Ռազմագերիների հարցը լուծված է, այդ թեման փակված է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այդ ամսաթվից (նոյեմբերի 10-խմբ.) հետո ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցել ավելի քան 70 ռազմագերի, իսկ Հայաստանը վերադարձրել է 12 ռազմագերի: Այս պահին Հայաստանի բարձրացրած հարցն առաջ է եկել նոյեմբերի 10-ից մոտ մեկ ամիս հետո»,- ասել է Բայրամովը՝ հավելելով, որ հայտարարությունից հետո հայկական կողմի «սադրանքի» հետևանքով զոհվել է Ադրբեջանի 4 զինծառայող, իսկ մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իրականացրած գործողության հետևանքով «հայ զինվորականների այդ խումբը չեզոքացվել է, իսկ 62 մարդ ձերբակալվել է»:
«Քննությունը պարզել է, որ այդ մարդիկ տեղակայվել են Ադրբեջանի տարածքում նոյեմբերի 26-ին: Նրանք գրեթե բոլորը Հայաստանի Շիրակի մարզից են: Նրանք հանցագործություն են կատարել»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Բայրամովը նշել է, որ ըստ նոյեմբերի 10-ի հայտարարության՝ հայ զինծառայողները պետք է «լքեին Ադրբեջանի տարածքը», «բայց մենք նախկինի պես տեսնում ենք, որ Հայաստանը փորձում է զորքեր տեղակայել ադրբեջանական տարածքներում»: «Ադրբեջանական կողմը այդ կապակցությամբ տեղեկացրել է համապատասխան միջազգային կազմակերպություններին»,- ասել է Բայրամովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ