ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովնանյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բարերար, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Հրայր Հովնանյանի մահվան մասին:
Նա մեկն էր երբևէ իմ ճանաչած հայրենանվեր հայորդիներից, ով Հայաստանի անկախության առաջին տարիներից սկսած անգնահատելի աջակցություն է ցուցաբերել հայրենիքին բոլոր ոլորտներում, որտեղ դրա կարիքը եղել է՝ պաշտպանության, անվտանգության խնդիրներից սկսած մինչև աղետի գոտու վերականգնում և համազգային կարևորության բազմաթիվ այլ խնդիրներ:
Հրայր Հովնանյանը նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հիմքում ամուր կանգնած մեր ազգային գործիչներից էր, որը ծանրակշիռ դեր է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքներում:
Կարդացեք նաև
Հրայր Հովնանյանի և իր լուսահոգի տիկնոջ՝ Աննա Հովնանյանի բարերարությամբ Հայաստանում և Արցախում իրականացված հարյուրավոր ծրագրեր այլևս նրանց կենսագրության կարևորագույն էջերից են:
Հայ ժողովուրդը, վստահ եմ, արժանվույնս կգնահատի իր նվիրյալ զավակի գործունեությունը, և Հրայր Հովնանյանի հիշատակը մշտապես վառ կմնա սերունդների հիշողության մեջ։
Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Հրայր Հովնանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին:
Աստված թող լուսավորի Հրայրի ազնիվ հոգին և սփոփանք ու մխիթարություն պարգևի նրա կորուստը սգացողներին:
Հրայր Հովնանյանի բարի գործերը, վստահաբար, բարեխոս կլինեն և նրա առաքինի կյանքի լավագույն վկայությունները կդառնան երկնային կյանքում:
Հանգչի՛ր խաղաղությամբ»:
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ