Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանն ու Սարգսյանն էլ ցանկություն ունեին Թուրքիայի հետ համերաշխ ապրել

Ապրիլ 09,2021 12:00

Էրդողանի նամակը Քոչարյանին, Սերժ Սարգսյանի «Ֆուտբոլային դիվանագիտությունն» ու Ցյուրիխյան չվավերացված արձանագրությունները

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեման կրկին թեժ քննարկումների փուլում է: Քաղաքական ուժերը 2020թ. ղարաբաղյան պատերազմից հետո, երբ ակնհայտ դարձավ թուրք-ադրբեջանական տանդեմի միասնական ու ավելի ցցուն թշնամանքը Հայաստանի եւ Արցախի հանդեպ, այսօր Թուրքիային ավելի մեծ սպառնալիք են համարում: Հանուն արդարության պետք է նշել, որ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Թուրքիան եւ արդեն 2020թ. աշնան պատերազմից հետո Թուրքիան դրանք տարբեր Թուրքիաներ են, եւ այս համատեքստում փորձագետների, քաղաքական գործիչների մտահոգություններն ու անհանգստությունները միանգամայն արդարացված են, երբ նրանք մատնանշում են Թուրքիայի իշխանությունների այսօրվա ագրեսիվ կեցվածքը՝ ուշադրություն հրավիրելով ծավալապաշտական մտադրություններ ունեցող Էրդողանի քաղաքականությանը:

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հիշեցրեց, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից՝ դեռեւս 1993-ին, հավելելով. «Հայաստանը մշտապես հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու դիրքերից, սակայն դրանից հրաժարվում էր հենց Թուրքիան: Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ ստացավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիայի ընթացքում։ Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին տրամադրեց անմիջական ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական աջակցություն՝ հակամարտության գոտի տեղափոխելով նաեւ օտարերկրյա ահաբեկիչ-զինյալների։ Այս համատեքստում, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու եւ տնտեսական պատկերը վերականգնելու համար Թուրքիան պետք է փոխի նման ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»:

Հիմք ընդունելով Էրդողանի իշխանության, մեղմ ասած՝ հավակնոտ գործունեությունը տարբեր տարածաշրջաններում, կարելի է միանշանակ արձանագրել, որ այսօրվա իր «ագրեսիվ քաղաքականությունը» փոխելու մտադրություն Անկարան չունի, եւ հազիվ թե Հայաստանն այս առումով՝ բացառություն դառնա:

Այնուամենայնիվ, հայաստանյան իրականությունում շատերն արդեն իսկ նախընտրական թոհուբոհի մեջ, կարծես, մոռացել են, որ Հայաստանի նախկին իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու քայլեր, այն էլ՝ բավական տպավորիչ, իրականացրել են, եւ Թուրքիան է եղել հարաբերությունների կարգավորման գործընթացը արգելափակող կողմը, այլ ոչ թե՝ Հայաստանը:

Ամեն ինչ սկսվեց Քոչարյանին ուղղված Էրդողանի նամակից

1994թ. Ղարաբաղյան առաջին պատերազմում կնքված զինադադարից հետո 11 տարի անց՝ 2005թ. ապրիլի 10-ին, այսպես ասած՝ առաջին քայլն արեց Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանն՝ առաջարկելով ստեղծել երկու երկրների պատմաբաններից եւ այլ փորձագետներից բաղկացած խումբ, որը կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկրների արխիվները, եւ ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացնի միջազգային հանրությանը: Էրդողանը համոզմունք էր հայտնել, թե «նախաձեռնությունը լույս կսփռի մեր պատմության վիճելի հատվածի վրա եւ կդառնա երկու երկրների հարաբերությունները կարգավորող քայլ»:

2005թ. ապրիլի 25-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց Էրդողանի նշյալ նամակին. «Իսկապես, որպես հարեւաններ մենք պետք է փորձենք ուղիներ որոնել այժմ եւ ապագայում համերաշխ ապրելու համար: Այդ իսկ պատճառով հենց սկզբից Երեւանն առաջարկել է հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանները եւ երկխոսություն սկսել երկու երկրների ու ժողովուրդների միջեւ: Աշխարհում, մասնավորապես եվրոպական մայրցամաքում կան հարեւան երկրներ, որոնք ունեցել են դժվարին անցյալ, ինչի վերաբերյալ տարակարծիք են, սակայն դա նրանց չի խանգարում ունենալ բաց սահմաններ, նորմալ հարաբերություններ, դիվանագիտական կապեր, ներկայացուցիչներ միմյանց մայրաքաղաքներում ու այդ բոլորով հանդերձ զուգահեռաբար քննարկել վիճելի հարցերը: Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն չի անդրադառնում ներկային ու ապագային: Արդյունավետ երկխոսության մեջ ներգրավվելու համար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր ու համապատասխան քաղաքական միջավայր»,- նշված էր Ռոբերտ Քոչարյանի նամակում:

«Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, եւ մենք իրավասու չենք այն պատվիրակել պատմաբաններին, ուստի մենք կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել նորմալ հարաբերություններ: Ահա այս համատեքստում կարող է գումարվել միջկառավարական հանձնաժողով՝ քննարկելու երկու երկրների միջեւ առկա ցանկացած խնդիր, կամ բոլոր կարեւոր խնդիրները՝ նպատակ ունենալով լուծել դրանք ու հասնել փոխըմբռնման»,- հավելել էր Քոչարյանը:

2005թ. պաշտոնական Երեւանի պատասխանից հստակ էր, որ Հայաստանը մտադիր չէ Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների ուսումնասիրությանը թողնել: Սակայն Քոչարյանը նամակի վերջում այս հատվածը՝ «…կարող է գումարվել միջկառավարական հանձնաժողով՝ քննարկելու երկու երկրների միջեւ առկա ցանկացած եւ բոլոր խնդիրները՝ նպատակ ունենալով լուծել դրանք եւ հասնել փոխըմբռնման», հիշեցնենք, որ բավական քննադատության արժանացավ: Ստացվում էր, որ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը հետեւյալն է՝ պատմության ուսումնասիրմամբ պետք է զբաղվեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները, սակայն մյուս կողմից Քոչարյանն Էրդողանին ասել էր, որ միջկառավարական հանձնաժողովը կարող է քննարկել երկու երկրների միջեւ առկա ցանկացած խնդիր:

Սերժ Սարգսյանի «Ֆուտբոլային դիվանագիտությունը»

2008թ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնելով նախագահի պաշտոնը՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ արեց ավելի նշանակալի քայլեր: 2008թ. սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ժամանեց Երեւան` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու:

Մինչ ֆուտբոլային խաղը, տեղի էր ունեցել երկու երկրների նախագահների հանդիպումը: Սերժ Սարգսյանը շեշտել էր, որ հարեւան պետությունների միջեւ ուղղակի շփումները հարաբերությունների կարգավորման միակ արդյունավետ ձեւն են:

Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները խոսել էին երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին, մտքեր փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ: Նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման լայն հնարավորություններ են բացվում, նրանք շեշտել էին երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքը` պատասխանատվություն ստանձնելու եւ ձեռնամուխ լինելու առկա խնդիրների կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ վստահության մթնոլորտի ստեղծմանը: Աբդուլլահ Գյուլի խոսքով, իրեն Հայաստան հրավիրելով, նախագահ Սարգսյանը կատարել է առաջին քայլը, հրավերն իր կողմից ընդունվել է` այն վերածելով համատեղ նախաձեռնության, որը օրինակելի կարող է լինել ողջ տարածաշրջանի համար: Սերժ Սարգսյանն ասել էր, որ երկխոսության առկայության պարագայում կարելի կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ` ամենակնճռոտ հարցերը: «Մենք պետք է ձգտենք օր առաջ լուծել առկա խնդիրները եւ դրանց ծանրությունը չթողնել հետագա սերունդների վրա»,-ընդգծել էր նա:

Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը քննարկել էին նաեւ Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը: Նշելով, որ Հայաստանը մշտապես ողջունում է երկխոսությունը եւ տարածաշրջանում վստահության ամրապնդման, անվտանգության եւ համագործակցության կողմնակից է, նախագահ Սարգսյանը թուրքական նախաձեռնությունը համարել էր՝ «տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլ»: Նրանք նաեւ արձանագրել էին, որ այս հանդիպումը լուրջ ազդակ է երկխոսության հետագա շարունակման համար եւ արտգործնախարարների համար պետք է դառնա գործողությունների ուղեցույց:

Գյուլի՝ Երեւան ժամանումից մեկ տարի անց, 2009թ. սեպտեմբերի 1-ին հայ հասարակության համար բավական անսպասելի հրապարակվեցին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները:

2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները: Հայկական կողմից արձանագրությունները ստորագրեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, թուրքական կողմից՝ նրա պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն: Արձանագրությունները ստորագրվեցին 3,5 ժամ ուշացումով, ինչը կապված էր արարողությունից հետո ԱԳ նախարարների կողմից արվելիք հայտարարություններում ձեւակերպումների հետ:

2009թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց Բուրսա` դիտելու ֆուտբոլի աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի Թուրքիա – Հայաստան խաղը: Սա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին այցն էր Թուրքիա, իսկ ընդհանրապես, անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության նախագահի մակարդակով չորրորդ այցելությունն այդ երկիր:

Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած պատվիրակությանը Բուրսայի «Ալմիրա» հյուրանոցում դիմավորեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Կայացել էր երկու երկրների ղեկավարների առանձնազրույցը, ապա` ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Երկու երկրների ղեկավարները համակարծիք են եղել, որ այս հանդիպումը եւ «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակում փոխադարձ այցելությունները վստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված կարեւոր քայլ են: Սերժ Սարգսյանը շեշտել էր, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է` առաջ շարժվելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Սակայն 2008թ. աշնանը Սերժ Սարգսյանի նախաձեռնած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման փուլը`«ֆուտբոլային դիվանագիտությունը» հաջողությամբ չպսակվեց: Պաշտոնական Անկարան արձանագրությունների վավերացումը կապեց ԼՂ խնդիրի կարգավորման հետ, դրանք կողմերից ոչ մեկը չվավերացրեց` թողնելով գործընթացը սառեցված:

Արձանագրությունների ստորագրումից հինգ տարի անց ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր` «Դժվարին ընտրություն» գրքում անդրադարձավ նաեւ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ստորագրելու գործընթացին` նկարագրելով, թե ինչ է տեղի ունեցել 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, որտեղ էլ հանդիսավոր կերպով նախաստորագրվեցին արձանագրությունները. «Թուրքիայի հայտարարած «Զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությունը պատուհան էր, որի միջոցով ԱՄՆ-ը կարող էր բանակցել՝ ջերմացնելու հայ-թուրքական հարաբերությունները՝ հույս ունենալով բացել սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ»:

2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի իշխող կոալիցիայի կազմի մեջ մտնող ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի քաղաքական խորհուրդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում առաջարկեցին առկախել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը ՀՀ ԱԺ-ում: Նույն օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը կասեցնում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, բայց պահպանում է իր ստորագրությունն այդ փաստաթղթերի տակ։

Ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում նա, մասնավորապես, ասել էր. «Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պակաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու եւ գործընթացը տապալելու համար:

Հետեւաբար` մեր եզրակացությունն ու դիրքորոշումն էլ միանշանակ է.

1. Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել եւ առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել:

2. Ողջամիտ ժամկետները, մեր կարծիքով, ավարտվել են: Ամեն գնով ապրիլի 24-ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապես անընդունելի է:

3. Մենք անընդունելի ենք համարում նաեւ Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը եւ այս պահից սկսած` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում ենք սպառված»:

Սերժ Սարգսյանի հիշեցումը՝ «Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի»

2015թ. թուրքական «Հյուրիեթ» թերթը ապրիլի 24-ի առավոտյան ընդարձակ հարցազրույց հրապարակեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որում նա պատասխանել էր հարցին, թե ՀՀ-ն տարածքային պահանջներ ունի՞ Թուրքիայից: «Հայաստանի Հանրապետությունն, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որեւէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել եւ չկա: Սա հստակ է: Մենք միջազգային հանրության լիիրավ ու պատասխանատու անդամ ենք, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն հասկանում ենք մեր դերը միջազգային հարաբերություններում, հարգում ենք միջազգային իրավունքի սկզբունքները, նույնն, իմիջիայլոց, ակնկալելով նաեւ մեր արեւմտյան հարեւանից, որը մինչ օրս ապօրինաբար փակ է պահում մեր երկրի հետ սահմանը՝ այն դարձնելով Եվրոպայի վերջին փակ սահմանը եւ անընդունելի նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար՝ չհարգելով միջնորդի դերում հանդես եկած միջազգային հանրությանն ու Ցյուրիխյան արձանագրությունների տակ դրված սեփական ստորագրությունը: Վերջում ցանկանում եմ արձանագրել. եթե նկատել եք, Հայաստանի՝ Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու կամ նման մտադրություններ ունենալու մասին հիմնականում խոսում են Թուրքիայում, ոչ թե Հայաստանում: Իսկ թե ինչու է այդպես, թողնենք յուրաքանչյուրիս հետեւությանը»,-պատասխանել էր Սերժ Սարգսյանը:

Իշխանավարման ավարտին Սերժ Սարգսյանը դադարեցրեց հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը

2018թ. մարտի 1-ին պաշտոնավարման ժամկետի ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին: Հարցը քննարկվել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստում եւ միաձայն հավանության արժանացել:

Սարգսյանը շեշտել էր, որ Թուրքիան ուղղակի կոպիտ ձեւով չվավերացրեց արձանագրությունները՝ առաջ քաշելով դրանց հետ կապ չունեցող նախապայմաններ. «Անցած ինը տարիների ընթացքում Անկարան, վերադառնալով իր անհիմն նախապայմաններին, ոչ միայն որեւէ քայլ չարեց արձանագրությունները վավերացնելու եւ ուժի մեջ մտնելու համար, այլեւ որեւէ կասկած չթողեց, որ նա չի պատրաստվում այդ գործընթացը իրականացնել»: Սերժ Սարգսյանը պարզաբանել էր. «Մենք որեւէ մեկի հետ հարաբերություններում նախապայմաններ չենք առաջադրում, եւ որեւէ մեկի նախապայմաններ առաջադրելու պրակտիկան ուղղակի մեզ մոտ չի անցնելու: Մենք փոքր պետություն ենք, չունենք ո՛չ հզոր ռազմական, ո՛չ տնտեսական ներուժ, բայց մենք անկախ պետություն ենք եւ գործելու ենք միայն ի շահ մեր պետության եւ մեր ժողովրդի»:

Հայաստանը, հայտնել էր Սարգսյանը, իր մոտեցումների մասին նամակով տեղեկացրել է արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա բոլոր կողմերին՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Շվեյցարիայի նախագահներին, Եվրոպական միության խորհրդի նախագահին, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին: Սերժ Սարգսյանի խոսքով՝ գործընթացը նախաձեռնելիս հայկական կողմը եզրակացրել էր, որ ցանկացած՝ դրական թե բացասական հանգուցալուծման դեպքում Հայաստանը կշահեր. «Կստացվի հարաբերություններ հաստատել՝ դա կբխի երկու ժողովուրդների շահերից, չի ստացվի, ապա միջազգային հանրությունը մինչեւ վերջ կհամոզվի, որ հարաբերությունների բացակայությունը պետք է փնտրել այլ տեղ, համենայնդեպս՝ ոչ Հայաստանի գործելաոճում: Եվ կարծում եմ՝ մենք դրան ամբողջովին հասել ենք: Չկա մի միջազգային կառույց, չկա շատ թե քիչ միջազգային գործընթացներին մասնակցող որեւէ պետություն, որն ունենա այլ կարծիք: Եվ այդ կարծիքը բազմաթիվ անգամ մենք լսել ենք հրապարակավ՝ թե գնդակը ում դաշտում է, թե ում պատճառով չեն վավերացվում այս արձանագրությունները»:

Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Ազգային անվտանգության խորհրդի նիստում նույն օրը համոզմունք էր հայտնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացումը բխում է երկու ժողովուրդների շահերից. «Գիտեք, իհարկե, շահը ակնհայտ է, բայց միշտ վազել այդ շահի հետեւից՝ հույս չունենալով, որ որեւէ պարագայում կարող ես հասնել, այդ ընթացքում կարող ես շատ բան կորցնել: Ուստի, մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաեւ թուրքական կողմի մոտ: Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել, իսկ մինչ այդ մենք կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչեւ հիմա էինք զարգանում՝ առանց Թուրքիայի հետ ունենալով դիվանագիտական հարաբերություններ»։

Այսպես ավարտվեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման 2008-2018-ի փուլը: Պաշտոնական Երեւանը հստակ ձեւավորեց համոզմունք միջազգային հանրության շրջանում, որ Հայաստանը մշտապես հետեւողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում, մինչդեռ Թուրքիայի իշխանությունների մոտ այդ քաղաքական կամքը բացակայում է՝ Անկարան շարունակ նախապայմաններ է առաջ քաշում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 08.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930