Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա Վիգեն Սարգսյանի վատագույն նվերն էր մեզ, որ կարելի էր անել». Քրիստինե Պողոսյանը հորդորում է տարկետումը վերադարձնել

Ապրիլ 09,2021 18:01

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի նախագիծը, որով առաջարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարել տարկետման մասին: Մասնավորապես, ավելացվում է, որ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն կառավարության որոշմամբ մեկ անգամ կարող են տալ տարկետում՝ մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը:

Հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց, որ տարկետումը պետք է վերադարձնեն. «Ընդունեք սա իմ սեփական օրակարգ: Մենք պետք է ունենանք իրավիճակ, որ սա ընդունելով հիմա՝ 4 տարի հետո բանակում կունենանք կրթված երիտասարդներ: Որքան էլ ասվում է, որ սա կօգտագործվի բանակից խուսափելու համար, նույնիսկ այդ պարագայում մենք պետք է գնանք այդ ռիսկին: Դա վատագույն քայլն էր, որ արվեց ժամանակին կրթության եւ պաշտպանության նախարարությունների կողմից: Դա Վիգեն Սարգսյանի վատագույն նվերն էր մեզ, որ կարելի էր անել, որովհետեւ բանակը պետք է ունենա բարձրագույն կրթությամբ զինվորներ: Որքան էլ կան մարդիկ, որ ասում են՝ համալսարանում ուսանողները չեն սովորում, այդպես չի: 4 տարվա կրթությունը կոնկրետ աշխարհայացք է փոխում տղաների մոտ: Մենք մի օր պետք է գնանք այդ քայլին ու տարկետումը պետք է վերադարձվի»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը համաձայնեց այդ տեսակետին՝ ասելով, որ «եթե մեր անվտանգության համակարգը մարսի այսօրվա իրավիճակը», կարող են եւ գնալ այդ քայլին: Քոչարյանը նաեւ առաջարկեց այլ մոդել կիրառել՝ կրթությունը տեղափոխել բանակ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930