Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ:
Հանդիպման ընթացքում նախարարները կարևորել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առկա հայ-ռուսական համագործակցությունը և ընդգծել երկկողմ հարաբերությունների՝ ավանդական բարեկամական կապերի ամրապնդման և հետագա զարգացման անհրաժեշտությունը, քննարկել են համագործակցության մի շարք հարցեր՝ ուղղված գիտության և բարձրագույն կրթության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:
Վահրամ Դումանյանն ու Վալերի Ֆալկովն անդրադարձել են նաև Միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագրին, որը երկկողմ համագործակցության ձևաչափով երիտասարդներին ՀՀ և ՌԴ առաջատար բուհերում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն է տալիս:
ՀՀ և ՌԴ նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանում ռուսական կողմի մասնակցությամբ հիմնադրված բուհերի և բուհերի մասնաճյուղերի գործունեության և զարգացման հեռանկարներին:
Կարդացեք նաև
ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վ. Ֆալկովը հայտնել է, որ 2021 թվականին Սոչիի «Սիրիուս» կրթական կենտրոնում կազմակերպվելու է «Մաթեմատիկա» կրթական ծրագրի միջոցառումը, իսկ 2022 թվականի հուլիսի 6-14-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու Մաթեմատիկայի միջազգային կոնգրեսը։ Նա Վ. Դումանյանին սիրով հրավիրել է մասնակցելու այդ երկու կարևոր միջոցառումներին:
Նախարարները քննարկել են նաև գիտության ոլորտում համագործակցության հնարավորություններն ու խնդիրները: Նշվել է, որ համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի նաև գիտական նոր զարգացումների ապահովմանը: ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վ. Ֆալկովը հայտնել է, որ Ռուսաստանի գիտության հիմնադրամն իրականացնում է դրամաշնորհային ծրագրեր, և ուրախ կլինի, որ Հայաստանի կրթագիտական կառույցները նույնպես մասնակցեն այդ նախագծերի մրցույթներին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ընդլայնել համագործակցությունը նոր ծրագրերի իրականացմամբ, փորձի և տեղեկության փոխանակմամբ:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ