Արձանի հեղինակ Արմեն Սամվելյանը «Հայկական ժամանակի հետ զրույցում հաստատեց, որ արձանի գաղափարը վերցված է Նյու Յորքի Fearless Girls արձանից: «Ինձ ասել էին, որ պիտի ստանամ նմանատիպ արձան հայկական շորերով, ճակատանոցով, ես արել եմ այն, ինչ իրենք ուզել են, կյանքի եմ կոչել իրենց մտածածը, դա իմ ստեղծագործական աշխատանքը չէ, պատվիրատուն պատվիրել է, ես՝ կատարել»- ասաց նա:
Հեղինակից հետաքրքրվեցինք, թե տեղյա՞կ է արդյոք, որ արձանը, մեղմ ասած, հավանության չի արժանացել: «Մեր քաղաքում ինչ էլ լինի, քննադատում են, կապ չունի՝ դա լավ գործ է, թե ոչ: Ամենալավ քանդակն էլ եթե վաղը դնեն, ժողովուրդը քննադատելու է»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք, թե մասնագիտական աչքով ինչպե՞ս է գնահատում գործը, այն նորմալ եղե՞լ է, արժանի՞ էր հենց այդ տեսքով մայրաքաղաքում տեղադրվելու, հեղինակն ասաց. «Եթե ինձ եք հարցնում, ապա ինքս չէի ուզենա, որ նմանատիպ բաներ լինեն քաղաքում»: Սամվելյանը, սակայն, չցանկացավ մանրամասնել, թե ինչու:
Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ արձանն ասիմետրիկ է, հեղինակը չհամաձայնեց, նշեց, որ այն իր չափերի մեջ է. «Բոլոր երեխաների գլուխներն էլ այդ չափն ունեն»:
Կարդացեք նաև
Մասնագետի խոսքով՝ «Անվախ աղջկա» արձանը, սակայն, ճիշտ տեղ չի դրված. «Քանդակը սովորաբար լույսին հակառակ չեն դնում: Ես պատվիրատուներին էլ ասացի, բայց ինձ չլսեցին, ասացին, որ այդտեղ են որոշել տեղադրել»:
Իսկ ինչ վերաբերվում է արձանի հետ քանդակած դիտահորին, որի վրա «Անվախ աղջիկն» է, Սամվելյանը ասաց. «Պետք է պատվանդան լիներ, բայց դե հիմա «լյուկ» է»: Ասաց՝ չի հիշում՝ արձանը «լյուկ»-ի վրա կանգնեցնելը նույնպես նախարարության պահանջով է եղել, թե իրենը:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում