2021 թ․մարտի 18-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Երևան) տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թ․մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրի 100-ամյակին։
Խ․Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են հայտնի պատմաբաններ, քաղաքագետներ, իրավագետներ, փորձագետներ Հայաստանից և Ռուսաստանից։
Մոսկվայի պայմանագրի դերի և նշանակության, դրա հնարավոր չեղարկման և բազմաթիվ այլ հարցերի շուրջ ներկայացնում ենք Մոսկվայում գործող կովկասագետների միության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովի հետ։
Փորձագետի խոսքով, Հայաստանում կարծիք է ձևավորվել, ըստ որի Մոսկվայի պայմանագիրն ուղղված էր հայերի դեմ և ըստ էության «դատավճիռ» էր հայերի թիկունքում, Լենինի և Աթաթուրքի իրականացրած «դատավճիռը»։ Եվ դա նույնիսկ ոչ թե պատմաբանների տեսակետն է, այլ ընդամենը քաղաքական մեկ ուժի՝ ՀՅԴ-ի կարծիքը։ Կռիլովը հիշեցնում է, որ հենց դաշնակցությունն էր Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ իշխանության ղեկին։
«Առ այսօր տարածված է դաշնակցականների կարծիքը, որոնք արդարացնում են իրենց քաղաքականությունը Ռուսական կայսրության փլուզումից հետո և որոնք առավելագույնս իդեալականացնում են Առաջին հանրապետության դերը։ Նրանք ամեն ինչում մեղադրում են խորհրդային Ռուսաստանին, կոմունիստներին և այլն։ Այս դեպքում մենք, ցավոք, տեսնում ենք, որ Հայաստանում հետխորհրդային այս տեսակետը շարունակում է մնալ գերիշխող և կարելի է ասել դարձել է գլխավոր պատմական վարկածն այն իրադարձությունների հետ կապված, որոնք Կովկասում տեղի են ունեցել 1920-1921 թվականներին։
Կարդացեք նաև
Չի կարելի ասել, թե ինչ-որ արմատական ուժեր այդ տեսակետն օգտագործում են իրենց քաղաքական նպատակների համար, պարզապես դա պատմության ազգային վարկածն է, որ ունի Հարավային Կովկասում ապրող յուրաքանչյուր պետություն»,-ընդգծել է պատմաբանը։
Փորձագետի բնորոշմամբ, թե՛ Վրաստանը, թե՛ Հայաստանն ու Ադրբեջանն իրենց պատմությունն ունեն, որոնք գրվել են Խորհրդային Միության փլուզումից հետո․այդ ամենում կան հակասություններ, իրականության հետ աղերս չունեցող դիպվածներ։ Դրա նպատակն այն է, որ ապացուցվի, թե ազգային պետությունն այսպես ասած «սուրբ կով» է, և հանուն դրա բազմաթիվ պատմական փաստեր են հիշատակվում, որոնք իրականության հետ չեն համընկնում։
«Եթե խոսենք արդի շրջանում քաղաքական շահարկումների մասին, ապա մեծ հաշվով այս գաղափարախոսությունը թույլ է տալիս շահարկել նաև անցյալ տարի տեղի ունեցած իրադարձությունները։ Կարող ենք մատնանշել եռակողմ համաձայնագիրը, որով վերջ դրվեց Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմին։ Այդ համատեքստում ՌԴ-ի դեմ տրամադրված որոշ ուժեր կարող են այդ փաստը ներկայացնել որպես Հայաստանի երկրորդ բաժանում՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Իսկ 100-ամյա պատմական փաստն օգտագործվում է որպես վերոնշյալ մտքի բացատրություն»,-նկատել է Կռիլովը։
Խոսելով պատմության մասին, գիտնականը բացատրում է, որ այն ժամանակ Ռուսաստանը հզոր տերություն չէր, դժվարին իրավիճակում էր, գոյատևելու խնդիր ուներ, ճիշտ այնպես, ինչպես Թուրքիան էր լուծում իր գոյատևման հարցը՝ նկատի ունենալով փաստը, որ իր տարածքի մի մասը զավթել էին Անտանտի գերտերությունները և, փաստորեն, համաձայն Սևրի պայմանագրի, պետք է բաժանվեր հաղթողների միջև։
«Բացի այդ, Ռուսաստանում քաղաքացիական պատերազմ էր, սարսափելի արյունահեղություն, բարդ, ողբերգական պատմություն Ռուսական կայսրության տարածքում ապրող բոլոր ազգերի համար։ Հենց կայսրության փլուզումը բերեց ահա այսպիսի ողբերգական հետևանքների։ Ուստի ամեն ինչ պետք է դիտել ամբողջության մեջ, և ոչ թե միայն խոսել այն մասին, թե եղել է ստոր դատավճիռ Լենինի և Քեմալի կողմից, որից տուժել են հայերը։ Ավելի՛ն, եզրակացություններ են արվում Ռուսաստանի պատմական մեղքի վերաբերյալ, ինչպես նաև քաղաքական քարոզչության ֆոնին շրջանառվում է հակառուսականության թեման։ Բայց եթե ուզում ենք իրապես հասկանալ տվյալ իրավիճակը, կրկնում եմ, անհրաժեշտ է ամեն ինչ դիտել ամբողջության մեջ՝ հաշվի առնելով այն ժամանակ Հայաստան պետության ունեցած ոչ այնքան պատշաճ դերը։
Պատասխանելով Մոսկվայի պայմանագրի չեղարկման վերաբերյալ հարցին, փորձագետը նշել է, որ այն կոնկրետ ժամկետ ու հետևաբար՝ ետհաշվարկ չի սահմանում, եթե կողմերից մեկն, իհարկե, չհրաժարվի պայմանագրից։ Բոլորովին հասկանալի չէ, թե Ռուսաստանը, օրինակ, ինչպես կարող է նախաձեռնել պայմանագրի հրաժարում, երբ իրեն այժմ սահմանակից է ոչ թե Թուրքիան, այլ տարբեր պետություններ, որոնք արդեն 30 տարի է՝ անկախ են։
Նման նախաձեռնությամբ կարող են հանդես գալ տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ նաև Թուրքիան, եթե իհարկե նման ցանկություն ունենա։ Իսկ նման քայլի Անկարան չի գնում։ Մյուս կողմից, Ռուսաստանը, հնարավոր է, նման տարբերակ դիտարկի, եթե պայմանագրի չեղարկման պահանջով վերջինիս դիմեն Հայաստանը, Վրաստանը կամ Ադրբեջանը։
«Այդուհանդերձ հարց է առաջանում․ ո՞ր սահմաններին կվերադառնա Հայաստանը։ Ո՞ր սահմանը արդարացի կհամարեն մեր հայ գործընկերները։ Մենք կոնֆերանսի ժամանակ լսեցինք միայն մեկ վարկած, ըստ որի՝ արդարացի սահմանը Ռուսական կայսրության սահմաններն են՝ Կովկասում իր առավելագույն ընդարձակման ժամանակաշրջանում։ Դա բավականին մեծ հողատարածք է, որն այժմ պատկանում է Թուրքիային։ Կա նաև այլ տեսակետ, որը թեպետ չհնչեց, այնուամենայնիվ՝ երբ Անտանտի անդամ գերտերությունները բաժանեցին Օսմանյան կայսրությունը՝ խոսքը Սևրի պայմանագրի մասին է, այն ժամանակ թե՛ Հունաստանին, թե՛ Հայաստանին մեծ տարածքներ բաժին հասան, Անտանտի երկրներին ևս տարածքներ անցան, և, ինչպես գիտենք, թուրքական ուժերը Աթաթուրքի գլխավորությամբ չհամաձայնեցին այդ ամենին, ինչին հաջորդեց պատերազմը, ապա պայմանագիրը չեղարկվեց և 1919 թ․այդ պատերազմի արդյունքներով կնքվեց սահմանների վերաբերյալ նոր համաձայնագիրը։ Հայաստանը հրաժարվեց կատարել այդ պայմանագրի պայմանները, 1920 թ․կնքելով Ալեքսանդրապոլի համաձայնագիրը, որով փաստորեն Հայաստանը կանգնեց Թուրքիայի տիրապետության առջև, ինչի դիմաց Անկարան խոստացավ օգնել հայերին ընդդեմ Ռուսաստանի։ Եթե լինի վերադարձ Ալեքսանդրապոլի համաձայնագրին, դա կնշանակի, որ Հայաստանը կրկին կզինաթափվի, իսկ Թուրքիան կունենա հնարավորություն իր զորքերն ազատորեն տեղակայելու ՀՀ տարածքում։ Դա, իհարկե, դժվար թե ձեռնտու լինի Երևանին։ Ծայրաստիճան պարզունակ կլինի մտածելը, որ եթե հրաժարվենք Մոսկվայի պայմանագրից, ապա կստանանք տարածքներ. դրանք պարզապես տեսիլքներ են, որոնք իրականությունից հեռու են։
Մոսկվայի պայմանագրից հրաժարվելը ձեռնտու է Թուրքիային, որն այդ դեպքում կարող է հավակնել միմիայն ի՛ր սահմանների ընդարձակմանը, այլ ոչ թե Հայաստանի»,-եզրափակել է Ալեքսանդր Կռիլովը։
Մոսկվայի հայկական թանգարան