Հարցազրույց գյումրեցի պատմաբան, հրապարակագիր, ազատամարտիկ Արա Նախշքարյանի հետ:
Նա հեղինակել է 5 գիրք՝ «Ինչպե՞ս…», «Լիզբոնի իմ ընկերները» (փաստագրական գրքույկ), «Աստվածադուռ» (հայոց արիական դիցարան), «Լիբանանի մեկ օրս 100 տարի» (հուշագրություն) եւ «Սրբազան խաչելություն»:
– Շահան Նաթալին իր «Թուրքերը եւ մենք» գրքի նախաբանում խոսում է մի երեւույթի մասին, որն առանձնահատուկ է աշխարհի վրա մինչ օրս ապրող ու արարող փոքրաթիվ ժողովուրդներին, եւ օրինակներով պնդում է, որ մենք էլ ունենք մեր լավ ու բարեկեցիկ ապրելու նախադրյալները: Արցախյան վերջին պատերազմից հետո մեզ՝ հայերիս համար կա՞ն «ապրելու» նախադրյալներ, երբ այդպես էլ չլուծված է Հայկական հարցը:
– Ընդունված սահմանում է, որ Հայկական հարցը օտարերկրյա տիրապետություններից Հայաստանի ազատագրման եւ հայկական պետականության վերականգնման համար մղված պայքարի հարց է: Ըստ այդ սահմանումի՝ Հայկական պետականության վերականգնման խնդիրը դրված է եղել հայ ազատագրական պայքարի բազում սերունդների առջեւ: Հայ ժողովրդի լավագույն զավակները սերնդեսերունդ հետեւողական պայքար են մղել այդ գաղափարն իրականություն դարձնելու համար: Անցնում էր ժամանակը, փոխվում էր սերունդը, բայց հայ ժողովրդի առջեւ դրված այդ գերխնդիրը լուծում չստանալով` շարունակում էր մնալ օրակարգի հարց:
Կարդացեք նաև
Հայկական հարցի պատմությունը պայմանականորեն բաժանվում է երկու փուլի: Առաջինը ընդգրկում է XV դարի երկրորդ կեսից մինչեւ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը, երբ հայ ազատագրական շարժման գործիչները դիվանագիտական բանակցությունների միջոցով փորձում էին եվրոպական որեւէ պետության կամ պետությունների խմբի զինված միջամտությամբ ազատագրել Հայաստանը եւ վերականգնել նրա պետականությունը: Այս փուլում Հայկական հարցը չի մտել միջազգային դիվանագիտության ոլորտ, չի դարձել ընդհանուր քննարկման առարկա եւ, բնականաբար, դրա մասին չի ընդունվել որեւէ որոշում: Անշուշտ, տերությունները տեղյակ էին հայերի դրությանն ու պայքարին, որոշ դեպքերում էլ առանձին երկրներ փորձել են միջամտել իրադարձություններին, ինչպես, օրինակ, Ֆրանսիան 1862 թվականի Զեյթունի հայտնի դեպքերի ժամանակ: Այս փուլում, փաստորեն, Հայկական հարցն այդպես էլ մնաց որպես հայերին հետաքրքրող ու վերաբերող ներքին հարց:
Հայկական հարցի երկրորդ փուլն ընդգրկում է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը. այս փուլը նշանավորվեց Հայկական հարցի միջազգայնացմամբ, երբ այն դարձավ դիվանագիտական քննարկումների առարկա: 1878 թվականից հետո Հայկական հարցը բազմիցս արծարծվել է ամենատարբեր միջազգային վեհաժողովներում եւ պայմանագրերում: Այն վերաբերել է միայն արեւմտահայությանը՝ Օսմանյան կայսրության հայկական նահանգների հայությանը եւ ոչ երբեք՝ արեւելահայությանը:
– Որոնք էին մեր առաջին մարտահրավերները:
– Հայոց ազատամարտի հասունացումը, քաղաքական կուսակցությունների կազմավորումը, հայդուկային կռվի առաջին դրսեւորումներն աննկատ չմնացին թուրքական կառավարող շրջաններից: Ձգտելով կանխել իրադարձությունների զարգացումը` Աբդուլ Համիդ II-ը փորձեց դեռ սաղմում ոչնչացնել հայ ազատագրական պայքարը: Նրա հարվածը, բնականաբար, առաջին հերթին պետք է ուղղվեր արեւմտահայության այն կենտրոնների դեմ, որոնք հայտնի էին ազատագրական պայքարի ավանդույթներով եւ սպառնում էին վերածվել ապստամբական օջախների:
Նման կենտրոններից մեկը Կարինն էր: Դեռ թարմ էին հիշողությունները «Պաշտպան հայրենյաց» կազմակերպության մասին: Թուրքերը չէին մոռացել նաեւ 1877-1878 թվականներին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կարինցիների կողմից ռուսական բանակին ցույց տված փառահեղ ընդունելությունը: 1890 թվականի հունիսին, հայկական ապստամբություն պատրաստելու կեղծ ահազանգի հիման վրա, Բ. Դռնից ստացված հրամանով Կարինի իշխանությունները խուզարկեցին Սանասարյան վարժարանը, առաջնորդարանը եւ Ս. Աստվածածին եկեղեցին: Խուզարկությունն արդյունք չունեցավ:
Հունիսի 18-ին եկեղեցի եկած բազմությունը` «Պաշտպան հայրենյացի» ղեկավարներ Խ. Կերեքցյանի, Գ. Չիլինկիրյանի եւ Հ. Իշղալացյանի գլխավորությամբ դիմադրեց ոստիկաններին: Շուրջ 20 հայեր սպանվեցին ու վիրավորվեցին: Երկու օր անց` հունիսի 20-ին, իշխանությունների հրահանգով ջարդեր կազմակերպվեցին քաղաքի հայկական թաղամասերում: Կարինի դեպքերը, որպես ազատության համար բողոքի պոռթկում, մեծ արձագանք գտան ինչպես արեւմտահայության, այնպես էլ արեւելահայության շրջաններում:
Ցանկանալով բարձրացնել գավառահայության կորովը եւ կրկին Հայկական հարցի վրա բեւեռել մեծ տերությունների ուշադրությունը` հնչակյանները 1890 թվականի հուլիսի 15-ին խաղաղ ցույց կազմակերպեցին Կ. Պոլսում, որն ստացավ Գում Գափուի ցույց անունը՝ այն թաղամասի անունով, որտեղ գտնվում էին հայոց մայր եկեղեցին եւ առաջնորդարանը: Ընդհատելով եկեղեցում ընթացող ժամասացությունը` քաղաքական գործիչները ժողովրդին ազատության համար պայքարի կոչ արեցին: Ցուցարարները ներխուժեցին պատրիարքարան, պատից պոկեցին ու պատառոտեցին Աբդուլ Համիդ II-ի նկարն ու թուրքական պետական զինանշանը: Նրանք Խորեն Աշըգյան պատրիարքին հարկադրեցին իրենց հետ գնալ պալատ` սուլթանին հանձնելու բողոքագիրը: Թուրքական իրականության պայմաններում դա բացահայտ ըմբոստություն էր եւ մարտահրավեր իշխանություններին: Ոստիկանությունը կրակ բացեց ցուցարարների վրա: Եղան զոհեր, կատարվեցին զանգվածային ձերբակալություններ: Գում Գափուի ցույցը հնչակների կազմակերպած առաջին զանգվածային ելույթն էր: Չնայած այն զինված բնույթ չուներ, բայց թուրքական կառավարության կողմից ներկայացվեց որպես ապստամբություն:
Հայ ազատամարտի այս փուլին բնորոշ քաղաքական ռոմանտիզմի դրսեւորումներից էր նաեւ Կուկունյանի արշավանքը: Սանկտ Պետերբուրգի բարձրագույն ուսումնական հաստատությունների մի խումբ ուսանողներ` Սարգիս Կուկունյանի գլխավորությամբ, որոշեցին անցնել Արեւմտյան Հայաստան եւ զինյալ պայքարի դրոշ պարզել թուրքական բռնապետության դեմ…
– Որքան հիշում եմ, Դուք ձեր մի ուսումնասիրության մեջ գրել էիք հետագա զարգացումների մասին, մասնավորապես, երբ 1895 թվականի մայիսի 11-ին Կ. Պոլսի անգլիական, ռուսական եւ ֆրանսիական դեսպանները հայկական վեց նահանգներում (Կարին, Բիթլիս, Վան, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա) բարենորոգումներ անցկացնելու ծրագիր ներկայացրին Բարձր Դռանը: Ի՞նչ էր դա, իրավական փաստաթո՞ւղթ:
– 13 գլուխներից եւ 40 հոդվածներից բաղկացած բարենորոգումների այդ ծրագիրը նախատեսում էր որոշ չափով բարեփոխել նշված նահանգների կառավարումը, բարելավել դատական գործը, կարգավորել հարկային համակարգը եւ այլն: Ծրագիրը, սակայն, խիստ սահմանափակ էր եւ չէր կարող բավարարել ավելի արմատական դիրքերի վրա կանգնած հայությանը: Դրանով հանդերձ, այն Բեռլինի վեհաժողովից հետո մեծ տերությունների կողմից 61-րդ խիստ անորոշ հոդվածի բովանդակությունն առարկայացնելու առաջին փորձն էր եւ իրագործվելու դեպքում, անշուշտ, որոշ օրինականություն կմտցներ Արեւմտյան Հայաստանում ու կչափավորեր կամայականությունները:
Բայց սուլթանը մտադիր չէր իրականացնել անգամ նման չափավոր մի ծրագիր: Առերեւույթ շնորհակալությամբ ընդունելով ներկայացված նախագիծը` սուլթան Աբդուլ Համիդը զանազան պատրվակներով ամիսներ շարունակ ձգձգում էր բարենորոգումներն իրականացնելուն ուղղված գործնական քայլերի կատարումը: Ձեւականորեն չհրաժարվելով իրականացնել բարենորոգումները եւ անգամ այդ ուղղությամբ կատարվող քայլերի պատրանք ստեղծելով` սուլթանը համառորեն պահանջում էր հայ ազատագրական շարժումների անհապաղ դադարեցում, հայտարարելով, որ միայն խաղաղ պայմաններում է հնարավոր իրականացնել բարենորոգումներ: Դա նշանակում էր գործնականում հրաժարվել բարենորոգումներ իրականացնելուց: Վերջին փաստարկը հետագայում էլ բազմիցս օգտագործվում է սուլթանի կողմից` իր արյունալի քաղաքականությունն արդարացնելու համար: Այդ հարցում նրան օգնության էր գալիս Հայկական հարցի շուրջ այդ ամիսներին ծավալված դիվանագիտական կատաղի պայքարը մի կողմից` Անգլիայի, որի ազդեցությունը գնալով ուժեղանում էր հայկական շրջանների վրա, մյուս կողմից` ռուս-ֆրանսիական ալյանսի միջեւ, որը փորձում էր զսպել Անգլիայի ակտիվությունը եւ իր հովանավորության տակ վերցնել Թուրքիան:
Այսպիսով, Հայկական հարցը հայտնվում է յուրատեսակ կախարդական շրջանակում:
– Բայց պատմությունը մեզ այլ բան է ասում, զեյթունցիների ապստամբությունից հետո ստեղծված իրավիճակն այլ էր…
– Այո, Զեյթունի հայտնի ապստամբությունից հետո 1896 թվականի հունվարի 22-30-ը եվրոպական տերությունների հյուպատոսների միջնորդությամբ թուրքական բանակատեղում տեղի ունեցան հաշտության բանակցություններ: Թուրքական կողմը պահանջեց վերադարձնել խլված զենքերը եւ ռազմական ատյանին հանձնել ապստամբության կազմակերպիչներին: Այս ամենի դիմաց զեյթունցիներին ներում էին խոստանում: Թուրքական պայմանները զեյթունցիները վճռականորեն մերժեցին` հայտարարելով, որ ներում ստանալու համար չեն ապստամբել եւ որ իրենց համար գերադասելի է մեռնել կռվելով, զենքը ձեռքներին: Որպես հաղթողներ, նրանք առաջադրեցին իրենց պայմանները: Սուլթանն, ի վերջո, ստիպված էր տեղի տալ` հիմնականում ընդունելով զեյթունցիների պայմանները:
1896 թվականի հունվարի 30-ին Բ. Դռան եւ Զեյթունի ապստամբների միջեւ, մեծ տերությունների միջնորդությամբ, ստորագրվեց հինգ կետից բաղկացած հետեւյալ համաձայնագիրը.
1. Զեյթունցիները եւ գավառի մահմեդականները հանձնում են պատերազմական զենքերը, սակայն պահելով որսորդական զենքերը եւ հին տիպի հրացաններն ու ատրճանակները:
2. Հայտարարվում էր համընդհանուր ներում, իսկ դրսեկ հնչակյան գործիչները պետության ծախսերով պետք է հեռանային կայսրության տարածքից:
3. Բավարարվում էր «միրի» հարկի կրճատման եւ նախկին տուրքերը չեղյալ հայտարարելու համաձայնագիրը:
4. Զեյթունում նշանակվելու էր քրիստոնյա կառավարիչ (գայմագամ):
Չէր ընդունվում Զեյթունում թուրքական կայազորի վերացման առաջարկը:
– Պարոն Նախշքարյան, մենք սեպտեմբերյան պատերազմի ժամանակ զարմացել էինք, երբ թշնամին մեծաքանակ զորք էր հանել մեր դեմ: Խոսք էր գնում երեք հազար վարձկանների մասին նաեւ: Սասունի դեմ արշավանքի ժամանակ 1904թ. թուրքական 10 հազարանոց բանակ է կռվել:
– Այո, թուրքական 10 հազարանոց բանակ, որն այդ ժամանակ գլխավորել էր ռուս-թուրքական նախորդ պատերազմում հռչակված Քեոսե Բինբաշին: Բացի կանոնավոր զորքերից, Սասունի դեմ դուրս էին բերվել նաեւ մի քանի հազար զինված քրդեր: Նրանց դիմագրավել էին միայն 200 փորձված հայդուկներ եւ շուրջ 800 զինված սասունցիներ: 1904 թվականի ապրիլի սկզբներին թշնամին վճռական գրոհի անցավ: Իրենց համար հենակետեր ընտրելով Տափըք, Գելիեգուզան, Շենիկ, Իշխնձոր եւ Տալվորիկ գյուղերը` սասունցիները համառ դիմադրություն ցույց տվեցին: Ապրիլի 11-ին հատկապես կատաղի կռիվներ տեղի ունեցան Շենիկի ճակատում, որտեղ թուրքական հեծելազորը, հանդիպելով հայերի համառ դիմադրությանը, ստիպված էր նահանջել: Առաջին անհաջողություններից հետո թուրքական հրամանատարությունը ապստամբության ղեկավարներին առաջարկեց զենքը վայր դնել:
Որպես պատասխան՝ Անդրանիկն ու Հրայրը հայտարարեցին, որ զենքը վայր կդրվի 1895 թվականի «Մայիսյան բարենորոգումների ծրագրի» իրականացման դեպքում:
շարունակելի
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.04.2021