Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարմիր բլուրի հարակից հատվածում գտնվել են խեցեղեն բեկորներ». Միքայել Բադալյան

Ապրիլ 09,2021 15:06

«Մարտ ամսվա վերջերին Հյուսիս-Հարավ մայրուղու` Արգավանդի խճուղին Շիրակի փողոցին կապող հատվածում, որը նաեւ շրջանցում է Կարմիր բլուր հնավայրը, ճանապարհի շինարարության ժամանակ շինարարները գտել էին խեցեղեն բեկորներ եւ մեզ տեղեկացրել դրանց մասին»,-«Տեսակետ» մամուլի ակումբում հայտնեց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը: Նա հավելեց, որ դիմել էին ԿԳՄՍ նախարարություն` հրատապ կերպով պեղումներ իրականացնելու համար, իսկ ապրիլի 3-ից արդեն սկսվել են պեղումները:

Միքայել Բադալյան

Միքայել Բադալյանը հավելեց, որ շերտագրական կտրվածքի մեջ գտել են խեցեղեն բեկորներ, որոնք եւ ուրարտական են, եւ տեղական` կարմիր եւ սեւ փայլեցրած մակերեսներով. «Սա շատ կարեւոր է մեր հնագիտության համար, որովհետև մի հնագիտական ֆիքսված իրողության մեջ մենք ունենք տեղականի եւ ուրարտականի համադրություն: Սա մեր հնագիտության ոչ այդքան լուսաբանված խնդիրներից մեկն է:

Փաստորեն, Կարմիր բլուրի ծայրամասում ֆիքսել ենք մարդու գործունեության հետքեր: Նաեւ բացվել է կառույց` քարերի կանոնավոր շարով, ինչը եւս խոսում է մարդու կողմից իրականացրած գործունեության մասին: Դա կարող է լինել պատ, դամբարան կամ մեկ այլ կառույց: Ես դեռեւս վաղ եմ համարում այդ մասին խոսելը»:

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը տեղեկացրեց, որ միջին չափի կարասի ստորին հատված է գտնվել այդ վայրից. «Սա կարեւոր բացահայտում է, ես կարծում եմ, որ մենք բավական լավ հոդված կպատրաստենք սրա մասին, որը լույս կտեսնի Հայաստանի եւ արտասահմանյան հեղինակավոր հանդեսներում»: Կարմիր բլուր հնավայրի հարակից տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված խեցեղեն բեկորները, պարզվում է, Ք. ա. 8-6-րդ դարերի են:

Միքայել Բադալյանը հավելեց նաեւ, որ այդ հատվածում 2013-16թթ իրականացվել էին լայնամասշտաբ պեղումներ` հնագետ Հակոբ Սիմոնյանի գլխավորությամբ, բայց այն ժամանակ հնագիտական շերտեր չեն գտնվել, իսկ այժմ արդեն ֆիքսվել է հնագիտական շերտը:

Հնագետի ձեւակերպմամբ, այս ամենը նոր հեռանկարների է բացում, եւ այս տարի Կարմիր բլուրում պատրաստվում են շատ լուրջ հետազոտություններ իրականացնել. «Կարմիր բլուրի աշխատակիցների եւ մասնավորապես մասնաճյուղի ղեկավար Վահե Սարգսյանի կողմից դեպի ամրոց տանող հատվածում հայտնաբերվել են հզոր պատերի հետքեր, որոնք խոսում են այն մասին, որ գուցե թաղամաս ունենք այդտեղ: Այս տարի լայնածավալ պեղումներ ենք իրականացնելու, չի բացառվում, որ ամռան սկզբին սկսենք…Իսկ եթե ամեն ինչ լավ լինի, կշարունակենք մեր աշխատանքները մեր ավստրիացի գործընկերների հետ` հայ-ֆրանսիական արշավախմբի համատեքստում:

Ի դեպ, 2019թ իրականացրել էինք երկրաֆիզիկական հետազոտություններ եւ սկանավորել Կարմիր բլուրի մի շարք հատվածներ, որոնք երբեւէ չէին պեղվել: Եվ եթե համավարակը չխանգարի, այդ հատվածում էլ աշնանը պեղումներ կիրականացվեն»

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930