«Այս երեք տարիների ընթացքում ամեն օր նման մի բան է տեղի ունենում եւ արդեն չեմ զարմանում… Ամեն օր ինչ-որ բաներ են լինում, եւ մեր մեդիա դաշտը լցվում է ինչ-ինչ քննարկումներով, կարծես թե այդպես զբաղեցնում են:
Նորմալ, վերլուծող միտք ունեցող մարդու համար ակնհայտ է, որ գերիների հարցն այս ձեւով չեն լուծում, այս իշխանությունները կյանքում չեն կարող գերիների հարց լուծել: Դա արդեն իսկ հասկանալի է նաեւ այն արձագանքներից, որոնք գալիս են թշնամի երկրի պաշտոնյաների կողմից»,- «Հայելի» ակումբում անդրադառնալով առանց գերիների ինքնաթիռի վերադարձին` ասաց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Արվեստագետը անհնար է համարում այն վարկածը, թե իշխանություններին կհաջողվի ինչ-ինչ ուղղորդված քայլերի միջոցով Մեղրին հանձնել. «Կա մի կարմիր գիծ… Այնուամենայնիվ ես հավատում եմ, որ նման բան չի լինի»:
Նրա խոսքով, այսօր օրակարգն այլ խնդիրներով է լցվել, մինչդեռ առաջնային պետք է լիներ Արցախի պետականության խնդիրը, մեր պետության խնդիրը. «Սեպտեմբերի 26-ի դրությամբ սահմաններին պետք է ձգտել ամեն գնով»: Ժիրայր Դադասյանի ձեւակերպմամբ, միայն պրիմիտիվ ուղեղները սրա տակ կարող են պատերազմ տեսնել. «1998 թվին էլ էին ասում, թե պատերազմի իշխանությունն է գալիս, բայց դրանք եղան ամենախաղաղ ու ամենածաղկուն տարիները»:
Կարդացեք նաև
Ժիրայր Դադասյանի համոզմամբ, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության գոյության երաշխավորը Արցախն էր. «Արցախն էր իբրեւ պետական միավոր, ու քանի դեռ մենք չենք վերականգնի Արցախի պետականությունը, երբեք չենք ունենա հայկական պետություն` Արցախ եւ Հայաստան միասին վերցրած: Ընդամենը կունենանք բզկտված, խոցված երկիր, այսինքն` այն, ինչ ունենք այսօր:
Ցավոք, այսօր, օրակարգը լցվում է մանր խնդիրներով, ոչ թե խոշոր գաղափարներով: Ես համաձայն եմ երկրորդ նախագահի այն մտքի հետ, որ մեր ժողովուրդը լավ չի ընկալում պետության կարեւորությունը, եւ դա պատմականորեն է այդպես դասավորվել: 70 տարի լինելով ԽՍՀՄ-ի մեջ` թվացյալ պետություն ենք ունեցել, հետո երբ անկախ երկիր ունեցանք, բոլորին թվաց, որ իներցիայով ինչ-որ մեկը մեզ պետք է էլի պաշտպանի, ինչ-որ տեղից գումարներ պետք է գան, որ մետրո ու համալիր սարքվի, գործարաններ բացվեն, բայց այդ ամենը վերջացել է: Մենք անկախ պետականություն ունենք եւ դրանից պետք է կառչած մնանք»:
Ժիրայր Դադասյանն ասում է, որ ըստ շատ վերլուծաբանների` չկա հստակ դիրքորոշում, թե ինչ է ուզում ընդդիմությունը կամ մյուսները. «Անձամբ ինձ համար շատ հստակ է այն բանաձեւումը, որ քիչ առաջ փորձեցի ձեւակերպել. եթե մենք Արցախը եւ նրա պետականությունը չդնենք անկյունաքարում, Հայաստան չենք ունենք: Ես սա ասում եմ որպես հայ մարդ, որը գիտի սեփական ժողովրդի պատմությունը… Ու հաջորդ ընտրություններին ձայն կտամ այն ուժին, որն Արցախի խնդիրը կդնի անկյունաքարում»:
Արվեստագետի խոսքով. «Երբ ընդդիմադիր շարժումը սկսվեց, ձեւակերպումը եղավ «Հայրենիքի փրկության շարժում»: Ես կարծում եմ, որ դա դիպուկ չէ, պետք է լիներ «Պետության փրկության շարժում», որովհետեւ այժմ Թուրքիայի տարածքում գտնվող մեր հայրենիքն էլ է հայրենիք, այսինքն` հայրենիքը մենք ունենք, պետք է այդ հայրենիքում պետություն ունենանք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ