Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև 2050 թվականը ՀՀ-ի բնակչությունը կնվազի, Ադրբեջանինը և Թուրքիայինը կաճի. ՄԱԿ-ի կանխատեսումներ

Ապրիլ 09,2021 15:42

«2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակչության թվաքանակը կազմում է 2 միլիոն 959 հազար մարդ: ՄԱԿ-ի բնակչության կանխատեսումներով`2050 թվականին այն կհասնի 2 միլիոն 816 հազարի: Այս կանխատեսումներն իրականացվել են 2019-ին: ՄԱԿ-ը կանխատեսումներ իրականացնում է ամեն երկու տարին մեկ. 2021-ի ընթացքում մենք կունենանք նոր կանխատեսումներ, սակայն արդեն մեր գնահատմամբ՝ այդ կանխատեսումներն ավելի վատատեսական կլինեն»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ընթացքում տեղեկացրեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի բնակչության և զարգացում ծրագրի պատասխանատու Աննա Հովհաննիսյանը:

Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում բնակչության թիվը մինչև 2050 թվականը կնվազի, իսկ Ադրբեջանում, Թուրքիայում և Իրանում կաճի: ՀՀ-ում ամենացածր ծնելիության գործակիցն է գրանցվել ամբողջ տարածաշրջանում:

Ըստ Աննա Հովհաննիսյանի՝ թիվ մեկ խնդիրն արտագաղթն է, բնական հավելաճը՝ ծնվածների և մահացածների թվի տարբերությունը: Նա շարունակեց. «2020 թվականի ցուցանիշի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել՝ 1070 ծնունդ ավել է եղել, քան մահ, որը 1990-ի համեմատ 54 անգամ պակասել է: Բնականաբար սա էլ ունի իր պատճառները. 2020-ին մահերի թիվը գրեթե 10 հազարով ավելացել է, դրա համար էլ ունենք նման բացասական պատկեր»: Նա նաև ցավով արձանագրեց. «Բացի Գեղարքունիքի մարզից և Երևանից մնացած բոլոր մարզերում մենք ունենք բացասական թվեր. մահերի թիվը գերազանցել է ծնունդների թիվը: Այստեղ ուղղակի նշեմ, որ Երևանում դա հավանաբար պայմանավորված է եղել ներքին միգրացիայով»:

Ըստ վիճակագրության՝ աստիճանաբար աճում է առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքը: Աննա Հովհաննիսյանը մանրամասնեց. «2019-ի տվյալներով՝ տեսնում ենք, որ առաջին անգամ ամուսնացածների միջին տարիքը 30.5 տարեկան է՝ տղամարդկանց համար, 27.5 տարեկան՝ կանանց համար: Սա արդեն իսկ բացասական միտում է, որը նաև բերում է առաջին երեխայի ծնունդի հետաձգման»:

2020-ին գրեթե 20 տոկոսով նվազել է ամուսնությունների և ամուսնալուծությունների թիվը: Աննա Հովհաննիսյանն ասաց. «Սա պայմանավորված է քովիդ համավարակով: Միջազգային փորձը վկայում է այն մասին, որ չկայացած ամուսնություններն ուղղակի հետաձգված են: Հույս ունեմ, որ 2021-ին դրանք նորից կշատանան: Մայրանալու միջին տարիքը ևս աճում է: Ընդհանուր առմամբ՝ այն դարձել է 27.6 տարեկանը, առաջին երեխա ունենալու տարիքը 25-ից մի քիչ ավել է: Մինչև 2050 թվականը մայրանալու միջին տարիքը կդառնա մոտ 30 տարեկանը, որը լուրջ մարտահրավեր է ժողովրդագրական տեսանկյունից»:

Դրական ցուցանիշ է այն, որ 2020-ին մոտ 400-ով ավելի շատ երեխա է ծնվել, քան մահացել են, սակայն, միևնույն է, բնակչության թվաքանակը նվազել է, քանի որ մահերի բարձր թվի հետ էր կապված:

Աննա Հովհաննիսյանը հատուկ ուշադրություն հրավիրեց գյուղ-քաղաք կտրվածքով ծնելիության ցուցանիշների վրա. «Հայաստանում առաջին անգամ է և նման բան չկա աշխարհում, որ գյուղական բնակավայրերում ծնելիության գումարային գործակիցն ավելի ցածր լինի, քան քաղաքայինում: Այսինքն՝ քաղաքային բնակչությունը 1.66 է, գյուղականը՝ 1.46: Սա նշանակում է՝ գյուղերում ավելի քիչ երեխաներ են ծնվում, մինչդեռ մինչև 2013-ը միշտ գյուղական բնակավայրերում ծնվել են ավելի շատ երեխաներ, քան քաղաքներում: Սա պետք է դիտարկել որպես հիմնական մարտահրավեր»:

Ըստ ՄԱԿ-ի սանդղակի՝ ՀՀ-ն համարվում է ծերացող բնակչություն: ՀՀ-ում 65 և բարձր տարիքի բնակչությունը 12.3 տոկոս է, մինչև 2050 թվականը ամբողջ բնակչության թվաքանակի մեջ տարեցների տեսակարար կշիռը կլինի մոտ 22-23 տոկոս: Տարեցների տեսակարար կշիռը Ադրբեջանում և Թուրքիայում Հայաստանից կրկնակի ցածր է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930