Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Գերիների հարցը չի կարող առնչվել հողային հարցի հետ»

Ապրիլ 09,2021 17:05

«Շատ ցավոտ հարց է գերիների հարցը, և Ադրբեջանը կարող է դրա դիմաց հող պահանջել»,- «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց, որ որևէ թիզ հող չի կարող փոխանակվել մարդկանց հետ. «Մեղրիի հարցը չեմ կարծում, որ միայն Հայաստանի հարցն է: Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը ու Իրանը թույլ չեն տան, որ մենք Մեղրին տանք Ադրբեջանին»:

Անդրադառնալով զինծառայողների և գերիների ծնողներին, որոնք բողոքի ցույցեր են կազմակերպում,  Հրանտ Բագրատյանը ասաց. «Գերիների ծնողները, որ այս պահին պաշտպանության նախարարությունում են, բոլոր դեպքում պետք է մեծահոգի լինել և աջակցել: Բայց իրենք պետք է հասկանան՝ մեր գործը մեկն է, գերիների ծնողներ, Ղարաբաղում ծառայող զինծառայողների ծնողներ, որ ձեզ փող են տվել կամ համոզել են, գնում եք կառավարության դիմաց կանգնում եք, այսինքն՝ Ղարաբաղի անապահով տեղը բերում եք Հայաստան՝ Սյունիք, որը ապահո՞վ տեղ է: Ոչ մի բան ապահով չէ: Մեր անապահովության հիմնական աղբյուրը ոչ թե Թուրքիան է, ոչ թե Ադրբեջանն է, այլ Նիկոլ Փաշինյանն է: Եկեք հանենք այս մարդուն, եկեք հեռացնենք այս խաբեբային, հողատուին»:

Նա կարծում է, որ եթե լիներ վարչապետի պաշտոնում, Հայաստանը կհաղթեր պատերազմում, և որ Հայաստանը արցախյան երկրորդ պատերազմում հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ուներ, քան 90-ականներին:

Հրանտ Բագրատյանը համոզված է, որ գերիներին Ադրբեջանը վերադարձնելու է. «Գերիների խնդիրը միայն հայկական խնդիր չէ, միջազգային հանրությանն է, և պետք է աշխատել: Գերիների հարցը չի կարող առնչվել հողային հարցի հետ, թեկուզ՝ մի թիզ հող: Եվ մեր գերիներին իրենք հետ են տալու: Հեչ չէ, գերի պահելը թանկ է նստում Ադրբեջանի վրա: Ալիևը անում է սովորական խուլիգանական շանտաժ, բայց եթե Հայաստանի ղեկավարը լինի մեկ այլ մարդ, Ալիևը կհասկանա, որ դա չի կարող որպես շանտաժ օգտագործել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930