Ինչ հանցագործություններ են տեղի ունեցել այս տարվա հունվար-փետրվար ամիսներին
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ընդհանուր հանցագործությունները 282 դեպքով նվազել են: Նշյալ ամիսներին գրանցվել է 3 884 հանցագործություն, նախորդ տարում գրանցված 4166 դեպքի փոխարեն: Առանձնապես ծանր հանցագործությունները, սակայն, 16 դեպքով ավելացել են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:
Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ 53 դեպքով նվազել են նաեւ ծանր հանցագործությունները: Հանցագործությունների ընդհանուր քանակից 5-ը կատարվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ: Անցյալ տարի այդպիսի 11 հանցագործություն է եղել: Երկու ամիսների ընթացքում անձի դեմ ուղղված 529 հանցագործություն է եղել, 661-ն էլ՝ անցյալ տարվա հունվար-փետրվարին: Սպանությունների թիվը նախորդ տարվա երկու ամիսների համեմատությամբ 5-ով ավելացել է: 2020-ի հունվար-փետրվարին 3 սպանություն է եղել, այս տարվա երկու ամիսներին՝ 8: Իրավապահ մարմինները մարդու թրաֆիքինգի կամ շահագործման 3 դեպք են արձանագրել: Նախորդ տարի այսպիսի հանցագործությունը երկու դեպքով պակաս է եղել: Չորս դեպքով աճել է նաեւ սեռական բնույթի հանցագործությունների թիվը: Այս տարի սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված 16 հանցագործություն է եղել, որից բռնաբարություն եւ բռնաբարության փորձ՝ երկու քաղաքացու նկատմամբ, իսկ անցյալ տարի բռնաբարության եւ բռնաբարության փորձի 5 մարդ է ենթարկվել:
Կոմիտեի հրապարակած ցուցանիշներից տեղեկանում ենք, որ զգալի աճ են գրանցել հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները: Այդպիսի հանցագործություններն այս տարի 146-ով ավելի են:
Փոխարենը 34 դեպքով նվազել են հրազենի, ռազմամթերք պատրաստելու եւ դրանց ապօրինի շրջանառությունը:
Կարդացեք նաև
Հունվար-փետրվարին ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտել են 235 քաղաքացի, այսինքն՝ 21 խախտումով ավելի շատ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Մահվան ելքով վթարները նույնպես ավելի շատ են եղել քան՝ նախորդ տարի: Հունվար-փետրվարին ավտովթարներից մահացել է 37 քաղաքացի, անցյալ տարի՝ տասով պակաս: Բայց պակասել են խուլիգանական արարքները: Այս տարի խուլիգանություն են արել 39 քաղաքացիներ, որից 8-ը զենքի գործադրմամբ, անցյալ տարի՝ 48-ը, որից զենքի գործադրմամբ՝ 18-ը: Այս տարվա առաջին երկու ամիսներին թմրամիջոցներ օգտագործողները 56-ով ավելին են: Անցյալ տարի 144 մարդ է այդ ժամանակահատվածում թմրամիջոց օգտագործել եւ պատասխանատվության ենթարկվել:
2021-ին թմրամիջոց ապօրինի շրջանառել են 196 քաղաքացիներ, անցյալ տարվա հունվար-փետրվարին՝ 140: Ընդհանուր հանցագործություններից ամենաշատը սեփականության դեմ ուղղված հանցանքներն են: Այս տարի, հաշվետու ժամանակաշրջանում այդպիսի 2014 հանցագործություն է եղել: Անցյալ տարի՝ ավելի շատ՝ 2294: Ուշագրավ է, որ նախորդ տարվա երկու ամիսների համեմատությամբ, էականորեն պակասել են պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքերը: Անցյալ տարի հունվար-փետրվար ամիսներին 82 այդպիսի դեպք է գրանցվել: Այս տարի՝ 29:
Անձնական գույքի հափշտակությունների 1847 հանցագործություն է տեղի ունեցել՝ 191-ով պակաս քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Տեղեկանում ենք, որ 1847-ից ավազակության 6 դեպք է եղել, կողոպուտի՝ 27, գողության՝ 1482: Այս հանցագործություններից 5-ն առնչվում է տրանսպորտային միջոցների փախցնելուն: Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններն այս տարի 172-ն են եղել: 7-ով ավելի, քան նախորդ տարի էր: 41 դեպքով քաղաքացիները կեղծ փողեր ու արժեթղթեր են պատրաստել, պահել կամ իրացրել: 2020-ի հունվար-փետրվարին այսպիսի 86 հանցագործություն է եղել: Փողերի լվացմամբ, ըստ վիճակագրական կոմիտեի, 3 մարդ է զբաղվել: Անցյալ տարի՝ ոչ մի քաղաքացի փող չի լվացել:
Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները այս տարի 272-ն են եղել: Անցյալ տարի այդ բնույթի հանցագործությունները 71-ով ավելի են եղել:
45 անձ էլ պաշտոնեական լիազորություններն է չարաշահել, անցյալ տարի 70 պաշտոնյա է այդպես վարվել: Կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության համար 56 քաղաքացի է պատասխանատվության ենթարկվել: Անցյալ տարի ավելի քիչ՝ 20-ով պակաս են եղել այդպիսի հանցագործություն կատարող անձինք:
Թե՛ այս տարի, թե՛ անցյալ տարի իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 8 հանցագործություն է տեղի ունեցել: 163 հանցագործություն էլ պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ է ուղղված եղել: Անցյալ տարի 229 նման դեպք է արձանագրվել:
Հանցագործությունների ընդհանուր քանակից` կոռուպցիոն բնույթի հանցագործությունները 132-ն են, նախորդ տարի նույն ժամանակահատվածում 212 կոռուպցիոն հանցագործություն է տեղի ունեցել:
Հանցագործությունների թվով առաջատարը մայրաքաղաքն է՝ 2 209 դեպքով, ապա՝ Արարատի մարզը, որտեղ այս տարի տեղի է ունեցել 258 հանցագործություն: Երրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 278 դեպքով, հետո՝ Լոռին, որտեղ այս տարվա առաջին երկու ամիսներին արձանագրվել է հանցագործության 249 դեպք: Վայոց ձորը ամենաքիչ դեպքերով աչքի ընկնող մարզն է, որտեղ, այս երկու ամիսներին, տեղի է ունեցել 40 հանցագործություն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.04.2021