Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գերիների հարցով տեսանելի եւ անտեսանելի գործընթացներ կան: Կինոներում հեչ չեք տեսե՞լ։ Գնում են, բանակցում են». Անդրանիկ Քոչարյան

Ապրիլ 09,2021 13:39

«Ինքներդ տեսաք, որ Ռուստամ Մուրադովն ինքնաթիռում էր։ Հետեւաբար, եղել է պայմանավորվածություն, որը խախտվել է։ Պատճառները հասանելի չեն»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ երեկ պաշտոնապես հաստատվեց Բաքվից հայ ռազմագերիների վերադարձի տեղեկատվությունը, սակայն Երեւանում վայրէջք կատարած ինքնաթիռը դատարկ էր։

«Ենթադրում եմ, որ հակառակորդ կողմը հերթական անգամ խաղի կանոն է ուզում փոխել։ Գուցե այստեղ խնդիր է արծարծվում, որը խանգարում է գերիների վերադարձին։ Մեր գերիներին պահում են՝ առաջնահերթ ՀՀ-ում լարվածություն առաջացնելու համար, եւ դա տարածքների հետ որեւէ կապ չի կարող ունենալ։ Գերիներով չի, որ տարածքային խնդիր կարող են քննարկել»,-մեկնաբանելով տեղեկությունները, թե Ադրբեջանը հայ ռազմագերիներին չի վերադարձնում տարածքային պահանջների համար՝ ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե ինքնաթիռում Մեղրիում չափագրման աշխատանքների նպատակով եկած թուրք-ադրբեջանցի պատվիրակներ են եղել, Քոչարյանը նշեց․ «Շատ բան են խոսում։ Նման բան խոսացողները փակուղի են ստեղծում գերիների վերադարձի համար»։

Նշենք, որ ՊՆ-ն էլ է այս առնչությամբ հերքում տարածել. «Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, առավել ևս` հանրության համար զգայուն խնդիրների վերաբերյալ»:

Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ իշխանությունը շարունակելու է հայ ռազմագերիների վերադարձի գործընթացը տարբեր ձեւերով․ «Գերիների հարցով տեսանելի եւ անտեսանելի գործընթացներ կան։ Կինոներում հեչ չեք տեսե՞լ։ Գնում են, բանակցում են, եկեղեցին էլ կարող է դեր խաղալ, նախագահն էլ, բայց դրանք չերեւացող գործընթացներ են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930