Հարցազրույց նախկին Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից, կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանի հետ
-Դուք «Գիտուժ» շարժումը անվանեցիք «ձաձա ջան փող տուր-2», բայց չե՞ք կարծում, որ նրանց ջանքերի շնորհիվ գիտության բյուջեն ավելացրեցին 2,7 մլրդ դրամով։
-Շարունակում եմ նույն ձևով անվանել։ Իսկ հերթական համար 2-ը լինելու մեջ համոզվեցի՝ կասկածներս փարատվեցին «Երկրի հարցը» հաղորդաշարի ընթացքում Արթուր Իշխանյանի հարցազրույցից հետո։ Նույն «հոգևոր առաջնորդը», նույն մոտեցումները։ Հիմա էլ սրանք են դարձել իշխող ուժի նախընտրական շտաբ՝ գիտության մասին շաղակրատող խառնիճաղանջ ընտրազանգվածին հանգստացնելու համար։ Նախորդ շարժման մասնակիցները տեղավորվեցին պետական «տաքուկ և հարմարավետ» պաշտոններում՝ նայեք ԳՊԿ և ԿԳՍՄ կազմը։ Սրանց ինչ են տալու՝ չգիտեմ, բայց կռահել կարելի է։ Նկատեք, ապաքաղաքական ձևանալու անվան տակ ոչ մի թթու բառ չեն ասում իշխանությունների հասցեին, քողարկված գովաբանում են։ Իսկ ինչ վերաբերում է այդ 2,7 ավելացված մլրդ-ին, ասեմ՝ 0,7-ը դա նախօրոք կրճատվածի վերադարձ է։ 1-ը արդեն «կերել» է ինֆլյացիան` դրամի մոտ 10 տոկոս արժեզրկվելու պատճառով։ Մնացած 1 մլրդը պարզապես կարելի է դիտարկել մինչև տարվա վերջ անխուսափելի ինֆլյացիայի փոխհատուցում։ Արդյունքում ունենալու ենք լրացուցիչ նոր 50 թեմա, որը նորից գիտությանը օգուտ տալու փոխարեն դառնալու է բեռ գիտության ծիծաղելի բյուջեի վրա։
-Եթե ձեզ լսենք, ոչ բյուջեն ավելացնելն է լավ, ոչ նոր թեմաները․․․
Կարդացեք նաև
-Գոյություն ունեցող գիտական համակարգը իր կազմով հանգիստ կփոշիացնի ամբողջ գումարը, եթե նույնիսկ 10 անգամ ավելացնես։ Պարզապես միջին աշխատավարձը կդառնա մոտ 600 հազար դրամ և նույն գիտական արդյունքը կունենանք՝ չնչին տարբերությամբ։ Խնդիրը համակարգի ձևն ու բովանդակությունը փոխելու մեջ է։ Ի՞նչ ենք ուզում ունենալ՝ ակադեմիական, թե՞ համալսարանական գիտություն։ Չպատասխանելով այս հարցին, չտալով հստակ պատկերը, թե ինչ ենք ունենալու 2,5 և 10 տարի հետո՝ զբաղվում են անիմաստ նախընտրական պոպուլիզմով։ Իսկ եթե 50 նոր թեմաներ կան իրենց ռեալ ղեկավարներով և կատարողներով, ինչում խիստ կասկածում եմ, արդեն գոյություն ունեցող և տարիներ շարունակ ֆինանսավորվող թեմաներից հենց հիմա կարող եմ նշել 100-ը, որոնք անիմաստ են և կարելի է փակել։ Խնդիրը թեմաների քանակը ավելացնելու մեջ չէ։ Ձեր նշած դրական քայլերը սոցիալական պրոբլեմները թեթևացնելու ոլորտից են։ Եթե նույնիսկ գիտական արդյունքի վրա դրանք ունենան դրական ազդեցություն՝ դա կլինի տասնամյակներ հետո։ Չեմ կարծում, թե դա ճիշտ ուղի է գիտությունը զարգացնելու համար։
-Իսկ ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքը չի՞ օգնի այդ հարցերը լուծելու, ինչպես պնդում են հեղինակները:
-Այդ օրենքը լավագույն դեպքում կարող էր դառնալ, և կարծում եմ դարձել է․ կոնկրետ մարդկանց ռեկտոր նշանակվելու «բազառների» ուղեցույց։ Ուրիշ ոչինչ։
Իսկ այն, որ ոչ միայն չեն լուծվել կրթության և գիտության կազմակերպման հիմնահարցերը, այլ նույնիսկ հստակ չեն էլ ձևակերպվել՝ տեսանք և համոզվեցինք վերջերս։ Գյուղական «ակտիվի» մոտ նախընտրական քարոզչության շրջանակներում ուսանողա-ակադեմիական քաղաքի մասին արված անհեթեթ հայտարարությունը, պոպուլիստի առաջարկած ուղիները և հետագա դատարկաբանությունը սրա ապացույցն են։ Շփոթելով ակադեմիական քաղաքը (ինչպիսիք կային սովետական շրջանի Ռուսաստանում և նրան հարող մի 2 երկրում) ուսանողական կամպուսի հետ՝ ինչ ասեմ, սա արդեն «ֆիլմի վերջն է»։
Ես 3-4 տարի ապրել և աշխատել եմ Պուշչինոյում՝ սովետական ամենամեծ ակադեմիական քաղաքներից մեկում։ Աշխատել եմ Նովոսիբիրսկի ակադեմիական քաղաքում, եղել Դուբնայում, Պրոտվինոյում, Չերնոգոլովկայում․․․ Աշխատել եմ տարբեր երկրների համալսարաններում, տեսել նրանց կամպուսները։ 10-15 տարի է՝ ակտիվորեն փորձել եմ բարձրաձայնել խնդիրների և նրանց լուծման եղանակների մասին։ Զուր են եղել թե ջանքերս, թե «թափված արյունը»։
Մի հարց էլ ես տամ, թե՞ արդեն զրկված եմ այդ իրավունքից էլ։ Ի՞նչ եղավ Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորականի մասին արված իմ հարցադրումը։ Որևէ մեկը պատասխանե՞ց, թե ինչու են կոչում տվել, երբ ԲՈԿ կանոններին չի համապատասխանում։
-Ոչ մի արձագանք:
-Չեն էլ պատասխանի, պարզապես հիշեցրի։ Վերջերս քննարկումներ էին Պետրոս Ղազարյանի մոտ։ Մասնակցում էին 5 հոգի՝ մեծն աստվածաբանն էլ էր այնտեղ, ձեր նշած օրենքի հեղինակը։ «Խոստովանեց», որ ուսանողա-ակադեմիական քաղաքի գաղափարը իրենն է։ Եվ դա արվում էր պրոֆեսիոնալ կարիերիստի ճարպկությամբ։ Իբր, եթե խփելու եք՝ ահա ես, շեֆին հանգիստ թողեք։ Բայց դրա տակ «վեհ» գաղափարներ կան ․․․ և ամենը նման տոնով։
Եթե տեսնեք նրան՝ իմ անունից բարևեք, շնորհավորեք դոկտորականը։ Այդ քննարկումների միակ ռացիոնալ մտածողություն ունեցող մասնակիցը Գոգյան Սմբատն էր։ Հստակ հարցերը ձևակերպում էր և, ինչպես միշտ՝ մենակ էր։ Եվ պատահական չէր, որ համակարգը նրան «չընդունեց»։ Համատարած ստախոսություն է և բոլորը փախնում են պատասխանատվությունից։ Միակ հաստատուն գործելաոճը զբաղեցրած աթոռին կառչելն ու ինչ որ ձևով կենցաղն ապահովելն է՝ այլ մոտեցում ունեցողները դիտարկվում են որպես օտար մարմին օրգանիզմում։ Հակագեն-հակամարմին ռեակցիան իրեն սպասեցնել չի տալիս։
-Մի՞թե ամեն ինչ անհույս է, գիտությունը Հայաստանում փրկել կարելի՞ է։
-Իհարկե կարելի է և իհարկե անհույս չէ։ Բայց հարցազրույցով այն մանրամասնելը երևի ճիշտ չի լինի։ Սկզբի համար պետք է դադարենք սուտ խոսելուց։ Քանի որ միջին մարդու բարոյականության վրա հույս դնել չի կարելի, սկզբի համար պետք է խստացնել հաշվետվությունները և ինչ որ ձևով հավաքագրել գոնե ռացիոնալ մտածողությամբ կադրեր։
Օրինակով բացատրեմ։ Արդեն վերը նշված «Երկրի հարցի» հարցազրույցի ժամանակ Իշխանյանը հայտարարեց, որ իրենց ինստիտուտը ժամանակակից և արդիական դարձնելու համար 200 մլն ԱՄՆ դոլար է անհրաժեշտ։ Հակառակ դեպքում ամեն ինչ կորած է։ Առանց մտնելու մանրամասների մեջ՝ պետք է ասվի հետևյալը՝ այդ փողերը չունենք, մոտ ժամանակներս չենք ունենա։ Հաջողություն, գնացեք այստեղից։ Եվ կարիք էլ չկա մանրամասնելու, որ ամեն աշխատակցի «մեջ ներդնել» 1,5-2 մլն դոլար անհեթեթություն է։ Սա է պահանջում ռացիոնալ մտածողությունը։
Տասնամյակներ շարունակ նման զառանցանքի ներկա ենք եղել «Քենդլ»-ի չորս բոլորը։ 300 մլն դոլարից ոչ պակաս արժողությամբ սարքի մասին տարիներ շարունակ շեփորահարում էին։ Պարզ էր, որ այդ գումարները չկան և չեն էլ լինելու։ Նպատակն էլ տրիվիալ ու կենցաղային էր՝ «փող ծամել», ինչպես գրել էի իմ բազում հոդվածներից մեկում։ Արդյունքում ի՞նչ ունենք։ Մի քանի օր առաջ կարդում եմ, որ «Քենդլ»-ի վերջերս մահացած տնօրենի աղջիկը փոխտնօրեն է Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում և լաբորատորիայի վարիչ «Քենդլ»-ում՝ հարցեր կա՞ն։
Սա ամենասովորական լաբորատորիայի չափ ինչ որ կազմակերպություն ամենասովորական կադրերով։ Արագացուցիչը, սինխրոտրոն ճառագայթները չկան և չեն էլ լինի։ Հնարավոր բոլոր ձևերով սուղ գումարներից փողեր էին առանձնացվում այդ անիմաստ ծրագրի համար։ Թեմատիկ, բազային, նպատակային ֆինանսավորում․․․ Եթե նույնիսկ հիմա դադարեն սուտ խոսելուց, չզառանցեն արագացուցիչի և սինխրոտրոն ճառագայթների մասին՝ կարելի է որպես ամենասովորական լաբորատորիա պահել՝ կարող է հետագայում մի արդյունք տա։ Բայց դե էժանագին PR-ի սիրահարների ժամանակաշրջան է։
Միայն ես ճանաչում եմ 15-20 ուժեղ հայ ֆիզիկոս տարբեր սերնդի, 5-10 քիմիկոս, մի քանի կենսաֆիզիկոս։ Եթե նայենք մեր հրատարակած գիտական հոդվածների վիճակագրությունը, առանձնացնենք որակյալ ամսագրերում տպագրվածները, վերլուծենք առանց ԱԺ համապատասխան հանձնաժողովի մեծ մտածողների՝ կունենանք ռեալ պատկերը։ Մի բան, որ հասարակական հիմունքներով անում եմ շուրջ մի տասնամյակ և բաժանում բոլոր շահառուներին։ Այսօր մենք կարող ենք ունենալ մոտ 150 թեմա բոլոր բնագավառներում։ Դա պարզապես մարդկանց թիվն է, որոնք կարող են ղեկավարել թեմաները՝ ելնելով նրանց արդեն իսկ տպագրած աշխատանքներից։ Առանց ղեկավարի թեմա պահելը ապուշության և հանցագործության խառնուրդ է։ Բոլոր միջազգային նորմերով այսքան թեման նշանակում է մոտ 1000 մարդ գիտության բնագավառում՝ հավաքարարից մինչև տնօրեն ներառած։ Պետք է սկսել այս կետից և տանել առաջ։ Մնացածը արդեն թերթային չէ, պահանջում է մասնագիտացված նեղ լսարան…
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Սասուն ջան, շատ զարմանալի է ու քեզանից չէ, որ չես անդրադարձել Բրիտանահպատակ, ֆիզիկոս ու տետրիսի մեծ գիտակի վերաբերմունքին համահայկական լվացքի մեքենա Քենդլի հանդեպ: