Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքի ղեկավարը ապօրինի աճուրդի միջոցով չնչին վարձավճարով համայնքապատկան հողը վարձակալության է հանձնել իր մորը, ապա 425-ապատիկ թանկ հանձնել ենթավարձակալության

Ապրիլ 09,2021 19:11

Շիրակի մարզի դատախազությունում 2020թ. ապրիլի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308֊րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ մարզի Փոքր Սարիարի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից համայնքապատկան հողամասերը վարձակալության հանձնելու գործընթացում առերևույթ չարաշահում թույլ տալու դեպքի առթիվ:

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2002-2016թթ. Փոքր Սարիար համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Ա.Ա.-ն, ով դրանից հետո հանդսանում է Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալը, նախապես տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատա­րած­քում հեռա­հաղորդակցության օպերատոր ընկերութ­­յան կողմից ալեհավաք կայան տեղա­դրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց վարձավճար վճարելու պատրաստա­կամութ­յան մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողա­մասի օգտագործման դիմաց ակնկալվող վարձավճարների մուտքա­գրումն համայնքային բյուջեի փոխարեն ուղղել իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ 2006թ. օգոստոսի 21-ին իր մոր` Օ. Դ.-ի հետ կնքել է գյուղատնտեսական նշանակության 1 հա մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով՝ տարեկան ընդամենը 1125 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության հանձնելու պայմանագիր:

Պայմանագրի հիմքում դրվել է 2006թ. հուլիսի 17-ի մրցութային հանձնաժողովի արձանագրությունը, համաձայն որի՝ ինքը՝ համայնքի ղեկավարը, հանդիսացել է մրցույթի հանձնաժողովի նախագահ՝ խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջները, համաձայն որոնց սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխա­ները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը:

Այնուհետև, համայնքի ղեկավարը վարձակալության պայմանագիր կնքելուց երեք օր անց՝ 2006թ. օգոստոսի 24-ին, մոր միջոցով նույն հողամասը տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է հանձնել բջջային օպերատոր հանդիսացող ընկերությանը, որի արդյունք­ում մինչև 2020թ. փետրվարի 17-ն  ընկած ժամանակահատվածում ստացել է ընդհանուր 5.8մլն ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ՝ փոխարենը համայնքի բյուջե որպես վարձավճար փոխանցելով միայն 15.000 ՀՀ դրամ: Այդ կերպ համայնքը զրկվել է նշված չափով եկամուտ ստանալու հնարավո­րութ­յունից:

2021թ. մարտի 30-ին Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաքննության ընթացքում վերջինս հանցագործությամբ պատճառված նյութական վնասից վերականգնել է 2.7մլն ՀՀ դրամը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվելուց հետո քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Շիրակի մարզի 14 համայնքներում պարզված՝ համայնքապատկան հողատարածքների վարձակալության և ենթավարձակալության  նմանատիպ հանցավոր դրսևորումների կապակցությամբ հարուցվել է ընդհանուր առմամբ 13 քրեական գործ, որոնցով համայնքների գործող կամ նախկին 6 ղեկավարների առաջադրվել են մեղադրանքներ: Քրեական գործերով հայտնաբերվել է համայնքներին պատճառված ընդհանուր 89մլն ՀՀ դրամի վնաս, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է մոտ 14մլն ՀՀ դրամը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930