«Անդրանիկ Քոչարյանը քաղաքական փաստաթուղթ է պատրաստել՝ չենք ստորագրել, թող պատրաստեին մասնագիտական փաստաթուղթ՝ ստորագրեինք: Ինքը քաղաքական փաստաթուղթ է, հիմա թող փաստաթուղթը հրապարակեն, կտեսնեք, թե ինչու չենք ստորագրել»,- այսօր մեզ հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսպես արձագանքեց Անդրանիկ Քոչարյանի քննադատությանը, որ ԲՀԿ-ն ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերջնական զեկույցի հաստատման տակ ստորագրել է, իսկ «Լուսավոր Հայաստանը» չի ստորագրել:
Մարուքյանն ասաց, որ իրենք այդ առումով որեւէ պայմանավորվածություն որեւէ մեկի հետ չեն ունեցել. «Մենք ունենք հրապարակային խոստում, որ կողմ ենք հանձնաժողովը ստեղծվի եւ ապրիլյան պատերազմի միֆերը, եթե միֆ է եղել, քանդվի, մարդիկ իմանան ինչ է եղել: Եթե միֆ չի, իրականություն է՝ դատենք այդ մարդկանց: Հիմա ոչ միֆերի քանդման մասին կա խոսակցություն…Հիմա բահերո՞վ են կռվել մեր զինվորները, թե՞ բահերով չեն կռվել, եղե՞լ է դավաճանություն այդ ժամանակ, թե՞ չի եղել: Իրենք ասում են՝ ստատուս քվո է փոխվել, հիմա փոխվե՞լ է, թե՞ չի փոխվել: Հրապարակե՛ք այդ զեկույցը, ինչո՞ւ եք տակներդ դրել նստել, ասում եք՝ «Լուսավորը» չի ստորագրել: «Լուսավորը» գիտի ինչի չի ստորագրել, դե թող հրապարակի: Հարցազրույց էին տալիս, ասում էին՝ ԳՇ պետը դերակատար է, հիմա այդ նույն մարդուն հետ են բերել, կարո՞ղ է ուզում եք edit անեք այդ զեկույցը, փրկեք ձեր ԳՇ պետին, Լուսավոր Հայաստանի հետ շատ վտանգավոր է նման խաղեր խաղալ, հետեւանքներ է ունենում: Հետեւաբար թող խելոք հրապարակեն այդ զեկույցը, տեսնեմ ոնց եք հրապարակում»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, դուք ծանոթացե՞լ եք փաստաթղթին, բովանդակությունը գիտեք եւ դրա համար չե՞ք ստորագրել՝ Մարուքյանը պատասխանեց. «Մեր հանձնաժողովի անդամները ծանոթ են, ես չեմ ծանոթացել: Պարոն Գորգիսյանը կարդացել է: Այն, ինչ ինձ զեկուցել են, ես ասել եմ՝ չեք ստորագրելու ու չեն ստորագրել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ