Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այս շրջափակումը կարող է դեր խաղալ, պատրաստ եմ մնալ. «Զինուժի» թղթակիցը՝ անհետ կորածների հարազատներին

Ապրիլ 09,2021 14:51

«Զինուժի» թղթակից Դավիթ Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը

30 ժամ` ՊՆ շենքում:

Տղերք: Իմ հայրենակիցներ, որ շրջափակել եք ՊՆ վարչական համալիրը: Իմ սգակիր հայրենակիցներ: Ես ձեզ և ձեր պահանջին դեմ չեմ, անհրաժեշտ է շարունակել, շարունակել ջանքերը մեր զինվորների, սպաների, կամավորների մարմինները որոնելու ուղղությամբ, մեր գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Այս հարցում, դուք ճիշտ եք և չկա հակառակ կարծիք: Չի կարող լինել:

Մենք պարիսպների երկու կողմում ենք, բայց մենք տարբեր ճամբարներում չենք, մենք հակառակ կողմերում չենք, մենք հակառակ կարծիքների չենք: Ես և ինձ նման շատերը, որ նախօրեից այստեղ են:

Տղերք: Եթե իմ այստեղ մնալը կարող է օգնել, կարող է վերադարձնել իմ անհետ կորած ընկերներին, գերեվարված ընկերներին, ես կարող եմ շարունակել մնալ, երկար մնալ: Եթե այս շրջափակումը կարող է դեր խաղալ, պատրաստ եմ մնալ:

Իմ հայրենակիցներ: Տղերք: Ես մեղավոր չեմ, որ ողջ եմ մնացել, որ վերադարձել եմ ռազմաճակատից և շարունակում եմ ծառայությունս: Ես մեղավոր չեմ, որ անհետ կորածների շարքում չեմ, մեղավոր չեմ: Բայց գրառումն իմ մասին չէ:

ՊՆ շենքում հարյուրավոր կանայք կան, աղջիկներ կան, հասակով և խնամքի սպասողների ծնողներ ու զավակներ կան: Շենքում բազմաթիվ ամուսիններ կան, որոնց երեխաները սպասում են: Գիտեմ, դուք էլ եք սպասում, գիտեմ, սուգը, մեր սուգն անասելի է: Բայց ի՞նչ կարող եմ անել ես, ինչ կարող են անել այս մարդիկ, այս կանայք, այս ծնողները և զավակները: Ի՞նչ կարող են անել, որ չեն անում: Ի՞նչ կարող է անել թիկունքի վարչության իրային ծառայության ենթասպան, ի՞նչ կարող է անել ռազմաբժշկական վարչության գործավարը, ի՞նչ կարող է անել հրետանու վարչության ավագ մասնագետը:

Նրանք ձեր արդար պահանջի հասցեատերը չեն: Նրանք ձեր հակառակ կողմում չեն: Մենք տարբեր չենք, մենք տարբեր ճակատում չենք: Մենք նույնպես սգում ենք, նույնպես ցավում ենք ու նույնպես ցանկանում ենք այս մղձավանջը` տղերքի մարմինները գտնելու և արժանապատիվ հողին հանձնելու կարգը ավարտվի:

Տղերք: Իմ հայրենակիցներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930