Ինչպես հայտնի է՝ Հայաստանի կառավարությունը հոյակապ է աշխատում: Ամեն ինչ լավ է: Իսկ եթե նույնիսկ ինչ-որ բան վատ է, ապա դա բացատրվում է նրանով, որ «Քոչարյանի եւ Սերժի վախտ» երկիրը թալանում էին: Կարծում եմ, այսօրվա եւ մոտակա 20 տարում «գահին նստողները» պետք է շնորհակալ լինեն Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներին՝ իրենց ապաշնորհության այս ունիվերսալ «ատմազկայի» համար:
Մասնավորապես, նախորդ իշխանություններն այս կառավարության «գրպանն են քցել» կորոնավիրուսը, եւ այդ պատճառով է, որ դրա պայքարն այնքան էլ հաջող չի անցնում: Իսկ պայքարի ամենաարդյունավետ ձեւը հիմա, բնակչությանը պատվաստելն է, ոչ թե դիմակ կրելու քարոզը: Այս առումով կառավարությունը, մեղմ ասած, պարծենալու հիմքեր չունի:
Մոտ երեք ամիս առաջ Ռուսաստանից մենք նվեր էինք ստացել մի քանի հազար չափաբաժին Sputnik V դեղամիջոցից, նույն պատվաստանյութը, ըստ վարչապետի, վերջերս ձեռք ենք բերել «սիմվոլիկ չափերով»՝ 15 հազար հատ: Գումարած՝ Covax Facility նախաձեռնության շրջանակներում (այսինքն՝ զգալի զեղչերով) գնել ենք 24 հազար չափաբաժին AstraZeneca պատվաստանյութից: Վերջինս, որքան հասկանում եմ, առայժմ վերջնականապես չի բաշխվել պոլիկլինիկաների մեջ, իսկ Sputnik -ով հատուկենտ մարդկանց, առաջին հերթին՝ բուժաշխատողներին, բարեբախտաբար, պատվաստել են: Բոլոր դեպքերում 3 միլիոնանոց Հայաստանում նման քանակներով (2 տոկոսից պակաս) հնարավոր չէ իրավիճակ փոխել՝ նույն Փաշինյանի խոսքերով, մեզ անհրաժեշտ է 1 միլիոն չափաբաժին:
Համեմատության համար նշեմ, որ 68,5 միլիոն բնակչություն ունեցող Բրիտանիայում արդեն պատվաստվել է ավելի քան 18 միլիոն մարդ, իսկ Իսրայելում իրավիճակն ավելի լավն է. 8.7 միլիոնանոց բնակչությունից պատվաստվել է 4.6 միլիոն մարդ, այսինքն` կեսից ավելին: Երբ ես վերջերս հարցրեցի առողջապահության նախարարության պատասխանատուին՝ արդյոք մենք մոտակա երկու ամսում՝ մինչեւ որ սկսվի ընտրարշավը, կհասցնե՞նք պատվաստել Հայաստանի բնակչության գոնե 10 տոկոսին, պաշտոնյան անկեղծորեն պատասխանեց, որ դա անհնարին է:
Կարդացեք նաև
Պարզ է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլատրված քովիդի դեմ պատվաստանյութերն առայժմ արտադրվում են ոչ բավարար քանակությամբ, եւ 8 միլիարդին մոտեցող մարդկությանն այս պահին չեն կարող բավարարել: Մյուս կողմից, արտադրողների մեջ կա մրցակցություն, եւ, մասնավորապես ռուսներն ու բրիտանացիները փոխադարձաբար փորձում են վարկաբեկել «հակառակորդ» երկրներում արտադրվող դեղամիջոցները՝ համապատասխանաբար՝ AstraZeneca եւ Sputnik V-ն: Ռուսական կողմն էլ, ըստ որոշ հրապարակումների, խանդում է, որ մենք գնել եք «մրցակից ֆիրմայի» դեղամիջոցը: Սակայն այդ նրբությունները մեզ չպիտի հետաքրքրեն: Հայաստանի կառավարությունը պարտավոր է ճարել անհրաժեշտ գումարները եւ ձեռք բերել պատվաստանյութ անհրաժեշտ քանակությամբ: Դրանից հետո իրավունք կունենա Նոր Հայաստանի մասին 100 փաստերի շարքում հիշատակել կորոնավիրուսի դեմ հաջող պայքարը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հայաստանը չի կարելի համեմատել Իսրայելի կամ Մեծ Բրիտանյայի հետ։ Այն երկրները որոնք համեմատական են մեզ հետ բնակչւթյան վակցինացայի պատկերը ցավոք նւյնն է։ Այս հարցւմ արդար չե մեղադրանքը։
Տես: https://www.bloomberg.com/news/articles/2021-04-09/when-will-world-be-fully-vaccinated-pace-is-2-400-faster-in-wealthy-countries?srnd=premium