Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրթված աղջիկները չեն ամուսնանում, բայց ինչո՞ւ երեխա չունեն. թրիքոտ արժեքներով հասարակությունը դատապարտում է միայնակ մայրերին». Աղասի Թադևոսյան

Ապրիլ 09,2021 15:54

«Այնպես չէ, որ միայն Հայաստանից հայերն են արտագաղթում: Ամբողջ խնդիրն այն է, որ աշխարհում բոլոր թույլ զարգացած, հետամնաց երկրներին բնորոշ է, որ այդ երկրներից մարդիկ արտագաղթում են ավելի զարգացած երկրներ, քանի որ ուզում են ավելի լավ ապրել»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:

Ըստ նրա՝ եթե ուզում ենք՝ արտագաղթ տեղի չունենա, պիտի հասկանանք, թե ինչ տնտեսական պատճառներ են մարդկանց ստիպում հեռանալ: Այս առիթով ասաց. «30 տարի շարունակ մեր իշխանություններից, կառավարություններից որևէ մեկը չի մտածել գյուղերի արդիականացման մասին: Մեր գյուղերը 17-րդ դարի վերջում են գտնվում: Այդ հետամնացությունն է մարդկանց ստիպել փախչել այդ տարածքներից»:

Ըստ նրա՝ մեր բոլոր կառավարությունները եղել են հետամնաց. «Այս կառավարությունն էլ է հետամնաց: Ինքը չունի արդիականացման տեսլական, մինչդեռ կրիտիկական իրավիճակում ստանդարտ լուծումները չեն աշխատում. պիտի կրիտիկական լուծումներ կայացնել: Անհավասարությունը մարզերի և Երևանի միջև պիտի վերացվի»:

Նրա կարծիքով՝ պետք է արդիականացնենք նաև մեր մտածելակերպն ու արժեքները: Նա օրինակ բերեց այն, որ խելացի աղջիկները, որոնք չեն ուզում ամուսնանալ, նաև չեն մայրանում, քանի որ վախենում են արժանանալ հանրային պախարակման. «Չեն ամուսնանում: Երեխա չունեն: Ինչու, որովհետև այս հասարակությունը դատապարտում է միայնակ մայրերին, դա համարում է անբարոյականություն: Մեր արժեքներն արմատական վերանայման կարիք ունեն: Բարոյականության ավանդական, թրիքոտ արժեքներից պիտի հրաժարվել, քանի որ դրանք նման են գյուղի թրիքին, որը համարում ենք ազգային արժեք ու ասում, որ թրիքը կեղտ չէ: Ոչ, կեղտ է: Այս բարոյական արժեքները խանգարելու են մեր կրթված աղջիկներին առանց ամուսնանալու մայր դառնալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930