«2021 թվականի առաջին երկու ամիսների կտրվածքով ծնունդների բացարձակ թիվը 106-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ընթացքում փաստեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Արտակ Մարկոսյանը:
Ըստ ներկայացմամբ՝ ունեցել ենք ավելցուկային մահեր, որոնք պիտի տեղի չունենային. գրանցվել էին՝ քովիդով և պատերազմով պայմանավորված:
Արտակ Մարկոսյանը նշեց՝ մեզ մոտ ամենալուրջ խնդիրներից է այն, որ ամուսնական տարիք են մուտք գործելու 1990-ականների երկրորդ կեսի և 2000-ականների ծնվածները: Մյուս կողմից նա նշեց. «Թեև նշեմ, որ դեռևս մենք պատուհան ունենք հնարավորությունների, քանի որ 80-ականների երկրորդ կեսի սերունդն ակտիվ վերարտադրողական տարիքում է գտնվում: Այդ հնարավորությունը պիտի մինչև վերջ կարողանանք օգտագործել, քանի որ իրենք մեզ հավելյալ ծնունդներ են ապահովելու»:
Արտակ Մարկոսյանը ցավով նշեց՝ առաջնեկների ծնունդների անկումը, որը եկել է 2019-ից, շարունակվում է: Ու ասաց. «Մեր հիմնական հույսը 3-րդ, 4-րդ և հաջորդ երեխաներն են: Աշխատանք է տարվում, շրջանառվում է Բազմազավակ ընտանիքների մասին օրենքի նախագիծը: Եթե գործընթացները ներեցին, մինչև հունիս օրենքը կընդունվի: Միջոցառումները 7, 8-ն են նախատեսված: 3-րդ երեխաներով արդեն չենք կարողանում հարցը լուծել, 4-րդ և հաջորդ երեխաներն են մեզ համար կարևորվում, քանի որ առաջին երեխաների անկումը գնալով արագանալու է: Ունենք օբյեկտիվ պատճառներ»:
Կարդացեք նաև
Արտակ Մարկոսյանը հայտնեց՝ այլևս դրամական խրախուսման մեթոդներին տեղ չի տրվելու: Երրորդ երեխայի համար դեռ ծրագրեր կլինեն, պարբերաբար տրվող նպաստները պիտի բարձրանան: Հիմնական շեշտը լինելու են ընտանիքին տրվող սոցիալական երաշխիքները:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ