Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի օրը մի բան ասել՝ անլրջության եւ անիշխանության ինդիկատոր է, դրսում նայում են, ասում են՝ էս ովքե՞ր են, արա, էս ինչե՞ր են խոսում». Մարուքյան

Ապրիլ 08,2021 22:45

Իշխանական պատգամավորները վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումը շատ արդյունավետ են որակում: Այդ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի «որոշ ասպեկտներ»: Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անխնա քննադատում էր Սերժ Սարգսյանին՝ հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու համաձայնագիրը կնքելու համար, դա նվաստացուցիչ եւ վասալային պայմանագիր էր համարում, հիմա ինքն է դիմում Պուտինին՝ այդ համաձայնագիրը գործի դնելու համար:

Այս առնչությամբ այսօր մեզ հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ պատերազմի ժամանակ, երբ պաշտոնական դիմում է եղել ՌԴ-ին՝ մեզ աջակցելու,  ինքը առաջարկել էր դիմել հենց միացյալ զորախմբի պայմանագրի հիման վրա, մինչդեռ Փաշինյանը դիմել էր 92-ի պայմանագրի հիման վրա. «Հիմա միգուցե հասկացել են, որ այդ մեխանիզմը կարելի է արդիականացնել եւ գործարկել: Ընդհանրապես խոսել այս Հայաստանի մասին այն Հայաստանի իրողություններով՝ սխալ է: Սա ուրիշ Հայաստան է: Այն ժամանակ 42 հազար քմ տարածք ունեցող Հայաստան էր՝ Արցախի հետ միասին: Հիմա նոր իրողությունները պետք է հաշվի առնել»:

Ինչ վերաբերում է Պուտինի հետ հանդիպման արդյունավետությանը՝ Մարուքյանն ասաց, որ արդյունավետություն ինքը չի տեսնում, որովհետեւ ռազմագերիների վերադարձի հարցում գոնե համաձայնություն չկա:

Հարցին՝ հիմա պիտի արձանագրենք, որ Հայաստանը ՌԴ-ի կցո՞րդ է դառնում՝ Մարուքյանը պատասխանեց, որ ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, եղել է, կա եւ շարունակելու է լինել. «Որքանով է արդյունավետ այդ գործընկերությունը՝ քննարկման առարկա է»:

Խոսելով իշխանության որոշ ներկայացուցիչների հայտարարությունների մասին, թե պետք է Թուրքիայի նկատմամբ մոտեցումը վերանայել, «չթշնամանքի» մասին մտածել՝ Մարուքյանն ասաց. «Հատկապես ապրիլի 24-ից առաջ ընդհանրապես չեմ ողջունում նման ռեւերանսներ անելը»: Հարցին՝ դուք բացառո՞ւմ եք որոշ իշխանականների՝ թուրք-ադրբեջանական ծրագրի մաս կազմելու թեզը՝ Մարուքյանը պատասխանեց. «Ես քաղաքականության մեջ ոչ մի բան չեմ բացառում: Բայց ես նաեւ որպես փաստաբան փաստերով եմ առաջնորդվում…Այդ ռեւերանսներով շատ-շատ կարող է ինչ-որ երկրի պառլամենտում ընդունվող բանաձեւը մերոնք կանխեն: Ասենք, սփյուռքահայ կառույցները լոբբինգ են անում, որ բանաձեւ ընդունվի ապրիլի 24-ից առաջ, մեկ էլ նայում են՝ Հայաստանի այս-այս պաշտոնյաները այստեղ ռեւերանսներ են անում թուրքերին, հետեւաբար ինչո՞ւ պետք է այդ բանաձեւն այդ երկիրն ընդունի ու թշնամանա Թուրքիայի հետ: Եթե մերոնց թվում է՝ անվտանգության խորհրդի քարտուղարի, ԱԺ փոխխոսնակի մակարդակով ռեւերանսներ կանեն ու դա աշխատելու է՝ սխալվելու են: Ամեն մեկը մի բան է ասում: Մեկ էլ Փաշինյանն ասում է՝ դե իրենք թշնամական են տրամադրված, մի հատ հավաքվեք ժողով արեք, իրար հետ որոշեք ինչ եք խոսում, նոր խոսացեք: Մեկը դատապարտում է, մեկը սրում է: Ներքաղաքական պրոցեսներում միգուցե դա աշխատել է, բայց արտաքին քաղաքականության միջավայրում չի կարելի օրը մի բան ասել՝ անլրջության եւ անիշխանության ինդիկատոր է, նայում են, ասում են՝ էս ովքե՞ր են, արա, էս ինչե՞ր են խոսում: Լավն այն է, որ ընտրություններ են սպասվում ու կարող ենք փոխել, կաբինետներից այդ մարդկանց դուրս հանել»:

Մանրամասները շուտով՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930