Աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ բռնցքամարտի իր երկրորդ մենամարտում առաջին կիսամիջին քաշային կարգում 35 վայրկյանում իրանին հասցված դիպուկ հարվածով նոկաուտի ենթարկեց Ուկրաինան ներկայացնող ազգությամբ թուրք Բինալի Շախմանդարովին: Մրցակիցը մրցավարին ցույց տվեց, որ մարտը շարունակել ի վիճակի չէ: Սա Հայաստանի ազգային հավաքականի անդամի երկրորդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում:
Բաչկովի այս մենամարտը նախապես նշանակված էր փետրվարի 27-ին, Ալմաթիում եւ հայ մարզիկի մրցակցի անունը այն ժամանակ դեռ հայտնի չէր: Այդ մարտը հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ