Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները քննարկման ներկայացրեցին «Հուղարկավորության կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ:
Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ սահմանել են որոշ տերմիններ, թե ովքեր կարող են տնօրինել գերեզմանոցը, գերեզմանում ում կարող են հուղարկավորել եւ այլն: Գործող օրենքում նշված էր, որ ընտանիքի անդամները կարող են հուղարկավորվել, հիմա մասնավորեցրել են՝ ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ եւ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները եւ քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաեւ ամուսինը եւ ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան եւ հարսը:
Սերգեյ Բագրատյանը համաձայն չէր գերեզման շահագործող հասկացության հետ, որը ներմուծել են նախագծում. «Անհաջող տերմին եք գտել, ես կասեի՝ գերեզմանի կարիքները սպասարկող: Այսինքն՝ հորդ գերեզմանը ե՞ս եմ շահագործում…տգեղ արտահայտություն է: Շահագործելը տեղին չէ: Գոնե հանդերձյալ կյանքից շահը հանենք: Թե չէ հարցնեն՝ ո՞վ է շահագործում հորդ գերեզմանը, ասեն՝ Լեւոնը՞: Որ շահագործում է, ուրեմն կարող է վարձով էլ տալ»:
Սերգեյ Բագրատյանը դեմ էր նաեւ, որ ընտանիքի անդամների մեջ հաշվել են նաեւ փեսային. «Հայկական իրականության մեջ փեսան ընտանիքի անդամ չեմ կարծում, որ ընդունված է: Ասենք, իտալացիների մոտ կարող է ավելի ընդունված լինի: Եթե փեսա ասում ես, ուրեմն բաջանաղ էլ պիտի ասես, սկեսրայր, սկեսուր…Ընտանիք մենք հասկացել ենք՝ ծնողները, զավակները, քույր, եղբայր, ոչ ավելի: Հիմա կարող է մեկը 12 հատ փեսա ունի, ուրեմն փեսեքը պիտի գերեզմանում տե՞ղ ունենան»: Կողքից պատգամավորները նկատեցին՝ ուրեմն հարսին համարել են ընտանիքի անդամ, դա ոչինչ, որ փեսային են համարել, դա՞ է անընդունելի՝ Բագրատյանը բացատրեց. «Հարսը համարվում է ընտանիքի անդամ, մեր ավանդույթներով պետք է նայենք, էլի»:
Կարդացեք նաև
Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ մի քանի օրենքում ընտանիքի անդամ սահմանումը այդպես է նշած, «copy-paste» են արել, եթե մի տեղ փեսա-հարսը հանեն, մյուս բոլոր օրենքներում էլ պիտի հանեն: Ինչ վերաբերում է գերեզմանատունը վարձով տալուն՝ նա վստահեցրեց, որ չեն կարող նման բան անել. «Ոչ մի իրավունք գերեզմանի շահագործողը ձեռք չի բերում, ընդամենը իրավունք ունի համաձայնություն տալ տվյալ հատվածում իր ընտանիքի անդամին հուղարկավորել, իրավունք ունի նաեւ կառուցապատել՝ տիպային ձեւաչափով: Այլ իրավունքներ՝ վարձով տալ, վաճառել չի վերապահված»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ