«Դատարանը մերժեց մեր բողոքը»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պաշտպան Գևորգ Գևորգյանը:
Տեղեկացնենք՝ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Գևորգ Կոստանյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու։ Ապրիլի 9-ին դատարանը հրապարակեց որոշումը:
Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը աղմկահարույց փաստաթղթեր էր հրապարակել, ըստ որոնց՝ պարզվում է, որ Մարտի 1-ի գործով անցնող Գեւորգ Կոստանյանի նկատմամբ միջազգային հեղինակավոր քրեական ոստիկանությունը՝ Ինտերպոլը մերժել է հետախուզումը՝ համարելով այն քաղաքական հետապնդում:
Այս փաստարկները Գևորգ Կոստանյանի պաշտպանները ներկայացրել էին դատարան՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը քննարկելիս դրանք դիտարկել որպես նոր հանգամանք:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ «մարտի 1»-ի գործով Գևորգ Կոստանյանն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, Հատուկ քննչական ծառայությունը 48 ժամ էր տվել Կոստանյանին՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու եւ մեղադրանք առաջադրելու համար: Ապա 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով դատարան:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ