«Հայաստանում տասնամյակներ շարունակ հաստատվել է օտարին ծառայող կիսագաղութային բռնապետական ռեժիմ, դրա հետեւանքով մենք չունենք բառի իրական իմաստով հասարակական քաղաքական համակարգ, քաղաքական ինստիտուտներ, այդ թվում կուսակցություններ: Եղածը ձեւական է եւ չկայացած, շատ դեպքերում ռեժիմի ազդեցությանը ենթակա»,-Ազգային Ժողովրդավարական բեւեռի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺԲ անդամ Արա Պապյանը:
Նրա խոսքով, նման պայմաններում կուսակցական միավորները կարճ ժամանակ անց ճաքեր են տալիս եւ փլուզվում, քանի որ նման ռեժիմի պայմաններում հնարավոր չէ պահպանել համախմբումը: Արա Պապյանը կարեւորում է վերկուսակցական համախմբումը՝ ոչ թե հանուն իշխանության կամ մի խումբ անձանց շահերի, այլ խորացող ճգնաժամը վերացնելու հակաճգնաժամային ծրագրի շուրջ, որի իրագործման համար անհրաժեշտ է կազմավորել հակաճգնաժամային կառավարություն: Նրա խոսքով, իրոք անկեղծ ուժերը, որոնց նպատակը ճգնաժամի հաղթահարումն է ու ազատագրական պայքարը, կգան Ազատության հրապարակ եւ կմիանան իրենց:
«Ներկայիս ապիկար իշխանությունը Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ նախաձեռնել է Թուրքիայի հետ բարեկամություն հաստատելու անթաքույց գործընթաց՝ փորձելով մոռացության մատնել հայ ազգի նկատմամբ գործած սարսափելի ոճիրը, նսեմացնելով դրա ճակատագրական եւ ողբերգական նշանակությունը հայրենազրկված հայ ազգի համար…Խստորեն դատապարտում ենք իշխանության ազգադավ քաղաքականությունը»,-ասաց Արա Պապյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ