Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեորգ Պապոյանի եւ Արտակ Մանուկյանի՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Խոսքը վերաբերում է, այսպես կոչված, 1000 դրամների հիմնադրամին փոխանցվող գումարներին: Հաշվի առնելով ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասով հիմնադրամի առջեւ ծառացած մարտահրավերները, հրատապ կարիք է առաջացել վերանայել մոտեցումները: Նախագծով փորձ է կատարվում ցածր եւ միջին աշխատավարձ ստացող անձանց, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի համար ֆինանսական բեռը մեղմել: Օրինակ,եթե գործող կարգավորմամբ անհատ ձեռնարկատերերը տարեկան վճարելու են 18000-180000 դրամ, ապա առաջարկվող կարգավորմամբ այդ բեռը տարեկան լինելու է 18000-120000 դրամ. սա լավ հնարավորություն է միկրոբիզնես ունեցողների համար:
Ֆիզիկական անձանց համար նախատեսվում է, որ 100 001-ից մինչեւ 150 000 դրամ անվանական աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 3000, այլ 2000 դրամ: 200000-300000 դրամ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 5500, այլ 3000 դրամ: Ամսական 500 դրամով կնվազի նաեւ 300001-500000 դրամ ստացողների վճարելիք գումարը: Հիմնական բեռը կմնա բարձր աշխատավարձ ունեցողների վրա:
Արտակ Մանուկյանն ասաց. «Այն ժամանակ, որ երբ փակ քննարկում ենք արել զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ղեկավարին, այն ժամանակ այնպիսի սցենար էր դրված, որը հիմա, փառք Աստծո, չի քննարկվում: Զոհերի, այն հաշմանդամություն ստացող անձանց մասով ելակետային տվյալներ, կամ կանխատեսումներ էին իրականացվում պատերազմի թեժ ժամանակաշրջանում: Փառք Աստծո, մենք կարող ենք պնդել, որ այդ զոհերի թիվը չի կարող գերազանցել 4000-ը՝ պահպանողական սցենարով: Մենք այս նախագիծը որ դրել ենք, փորձել ենք վիճակագրական տվյալները համեմատենք»:
Կարդացեք նաև
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ անհատ ձեռնարկատիրոջ համար երբ արտոնություն է սահմանվում, բարձր աշխատավարձ ստացող մարդիկ ԱՁ կստեղծեն ու կխուսափեն վճարումներից, անունը կդնեն, որ այսքան ձեռնարկատեր է գրանցվել, բայց դրանից բյուջեն ըստ էության չի շահի:
«Իմ քայլից» Քրիստինե Պողոսյանն ասաց, որ ԱԺ-ն ամեն ինչ անում է, որ հիմնադրամը ժամանակին բոլոր փոխանցումներն անի, բայց ընտանիքներ են դիմում իրեն, պարզվում է՝ մայրը երեխայի հետ մենակ է մնացել ու դեռ որեւէ փոխհատուցում չի ստացել: Ըստ նրա, երբեմն թղթով կարող է ամեն ինչ ճիշտ լինել, բայց իրականում այլ պատկեր լինել:
Նախագիծը քննարկվեց, բայց համահեղինակ Արտակ Մանուկյանն առաջարկեց քվեարկությունը հետաձգել՝ որոշ ճշտումներ անելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ