Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական ջերմոցային լոլիկի անգամ ինքնարժեքը ներկրվածից բարձր է՝ հաշվի առնելով գազի և այլ ծախսերը. ինչպես պետք է տեղական արտադրանքը մրցակցի ներկրվողի հետ. «Ժամանակ»

Ապրիլ 09,2021 11:28

2021 թվականի հունվարի 1-ից Հայաստան այլևս չեն ներմուծվում թուրքական ապրանքներ, այդ թվում՝ թուրքական լոլիկ։ Դրա փոխարեն, ըստ մամուլի հրապարակումների, հանրապետություն ակտիվորեն սկսել են լոլիկ մատակարարել Իրանից։ Իրանական լոլիկը բավականին մատչելի է. 1 կիլոգրամն արժե մոտ 200 դրամ, ինչը մի քանի անգամ ավելի մատչելի է հայկական ջերմոցային լոլիկից։ Մաքսատուրքերն ու տեղափոխման ծախսերը վճարելով՝ լոլիկը մեծածախ վաճառքի շուկաներում մոտ 400 դրամ է։ Մինչդեռ հայկական ջերմոցային լոլիկի անգամ ինքնարժեքը դրանից բարձր է՝ հաշվի առնելով գազի և այլ ծախսերը։

Պաշտոնական տվյալներով՝ հունվար-փետրվարին հանրապետություն շուրջ 200 տոննա լոլիկ է ներկրվել։

«Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ վստահաբար չի կարող պնդել, որ Իրանից արդեն լոլիկ է ներկրվում Հայաստան, բայց կարող է ասել, որ թուրքական լոլիկը շարունակում է ներկրվել, ու խանութներում կարելի է գտնել թուրքական լոլիկ։ «Թուրքիայից էլ է գալիս լոլիկ։ Էդ որ ասում են՝ սահմանը փակ է և այլն, էդքան էլ փակ չի։ Ես խանութներում տեսել եմ թուրքական լոլիկ։ Արկղից ակնհայտ է դառնում, որ դա թուրքական է։ Պարսկաստանից էլ կարող է գալ։ Այն տարածքներում, որտեղ հնարավոր է առանց ջեռուցման լոլիկ աճեցնել, այդ արտադրանքը շատ էժան է։ Իսկ մեր լոլիկի արտադրանքի ինքնարժեքի 70 տոկոսը կազմում են միայն էներգակիրները»,- ասաց Բերբերյանը՝ հավելելով, որ այս պայմաններում մեր տեղական արտադրանքը չի կարող մրցակցել ներկրվող լոլիկի հետ, որը աճեցվել է առանց ջեռուցման։

Բերբերյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում մեր տեղական արտադրողը կրկին փաստի առաջ է կանգնելու, և միակ լուծումն այն է, որ նրանք վերակազմակերպեն իրենց գործունեությունը, սկսեն արտադրել այն, ինչի պահանջարկը շուկայում շատ կա։

Մեր զրուցակցի խոսքով՝ որպեսզի տնտեսվարողները ճիշտ կողմնորոշվեն և հասկանան, թե շուկան ինչի կարիք ունի, ինչ արտադրանք թողարկեն, դրա համար հարկավոր է խորհրդատվություն, որը գյուղացին չի ստանում գյուղատնտեսության նախարարության փակվելու պատճառով։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930