Պաշտպանության նախարարության մոտ իրավիճակը լարվում է: Հիշեցնենք, որ անհայտ կորածների ծնողները երեկ առավոտից շրջափակել էին Պաշտպանության նախարարությունը: Կեսգիշերին նրանց էին միացել նաև գերեվարվածների ծնողները: Քիչ առաջ ցուցարարները փորձել են կոտրել ՊՆ-ի դարպասները:
Պաշտպանության նախարարության մոտ հսկայական ոստիկանական ուժեր են կենտրոնացվել:
ՊՆ-ում է նաև ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Մինչ նախարարության շենք մտնելը՝ նա զրուցել է անհայտ կորածների ծնողների հետ:
Այստեղ նաև ուղղաթիռ է բերվել գիշերը ՊՆ-ում անցկացրած անձնակազմին դուրս բերելու համար:
Կարդացեք նաև
Քիչ առաջ ՊՆ են եկել նաև պատգամավորներ՝ «Իմ Քայլը» լքած Սոֆյա Հովսեփյանը և «Իմ Քայլը» ներկայացնող Նարեկ Մկրտչյանը: Նրանք ցուցարարներին փոխանցել են, որ ՊՆ ներկայացուցիչները պատրաստ են իրենց պատվիրակությանն ընդունել ՊՆ-ի դահլիճում: Ցուցարարները հրաժարվել են՝ պահանջելով, որ Պաշտպանության նախարարը կամ ԳՇ պետն իրենք դուրս գան ցուցարարների մոտ:
Տեղեկացնենք, որ ՊՆ դրոնը վերևից նկարում է ցույցը: Իսկ ՊՆ շենքում այս պահին խորհրդակցություն է ընթանում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ