՀՀ ԶՈՒ արդիականացման գործընթացում ՌԴ-ի ներգրավվածության մեծացման մասին. հիշեցնեմ, ուղղակի, որ այս իշխանությունն ի սկզբանե դեմ էր արտահատվում ՌԴ-ի դերին` մեր իրականության մեջ, ավելին, Հայաստանին համարում էր ՌԴ-ի ֆորպոստ: Ի՞նչ անուն տալ սրան:

– Արտաքին հարաբերությունների գլոբալ տապալման արդյունքում մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ փոշիացված են հարաբերությունները մեր բարեկամ պետությունների հետ, Հայաստանի իմիջային ընկալումը խիստ փոխված է: Անգամ Ռուսաստանի Դաշնության հետ մեր ռազմավարական ամուր հարաբերություններն այնքան են խեղաթյուրված, որ նույնիսկ մեր հանրության մեջ այս հարաբերությունները ընկալվում են այլ տեսանկյունից:

Ինչ վերաբերում է Փաշինյանի նախկին գնահատականների հակասականությանը` ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ, ապա սա անընդհատ տեղի ունեցող գործընթաց է. Փաշինյանը հակասում է ինքն իրեն ոչ միայն ընդդիմադիր եղած ժամանակ արված արտահայտություններում եւ քայլերում, այլ նաեւ այս երեք տարիների ընթացքում` լինելով երկրի ղեկավար: Որպես այս հանդիպման ընթացքում տեղի ունեցած վառ օրինակ կարող եմ բերել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը, որի անհրաժեշտությանն իր խոսքում անդրադարձավ ՀՀ վարչապետը: Այն նույն վարչապետը, որը անցած տարի հունիսին հրաժարվեց ատոմակայանի երկրորդ էներգետիկ բլոկի աշխատանքների երկարաձգման համար ռուսական վարկային միջոցներից: Ի դեպ, այդ վարկը մենք ստացել ենք դեռեւս 2014 թվականից սկսած:

– Վլադիմիր Պուտինը նրբորեն շրջանցեց կամ անարձագանք թողեց Նիկոլ Փաշինյանի` գերիների` չլուծված խնդրի մասին դիտարկումը: Հետեւությունը ո՞րն է:

– Մեր այսօրվա իշխանությունները ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցը որպես նախապայման դնելու բոլոր հնարավորությունները շատ հետեւողականորեն կորցնում են, եւ ակամայից տպավորություն է ստեղծվում, թե սա առաջնահերթ հրատապության տիրույթում չէ: Այս հանդիպումն էլ բացառություն չէր` Նիկոլ Փաշինյանի խոսքում չկար անհրաժեշտ վճռականությունը եւ խիստ շեշտը: Մեր հայրենակիցները, ինչպես Փաշինյանը արտահայտվեց` «պահվող անձինք» արդեն հինգ ամիս է, ինչ թշնամու մոտ են, եւ կարծում եմ հենց այս հարցը պետք է լինի կենտրոնում:

– ՀՀ իշխանությունը պատերազմից հետո, բավական հետեւողականորեն գնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների ձեւավորման ճանապարհով: «Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է: Տարածաշրջանում բարեկեցություն ապահովելուն զուգահեռ` մենք հնարավորություն ունենք իրականացնել կարեւոր նախագծեր եւ կարգավորել հարաբերությունները: Եթե Հայաստանը դրան դրական արձագանքի, ապա Հարավային Կովկասը հետագայում կարող է դառնալ խաղաղության եւ կայունության տարածաշրջան»,-երեկ էլ նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն: Ինչպե՞ս եք վերաբերվում հայ-թուրքական հաշտեցման այս գործընթացին: Ապրիլի 24-ին ընդառաջ ի՞նչ զարգացումների պատրաստ պետք է լինենք:

– Իշխանական տարատեսակ ներկայացուցիչների կողմից իրոք հնչում են Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հիմնելու անհրաժեշտության քարոզ, եւ ինչը ցավալի է, որպես հիմք բերվում է տնտեսական բաղադրիչը`«լավ ապրելու» տեսության ներքո:

Իմքայլականները` վարչապետի գլխավորությամբ, մտադիր են «թշնամանքի թափանիվը» կանգնեցնել: Այն, որ սա արվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի սպասարկման համատեքստում, վկայում է գոնե այն փաստը, որ Թուրքիան սկսել է բացահայտ արտահայտվել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին՝ անթաքույց պաշտպանելով Փաշինյանի գիծը:

Այսօր այս պայմաններում Թուրքիայի հետ հարաբերությունների հարթեցումը ունի հսկայական վտանգ: Եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ մենք կարող ենք ուրանալ Ցեղասպանության մեր նահատակների առջեւ ունեցած պարտքը, մոռանալ դեռեւս վեց ամիս առաջ մեր տղաներին սպանող թուրքական «Բայրաքթարները», մեր եկեղեցիները պղծող թուրքական կանոնավոր բանակի զինվորներին, մենք պետք է գիտակցենք, որ այս քայլով մենք լեգիտիմացնում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիան մեր նկատմամբ, պատերազմի մեղքը վերցնում ենք մեզ վրա` միջազգային ասպարեզում մաքրելով թուրքական այս երկու պետությունների հանցագործությունները:

Հուսով եմ, ապրիլի 24-ին նոյեմբերի 9-ի նման անդառնալի անակնկալներ չեն լինի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930