«Փաշինյանն անում է նույնը, ինչ ժամանակին Սերժ Սարգսյանը՝ խոսում է նոր ատոմակայանից, ՀՀ-Իրան երկաթուղուց։ Ի՞նչ ատոմակայան։ Ռազմագերի չեն կարողանում վերադարձնել, ի՞նչ ատոմակայան, իրենք ատոմակայան կառուցո՞ղ են»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն օրերս խոսել է ՀՀ-ում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունից։
«Անգամ գեղի կլուբ չեն կարող սարքել, ուր մնաց՝ ատոմակայան։ Մի հատ մեր իշխանության դեմքին նայեք, ինքն ատոմակայանի հետ ի՞նչ կապ ունի։ Ատոմակայանից ի՞նչ են հասկանում, իրենց պետք է հեռու պահել ցանկացած ատոմակայանից։ Թող հեռու մնան»,-համոզմունք հայտնեց Էդմոն Մարուքյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ