Կորոնավիրուսի բավական մտահոգիչ պատկեր է Շիրակի մարզում․ Գյումրու երկու հիվանդանոցներում էլ՝ Գյումրի բժշկական կենտրոնում և ինֆեկցիոն հիվանդանոցում ոչ մի ազատ մահճակալ չկա։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հիվանդանոցի կորոնավիրուս բուժող բաժանմունքը 100 տոկոսով ծանրաբեռնված է․ ազատ մահճակալ չունեն և չեն էլ ունենա, որևէ հիվանդի դուրս գրելուն պես, նոր հիվանդի են ընդունում։
Կորոնավիրուսով վարակվածների թիվն էլ վայրկյան առ վայրկյան փոխվում է։ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լեյլի Ասլանյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ 140 հոգի ստացիոնար բուժվող հիվանդներ կան Գյումրիում։ Գյումրի բժշկական կենտրոնում բուժվում են 53 հոգի, ինֆեկցիոն հիվանդանոցում՝ 87։ Բուժվում են ոչ միայն Շիրակի մարզի բնակիչներ, նաև տարբեր մարզերից։
Ամբուլատոր բուժվողների թիվը ևս բավականաչափ շատ է՝ 429 հիվանդ են, Գյումրու բժշկական կենտրոնի տրիաժ բաժանմունքում էլ կան 10 հիվանդներ։
Կարդացեք նաև
Այսօր Շիրակի մարզից 124 անձինք են նմուշառվել, որոնցից 48-ը մոտի պատասխանը եղել է դրական։
Լեյլի Ասլանյանը նաև ասաց, որ վերջին եռամսյակի՝ հունվար, փետրվար, մարտ ամիսներին մահվան դեպքերը 32 են Շիրակի մարզում։
Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանից էլ հետաքրքրվեցինք՝ կա՞ն դպրոցներ, որոնք համավարակի տարածման պատճառով փակել են դռներն՝ անցնելով հեռավար ուսուցման։
Հրայր Կարապետյանը երկու դպրոց մատնանշեց՝ Վահրամաբերդ և Ծաղկուտ գյուղական համայնքներինը։ Վարակը եղել է ուսուցիչներից ոմանց մոտ։
«Փոքր անձնակազմով դպրոցներ են, առողջապահության նախարարության որոշմամբ, եթե հիվանդացողների թիվն անցնում է 10 տոկոսից, անցնում են հեռավար կրթության»,- ասաց Հրայր Կարապետյանը
Նա ասաց, որ Գյումրիում այս պահին չկան դպրոցներ, որոնք ամբողջովին անցել են հեռավար ուսուցման, որոշ դպրոցներում կան առանձին դասարաններ, որոնք անցել են հեռավարի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ