Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ. «Հայաստանն ու հայ ժողովուրդը կորցրեցին լավագույն զավակներից մեկին. վախճանվել է ամերիկահայ հայտնի բարերար, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանը:
Մարդ, որը հայրենապաշտության և հայրենասիրության ինքնատիպ օրինակ էր:
Մարդ, որի համար Հայաստանը պարզ զգացմունքի Հայրենիք չէր, այլ՝ անկեղծ նվիրումի և հավատարմության նպատակակետ, որին ծառայեց մինչև իր կյանքի վերջը, ծառայեց այդ բառի ամենալայն իմաստով:
Հրայր Հովնանյանը մասնակիցն էր Հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի շենացմանն ուղղված ամենատարբեր ծրագրերին՝ թե՛ որպես անհատ, թե՛ որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և, անշուշտ, որպես Ամերիկայի հայկական համագումարի հիմնադիրներից մեկն ու հոգաբարձուների խորհրդի երկարամյա համանախագահ, այնուհետև՝ պատվավոր նախագահ:
Կարդացեք նաև
Բախտ եմ ունեցել անձամբ ճանաչել Հրայր Հովնանյանին և նրա ընտանիքին. այնպես, ինչպես նա էր խոսում, մտածում Հայաստանի մասին, այնպես, ինչպես նա էր իր հնարավորություններն ի սպաս դնում ի շահ Հայաստանի ու Արցախի, դեռ պիտի կարողանալ ու դեռ պիտի ձգտել:
Մարդ, որ իր տեսակով հավատարիմ էր իր ազգությանն ու ծագմանը, պատմական հայրենիքի մասին հիշողությանն ու հայրենիքի ապագայի մասին ծրագրերին: Հավատարիմ էր իր էությամբ ու նկարագրով, հավատարիմ էր իր գործով ու ապրած կյանքով: Հավատարիմ էր իր ընտանիքով և զավակներով…
Անկեղծ ցավակցություններս ու վշտակցության խոսքերս եմ հղում Հովնանյան ընտանիքին և Հովնանյան գերդաստանին»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ