Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրասուխան» ընդդեմ «Բայրաքթարի՞». հնարավո՞ր էր հակազդել թուրքական անօդաչուներին

Ապրիլ 08,2021 21:40

«Հայաստանն ունեցել է զենք՝ «Բայրաքթարները» չեզոքացնելու համար, բայց դուք չեք կիրառել։ Երբ վերջին օրերին «Բայրաքթարները» Շուշիի մոտ էին, օգտագործվեց «Կրասուխա», որը մի համազարկով 20 «Բայրաքթար» ուղարկեց գրողի ծոցը»,- օրերս նման հայտարարություն էր արել ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։

Ռազմական փորձագետ, վերլուծաբան Արթուր Եղիազարյանի գնահատմամբ նման հայտարարությունները, հավանաբար, քաղաքական շահարկումների համար են արվում, մանավանդ, որ, վերջին շրջանում ռազմական եւ քաղաքական գործը խառնվել են իրար: Փորձագետի համար անհավանական, նույնիսկ տարօրինակ է այն պնդումը, որ «Կրասուխայի» մեկ համազարկով 20 «Բայրաքթար» կարող է ոչնչացվել. «Աղմուկը մեծ կլիներ, հնարավոր չէր չլսել»: Ուստի, նման հայտարարություններին վերապահումներով է մոտենում:

Քաղաքական եւ ռազմական գործերի խառնվելու օրինակ, մեր զրուցակիցը բերում է նաեւ «Իսկանդերի» հայտնի պատմությունը, որից այդպես էլ պարզ չդարձավ`ի վերջո, հայկական կողմն արձակե՞լ է այդ հրթիռները, թե՞ ոչ: Անդրադառնալով Ադրբեջանի`«Իսկանդերի» կիրառման մասին պնդմանը, փորձագետը պատկերավոր նկարագրություն է անում. «Ոնց որ հրապարակի մեջտեղը խփեն, 4-5 ամիս չտեսնես, հետո տեսնես ու ասես`վա~յ: «Իսկանդերի» համար են ցույց տալիս ադրբեջանցիները, բաց էնպիսի համար է, որ դրանից Հայաստանը չունի»: Վարկածին, որ հնարավոր է ռուսական կողմն է «Իսկանդերով» Շուշիին խփել, վերլուծաբանը հակադրում է. «Այդ հրթիռներից Սիրիայում ռուսները կիրառել էին. հնարավոր է Ադրբեջանցիները բերել են`ցուցադրում են ուղղակի»:

Առհասարակ, Արթուր Եղիազարյանի կարծիքով, սա այնպիսի թեմա է, որը մինչեւ չուսումնասիրվի, խորը վերլուծություններ չլինեն`հնարավոր չի հասկանալ`ո՞վ է ճիշտ ասում, ով`ստում. «Հանձնաժողով պիտի լինի, տարօրինակ է, որ մինչեւ հիմա չկա: Ռազմավարական պլանից, մինչեւ մարտավարական առաջարկներ պիտի ուսումնասիրվի. ի՞նչ է առաջարկվել, ի՞նչ չի առաջարկվել, ի՞նչն է կիրառվել, ի՞նչը չի կիրառվել: Այն էլ այն դեպքում հնարավոր կլինի ճշմարտությունը վեր հանել, եթե հանձնաժողովը ցանկանա»:

Որ Հայաստանը միջոցներ ունեցել է «Բայրաքթարների» դեմ պայքարելու համար, մեր զրուցակիցը միանշանակ է համարում, բայց ի՞նչ է կիրառվել, ի՞նչը չի կիրառվե՞լ կամ ինչո՞ւ չի կիրառվել`դժվար է ասել: Նա հիշեցնում է, որ դեռ 2018-ին, էքսպոյի ժամանակ հայկական կողմը անօդաչու թռչող սարքերի բավական հետաքրքիր միջոցներ ցուցադրեց, ապա` խոսվեց դրանց արտադրության մասին: «Մենք չլսեցինք այդ ձայնը, Ի դեպ, չլսելը դեռ չի նշանակում`չկիրառվեց: Բայց մնացյալ հարցերի պատասխանները ուսումնասիրությունները պետք է տան»,- ասում է փորձագետը:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նույնպես դժվարացավ մեկնաբանել ռուս վերլուծաբանի հայտարարությունը. «Իմ ունեցած գիտելիքները թե՛ «Բայրաքթարի», թե՛ «Կրասուխայի» և թե՛ դրանց օգտագործման մասին հակասում են Տարասովի հայտարարությանը` մեկ «զարկով» 20 «Բայրաքթար» գրողի ծոցն ուղարկելու մասին»։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը նույնպես  տարակուսեց, նախ այն պատճառով, որ «Կրասուխան» ռադիոէլեկտրոնային պաշտպանության միջոց է եւ նրա համազարկն ուղղակի դուրս է ռազմական տրամաբանությունից: «Ես չգիտեմ`Հայաստանն ունեցե՞լ է զենք`«Բայրաքթարները չեզոքացնելու համար, թե`ոչ, սակայն, միանշանակ կարող եմ ասել, որ Ադրբեջանի կողմից «Բայրաքթարների» կիրառումը չպետք է մեր զինված ուժերի համար անակնկալ լիներ, քանի որ 2020 թվականի փետրվար-մարտ ամիսներից սկսած դրանք լայնորեն կիրառվել են Սիրիայում եւ այդ ժամանակահատվածից սկսած, մենք պետք է ամեն միջոց կիրառեինք, որպեսզի հնարավորինս շատ տեղեկություններ կարողանայինք ձեռք բերել`պաշտպանություն ձեւավորելու համար, ԱԹՍ-ների դեմ պայքարը հնարավորինս արդյունավետ դարձնեինք»: Փորձագետը վստահ է, որ հակաօդային պաշտպանության, մասնավորապես ԱԹՍ-ների դեմ պայքարում, համապատասխան գրագետ  միջոցներ կիրառելու դեպքում, մենք կարող էին բավականին հաջող պայքար մղել 44-օրյա պատերազմում եւ այսօր ունենալ միանգամայն այլ արդյունք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930