Լրահոս
Օրվա լրահոսը

14-ամյա աղջնակի «Սուպեր Նռանե» վիպակը` նվաճումների ճանապարհին

Ապրիլ 09,2021 12:30

Ժասմին Հայրապետյանի «Սուպեր Նռանե» գրքի առաջին մասը տպագրվել է 2019 թվականի գարնան վերջին, 2-րդ մասը` 2020 թվականի ամռանը, 3-րդը` 2021 թվականի մարտին։ Գրքերի երկու մասերն էլ վաճառվել են ռեկորդային քանակով` ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, այժմ նաեւ գրքի երրորդ մասն է վաճառվում։

Ի՞նչն է մղում 14-ամյա աղջկան գրել ու գրել շարունակ։ Ասում է` այդ հարցի շուրջ առաջին անգամ մտածեց, երբ մի օր ընդհանրապես տրամադրություն չուներ ոչինչ անելու, ոչ էլ, այպես ասած, մոտիվացիա՝ ոչինչ գրելու, բայց, միեւնույն է, մի բան իրեն կարծես ստիպեց նստել ու գրել:

«Մոտիվացիաս իմ ընթերցողների հետադարձ կապն է: Կարդալով նրանց նամակները, հարցերը, զգալով նրանց ոգեւորությունը, նրանց սերը իմ հերոսների պատմության հանդեպ, ուղղակի անհնար է չնստել ու չգրել, քանի որ հասկանում ես, թե որքան մարդ է, իսկապես, սպասում գրքի շարունակությանը, թե որքան մարդ է ուզում ստանալ շատ հարցերի պատասխաններ, թե որքան մարդ է մեծանում իմ հերոսների հետ, թե որքան մարդ կարող է իր համար ինչ-որ կարեւոր բան քաղել իմ հերոսների կյանքից»,-ասում է զրուցակիցս։

Հայաստանի տասնյակ դպրոցներում, գրադարաններում այս գրքի շուրջ քննարկումներ են կազմակերպվել ու հանդիպում հեղինակի հետ, իսկ գրքի արեւմտահայերեն տարբերակի շնորհանդեսը տեղի է ունեցել Գիտությունների ազգային ակադեմիայում։ Գրքի համար Ժասմինն արժանացել է «Նոր ոսկեդար» մրցանակի։ Իսկ այս օրերին գրքի երկու մասերն էլ թարգմանվում են ռուսերեն:

Իսկ ո՞վ է նրա սուպեր հերոսուհին։ Հեղինակն է ներկայացնում. «Նա հայ աղջկա, հայ կնոջ իմ հավաքական կերպարն է, ով հայրենասեր է, խիզախ, ինքնավստահ, նպատակասլաց, քնքուշ, սիրող, ներող, զարգացած եւ նա տղամարդու հետ թիկունք թիկունքի փրկում է մեր չքնաղ երկիրը չարից եւ մութ ուժերից։ Նռանեն գեղեցիկ անուն է, նաեւ Տիգրան Մեծի քրոջ անունը, իսկ Տիգրան Մեծի օրոք մենք ունեինք ծովից ծով Հայաստան»։

Ժասմինը շարունակում է ստեղծագործել։ Վստահեցնում է, որ կգրի նաեւ գրքի 4-րդ մասը, հետո` արդեն չգիտի: Ժասմինի մանկությունն անցել է փոքրիկ Հադրութ քաղաքում:

«Որքան երջանիկ հիշողություններ ունեմ՝ կապված են Հադրութի եւ մեր գեղեցիկ տան հետ: Իսկապես, շատ կուզենայի, որ յուրաքանչյուր երեխա ունենար այն հիշողությունները, ապրեր այն պահերը, որոնք ես եմ ապրել այդ տարիների ընթացքում: Հենց իմ Հադրութի շնորհիվ եմ հասկացել, թե ինձ համար երջանկությունը ինչում է կայանում: Երբ իմացա այդ պայմանագրի մասին, այնպիսի տպավորություն էր, որ ինձանից, բառիս բուն իմաստով, խլեին իմ մանկությունը եւ մինչեւ հիմա ես ապրում եմ այդ զգացողությամբ…»,-այսպես եզրափակեց Ժասմինը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930