««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում:
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է բարձրացնել զինվորական ծառայության տարիքային շեմը՝ սահմանելով պայմանագրայինների համար մինչեւ 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» եւ «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 65 տարեկանը:
Կառավարությունն առաջարկել է սպայական եւ շարքային կոչումների համար սահմանել տարբեր տարիքային շեմեր: Ըստ այդմ՝ գործող օրենքում ամրագրված 40 տարեկանն առաջարկվում է դարձնել 45, 45 տարեկանը՝ 50: Կրտսեր սպայական կազմի համար առաջարկվում է 48-ը 52 տարեկան դարձնել, ավագ սպայական կազմի համար՝ 50-ը 58: Ավելի բարձր կոչումների համար տարիքային շեմը թողնվել է անփոփոխ: Կառավարությունն առաջարկել է համաչափորեն բարձրացնել նաեւ պահեստազորայինների տարիքային շեմը՝ դարձնելով 48-ից 53, 50-ից 55, 55-ից 58 եւ 58-ից 60 տարեկան:
Ըստ հիմնական զեկուցող Գեւորգ Գորգիսյանի՝ գործադրի ներկայացրած առաջարկների վերաբերյալ առարկություններ չունեն:
Կարդացեք նաև
Պատգամավորը նշեց, որ կան քաղաքացիներ, որ անհամբեր սպասում են օրենքի ընդունմանը:
Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը նշեց, որ նախագիծը շատ կարեւոր ու հրատապ է եւ պաշտպանության առումով լուրջ խնդիր է լուծում: Նա հորդորեց դրական եզրակացություն տալ օրինագծին:
Պատգամավորի հորդորն ընդունվեց, եւ օրենքի նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:
Ազգային ժողով