Վաղ առավոտյան ՊՆ-ի շենքի մոտ ինքնաթիռ է իջել, որով գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված Արտակ Դավթյանը հեռացել է շենքից: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց անհայտ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ այդ ինքնաթիռով, հավանաբար, պաշտպանության նախարարն է հեռացել շենքից: «Քիչ առաջ պաշտպանության նախարարը իր մարդկանցով ՊՆ-ի դարպասների մոտ պտույտ էր տալիս: Մենք կանգնած էինք, նորից չմոտեցավ»,- ասաց Արսեն Ղուկասյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ՊՆ շենքի ներսից սադրանք է իրականացվել ցուցարարների նկատմամբ. «Մի քանի տականքներ ներսից սադրանք գործադրեցին` ՊՆ-ի պարիսպներից այն կողմ շշեր շպրտեցին մեր ծնողների վրա»:
Անհայտ կորածների եւ գերեվարվածների ծնողները գիշերն անցկացրել են ՊՆ շենքի մոտ: Անհայտ կորածների հարազատները երեկ առավոտից են ցույց անում ՊՆ-ի մոտ: Այդ ընթացքում ոչ պաշտպանության նախարարը, ոչ ԳՇ պետը նրանց հետ չեն հանդիպել: «ԳՇ պետի մոտից մի պահ եկավ, այսպես ասած, հրավեր`հինգ հոգու ընդունեմ, բայց մեր պահանջն այն էր, որ ինքը մոտենա էստեղ, ժողովրդի հետ խոսա, թեկուզ ճաղավանդակներից այն կողմ, եթե մտածում էր, որ իրեն որեւէ բան կանենք, բայց ոչ ոք չէր պատրաստվում իրեն ինչ-որ բան անել»,- ասաց Արսեն Ղուկասյանը:
Արսեն Ղուկասյանը բոլորին`ոչ միայն անհայտ կորածների ծնողներին ու հարազատներին, կոչ է անում հավաքվել ՊՆ-ի մոտ. «Կառավարությունն ու ՊՆ-ն արհամարհում են մեր երեխեքին, թքած ունեն մեր ու մեր երեխեքի վրա: Միացեք մեզ`մեզ մարդկանց քանակ է պետք»:
Կարդացեք նաև
Ավելի վաղ հրապարակած ուղիղ եթերում նա նաեւ ասել էր. «Մենք ստեղից չենք գնալու, տեսնենք, ուղղաթիռով ինչքան եք գնալ-գալու: Աշխատողները չգնացին, իրենց տուն ու տեղից կտրվեցին, դուք ուղղաթիռով թռաք: Էդ եք դուք»:
Դիմելով իշխանությանը՝ նա նաեւ ասաց. «Ով որ էս երկրում արհամարհում է զոհված եւ անհայտ կորած զինվորականների հարազատներին, երկրի, մարդկության կողմից էնպես կարհամարհվի, որ կմղկտա: Դուք էս մի քանի օրվա ընթացքում արեցիք այն քայլերը, որոնք ձեզ երբեք չի ներվի: Դուք արհամարհեցիք մարդկանց, ում հարազատներն ու բարեկամները իրենց կյանքն են զոհել այս երկրի համար, ովքեր այսօր տառապում են Ադրբեջանում: Դուք էսօր արհամարհեցիք շիրիմները: Էն՝ որ գնում եք Եռաբլուրում ձեւական երկու հատ մեխակ եք վերցնում, եսիմինչեր եք անում, դրանով չի հարցը: Եթե դուք այնքան բարի լինեիք, նամուս-թասիբ ունենայիք`ծնողներին հանդիպեիք… էստեղ գել ու գազան չեն, ձեզ չէին ուտելու: Դուք ամենավերջին վախկոտի պես փախաք, արա: Էնքան դուխ, թասիբ ու նամուս չունեինք`գայիք կանգնեիք մայրերի առաջ պատասխան տայիք: Երեկվա ձեր հերթական արածի՞ց էիք վախում: Գերիների հարցով «սուտի թեմա» սարքեցիք: Թե՞մտածում էիք, որ ասացիք գերիներ են գալիս, մենք ՊՆ-ն պիտի թողնեինք`կվազեինք օդանավակայա՞ն: Մեր կողմից ով, որ պետք էր`գնաց`տեսավ`ինչն-ինչոց էր: Եթե մուտիլովկայի մրցույթ լինի, կառավարությունն ու ՊՆ-ի վերնախավը գրան-պրի կշահի, էդ մի բանում վերջն եք դուք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ