Անհայտ կորածների եւ գերեվարվածների ծնողների մի մասը դուրս եկան ՊՆ շենքից: 1,5 օրվա պայքարից հետո, Պաշտպանության նախարարությունում համաձայնեցին ընդունել եւ լսել նրանց: Նրանք ԳՇ պետի հետ են հանդիպել: Հանդիպումը տեւել է մոտ չորս ժամ:
Հիշեցնենք, որ անհայտ կորածների ծնողները երեկ առավոտից շրջափակել էին Պաշտպանության նախարարությունը: Կեսգիշերին նրանց էին միացել նաև գերեվարվածների ծնողները: ՊՆ-ի մոտ բավական լարված իրավիճակ էր:
Մոտ երեք ժամ անց ցուցարարներից մի քանիսը նախարարության շենքից դուրս եկան` բարկացած, զայրացած եւ տարբեր հայտարարություններ էին անում այն մասին, որ այլեւս «ամենադաժան ձեւով են վարվելու»:
Իսկ հանդիպման ավարտից հետո դուրս եկած ծնողները, լրագրողների հարցերին ի պատասխան ասում էին. «Ինչ հարց տալիս ենք, ասում են`չգիտենք», ծնողներից մեկն էլ ասաց`«ասել են գերի չենք կարող բերել»:
Կարդացեք նաև
Ծնողները պնդում են, որ «այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին, ԳՇ պետը`հատկապես: Ասում են`աշխատում ենք, աշխատում ենք, բայց ի՞նչ են անում, ոչ մի բան էլ չեն անում»: Ծնողներից մեկն էլ ասաց, որ «այնպիսի մի պատասխան ենք ստացել, որ ուղղակի խայտառակություն է»:
Ծնողները հանդիպումից հետո առանձնացան քննարկման`լրագրողներին հորդորելով`չնկարահանել իրենց, քանի որ այն, ինչ խոսելու են, հրապարակման ենթակա չէ: Նրանք որոշում են իրենց հետագա անելիքները:
Ցուցարարները ապաշրջափակեցին նախարարության բոլոր ելքերն ու մուտքերը։ Դրանք փակ էին պահել մոտ 36 ժամ։ ՊՆ աշխատակիցներն անարգել դուրս են գալիս։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ